«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը կոչ է հղել Վրաստանի և Աբխազիայի ղեկավարներին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և երկխոսությունը սկսել խաղաղության հասնելու նպատակով:
Չորեքշաբթի օրը հրապարակված իր այս կոչում Ելցինը շեշտել է իր «դիրքորոշման անփոփոխելիությունը Վրաստանի միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ»: Ռուսաստանի նախագահը խոստացել է «բոլոր անհրաժեշտ քայլերին դիմել՝ զինված ջոկատները Վրաստան ներթափանցելը կանխելու համար»: Վրաստանի տարածքում հաշվվում է Կովկասի լեռնական ժողովուրդների համադաշնության մոտ 1000 զինյալ:
«Ելցինը նաև ընդգծել է զորքերի դուրսբերման, մարդու իրավունքների, ինչպես նաև աբխազ ժողովրդի, Վրաստանի մյուս ժողովուրդների օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը»,— հաղորդել է նրա մամլո քարտուղար Վյաչեսլավ Կոստիկովը: