«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)
Հինգ օր շարունակ բազմիցս գնդակոծությունների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանային կենտրոնները: Ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, ծրագրել են շրջկենտրոնների ինֆրակառուցվածքները ավերելու միջոցով հայկական բնակավայրերը, հատկապես Ադրբեջանի հետ սահմանակից գոտում, զրկել միմյանց և շրջկենտրոնների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, որը բնականաբար կանդրադառնա հայկական գյուղերի պաշտպանունակության վրա:
Այսպես, հունվարի 14-ի ցերեկը և լույս 15-ի գիշերը Ամիրանլար գյուղի կողմից «Ալազան» հրթիռներով և «Տ-12» տիպի արկերով հրետակոծվել է Մարտունի քաղաքը, որի հետևանքով ավերվել են 12 բնակելի տուն, ինչպես նաև հրկիզվել են Մյասնիկյանի անվան կոլտնտեսության գյուղխորհրդի և «Հայաստան» կոոպերատիվի շենքերը: Հրազենային վերքեր են ստացել քաղաքի չորս բնակիչներ:
Այսօր Աղդամի սահմանամերձ ադրբեջանական գյուղերից գնդակոծվել են Մարտունու Ավդուռ և Մյուրիշեն հայկական գյուղերը և Բերդաշենի անասնապահական ֆերման: Գնդակոծությունը դադարել է պատասխան կրակից հետո միայն:
Հունվարի լույս 15-ի ամբողջ գիշերը գնդակոծության է ենթարկվել նաև Շահումյան շրջկենտրոնը, իսկ այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել հայկական Ղարաչինար և ադրբեջանաբնակ Շեֆեկ գյուղերի միջև:
(Արմենպրես)
Հունվարի լույս 16-ի գիշերը փոխհրաձգություն է եղել ԼՂՀ մայրաքաղաքի Կրկժան թաղամասում: Հայկական կողմից մեկ հոգի վիրավորվել է, որը հետո հիվանդանոցում մահացել է: Փոխհրաձգություն է եղել նաև Շահումյանի շրջանում: Քանի որ վերջին օրերին Շահումյան շրջկենտրոնի հրետակոծություններն հաճախակի են դարձել, կանայք և երեխաները շրջկենտրոնից տեղափոխվել են Գյուլիստան գյուղը: