«Հայաստանի Հանրապետություն», 23 հուլիսի, 1993թ., 145(749), ուրբաթ
Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը հինգշաբթի սկսվեց Հռոմում իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելիի նախագահությամբ:
Իտալիայի արտգործնախարարությունում անցկացվող հանդիպմանը մասնակցում են «Չեզոք իննյակի», այսինքն առանց Ադրբեջանի և Հայաստանի Մինսկի խմբի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները: Դա այն ամենադիվանագիտական համաժողովն է, որը 1993թ. հունիսի 4-ին առաջ էր քաշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևը կենսագործելու որոշակի պլան: Հունիսի 5-ին Մարիո Ռաֆայելիի հուշագրում շարադրված այդ պլանով հակամարտության շրջան ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու գրաֆիկ էր առաջարկվում:
Ինչպես հաղորդեց ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Հռոմի հանդիպման ներկա փուլում նախատեսվում է լսել Մ. Ռաֆայելիի զեկուցումը Երևան, Բաքու ու Ստեփանակերտ կատարած իր ուղևորության մասին և կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղին առնչված կացության զարգացման շուրջ: