«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի վերջին իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային պահ է սկսվել։ Ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների վրա ծանրացած Ռուսաստանը կարծես թե կրկին փորձում է նախկին ԽՍՀՄ–ի աշխարհաքաղաքական տարածքը դարձնել իր կենսական շահերի տիրույթը։ Դրանով պիտի բացատրել նրա խաղաղարար առաքելության ջանքերը Օսիայի եւ Մերձդնեստրի պատերազմական օջախներում։ Թե Վրաստանն ու Մոլդովան ինչ նկատառումներով ու հաշվարկներով համաձայնվեցին ռուսական խաղաղարար ուժերի ներկայությանը, կարելի է միայն գուշակել։ Թեեւ շատ բան տեսանելի է նաեւ անզեն աչքով։ Մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը իր կենսական շահերի համար մերձավոր շրջանների նկատմամբ փորձում է վերականգնել նախկին «իրավունքները»։
Անկախ պետականությունների ստեղծումից հետո խաղաղարար ուժերի անվան տակ այդ տարածաշրջաններում ռազմական ներկայություն Ապահովելը Ռուսաստանի համար դառնում է լավագույն պատրվակ։ Եվ նրան կարծես ի վերջո, հաջողվում է իրագործել իր քաղաքական ծրագրերը։ Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել խաղաղարար ուժեր տեղակայել նաեւ Արցախի հակամարտության շրջանում։ Խնդիրը միայն այն չէ, որ ազգամիջյան բախումների հետագա խորացումը կարող է վտանգել նաեւ բազմազգ Ռուսաստանի հարաբերական անդորրը։ Թեեւ ներկա սոցիալ-տնտեսական դժվարությունների կողքին ազգամիջյան բախումների խնդրի ծագումը իրոք կարող է վերջնականապես վտանգել Ռուաստանի խաղաղ զարգացմանը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի խաղաղարար քաղաքականության ակտիվացումը ունի նաեւ այլ ծանրակշիռ դրդապատնառներ։ Ռուսաստանը կարծես թե գիտակցում է, որ հապաղելու դեպքում խաղաղարար առաքելությունը իր վրա կարող է վերցնել Արեւմուտքը կամ ՄԱԿ-ը։ Իրադարձությունների նման ընթացքը կարող է վտանգել Ռուսաստանի կենսական տարածքների անձեռնմխելիությունը։ Ակնհայտ է նաեւ, որ արտաքին մեկ այլ ուժի միջոցով ազգամիջյան բախումների շրջանում քիչ թե շատ կանխարգելիչ ամեն մի քայլ կարող է վերջնականապես արժեզրկել ռուսական զենքի ու քաղաքական հնարավորությունների խաղաթղթերը։
Բայց չմոռանանք Ռուսական արտաքին քաղաքականության երկփեղկվածությունը։ Դեռ նոր էին ավարտվել օս-վրացական խաղաղ բանակցությունները, եւ թվում էր, թե Վրաստանին վերջնականապես կհաջողվի ամբողջովին ծանրանալ ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, երբ Աբխազիայում բացվեց «երկրոդ ճակատը»։ Այնպես որ Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը միշտ էլ պետք է մոտենալ որոշ վերապահումներով։ Նույնը արդեն քանի տարի կատարվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանում։ Դեռեւս ղարաբաղյան հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա ազդելու լծակով սահմանափակված Ռուսաստանը, որպես պահեստային տարբերակներ, պահում է Նախիջեւանի եւ լեզզիների խաղաթղթերը։ Բոլոր տվյալները կան ենթադրելու, որ Այսրկովկասում Ռուսաստանը դեռեւս քաղաքական ճշգրտումների խնդիրներ ունի եւ չի հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռության քաղաքականությունից։ Ըստ հանգամանքների, հակամարտության այս կամ այն կողմին աջակցելու միջոցով Ռուսաստանը ցանկանում է պահպանել լարվածությունը եւ երկու կողմերի համար էլ ընդունելի դարձնել իր ներկայությունը։
Ահա թե ինչու, Ռուսաստանը մի կողմից փորձում է խաղաղարար միջնորդի դեր կատարել, մյուս կողմից էլ Նախիջեւանին է հանձնում այնտեղ գտնվող ռուսական բանակի զենքն ու զինամթերքը։ Այս պայմաններում բնական հարց է առաջանում. Արցախ մտնող ռուսական խաղաղարար ուժերը արդյոք չե՞ն կրկնի Գետաշենի հայաթափման քաղաքականությունը։ Եվ ի՞նչ կլինի ռուսական խաղաղարար բանակի տեղակայումից հետո, եթե մինչ այդ հայ ազատամարտիկներին չհաջողվի ազատագրել Մարտակերտի եւ Շահումյանի շրջանները։ Ժամանակը չէ՞ արդյոք, հիշեցնել Ռուսաստանին, որ տարածաշրջանի նկատմամբ նրա կենսական շահագրգռվածությունը չպետք է իրագործվի ի վնաս հայ ժողովրդի ազգային շահերի։ Չ՞է որ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է ստորագրել ԱՊՀ երկրների փոխադարձ պաշտպանության ու անվտանգության պայմանագիրը։ Հայաստանը եւ ԼՂՀ–ն կարող են ընդունել ՄԱԿ-ի հովանու ներքո ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ, եթե այն չի ծառայելու հավասարակշռության հերթական խաղերին։ Այլապես ի՞նչ զինադադարի մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվում ԼՂՀ տարածքների մի մասը։
ԷԴՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ