Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)
Սույն փաստաթղթի խնդիրն է սահմանել հիմնական բարոյաէթիկական կողմնորոշիչները, որոնցով պետք է ղեկավարվի ժուռնալիստը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, այն հաշվով, որպեսզի իր գործունեությունը չհակասի իր աշխատանքի արդյունքներից օգտվող անձանց, ինչպես նաև տեղեկությունների հավաքման և տարածման ընթացքում իր հետ շփման մեջ մտնող քաղաքացիների, կոլեկտիվների, կազմակերպությունների արդարացի շահերին:
Հոդված 1.
Ժուռնալիստի պատասխանատվությունը
Ժուռնալիստը պատասխանատու է ընթերցողի, դիտողի և ունկնդրի, ամբողջ հասարակության առաջ իր կողմից հրապարակման առաջարկվող նյութերի, եթերային հաղորդումների բովանդակության, հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ խնդիրների մասին ճշմարտացի և ժամանակին տեղեկություններ տալու համար:
Քաղաքացիների տեղեկատվության իրազեկման իրավունքի ապահովումը ժուռնալիստի առաջնահերթ պարտականությունն է: Անթույլատրելի է զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործումը ի վնաս հասարակության, անձի իրավունքների և օրինական շահերի, այն է՝ պատերազմի և բռնության, ազգային, սոցիալական և կրոնական անհանդուրժողականության, դաժանության քարոզչության, պոռնոգրաֆիայի տարածում, ինչպես նաև հասարական կարծիքը ապակողմնորոշելու և բացախոսությունը մենաշնորհ դարձնելու փորձը:
Եթե հրատարակչի կամ խմբագրության ղեկավարության ցուցումը հակասում է հասարակական բարոյականության և մասնագիտական էթիկայի պահանջներին, ժուռնալիստը կարող է հրաժարվել այն կատարելուց: Ժուռնալիստը նաև իրավունք ունի հրաժարվելու խմբագրության առաջադրանքը կատարելուց, եթե այն հակասում է սեփական բարոյական համոզմունքներին:
Հոդված 2.
Ճշմարտացիություն և անաչառություն
Ժուռնալիստը պարտավոր է տալ իրականության ճշմարտացի պատկերը ստույգ և անաչառ տեղեկատվության միջոցով: Նա շարադրում է փաստերը՝ պահպանելով դրանց իսկական իմաստը, այն հաշվով, որպեսզի հասարակությունը ստանա բավականաչափ նյութ, հնարավորություն ունենալով ստույգ պատկերացում կազմելու սոցիալական, քաղաքական պրոցեսների, դրանց ծագման, էության և նշանակության, ժամանակակից աշխարհի իրավիճակի վերաբերյալ; Փաստերն ընտրելիս, դրանք մեկնաբանելիս և գնահատելիս, մշակելիս և տեղեկատվություն տարածելիս ժուռնալիստը ելնում է հասարակության շահերից: Ժուռնալիստը չպետք է դառնա եսամոլական, մասնավոր և խմբակային շահերի տարածող: Նա կոչված է աջակցելու, որպեսզի զանգվածային լրատվության միջոցները անաչառ կերպով արտացոլեն կարծիքների բազմազանությունը: Անթույլատրելի են հասարակականորեն նշանակալից տեղեկություները թաքցնելը, փաստերի աղավաղումները և դրանց կեղծ մեկնաբանությունները:
Հոդված 3.
Բարեխղճություն
Ժուռնալիստի բարեխղճությունը ենթադրում է փաստերի մանրակրկիտ ստուգում, փաստաթղթային և այլ աղբյուրներից վերցրած ու հրապարակման համար նախատեսված տեղեկությունների ճշտիվ վերարտադրում: Այն բացառում է փաստերի նենգափոխումը, անապացույց դատողությունները, հերյուրանքը և նյութերի կեղծումները: Սխալվելու դեպքում ժուռնալիստը պարտավոր է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրա հետևանքները վերացնելու, հերքում հրապարակելու, ներողություն խնդրելու և տուժողին բարոյական վնասները փոխհատուցելու համար:
Հոդված 4.
Ազնվություն
Ազնվությունը ժուռնալիստին արգելում է օգտվելու իր մասնագիտական դիրքից բխող առավելություններից՝ հօգուտ սեփական շահերի, ինչպես նաև հօգուտ՝ իր հարազատների շահերին: Անթույլատրելի է գրավոր կամ բանավոր խոսքի օգտագործումն այլ անձանց հետապնդելու, անձնական հաշիվներ մաքրելու, խմբակային և հեղինակային պատվամոլությունը բավարարելու համար: Ժուռնալիստը պարտավոր է գաղտնի պահել կոնֆիդենցիալ լրատվության աղբյուրները, հարգել ինտելեկտուալ սեփականության իրավունքը և ուրիշ անձանց հեղինակային իրավունքը, թույլ չտալ գրագողությունը և ուրիշի փոխարեն իրեն հեղինակ հայտարարելը:
Հոդված 5.
Հարգանք անձի պատվի և արժանապատվության նկատմամբ
Ժուռնալիստը հարգում է այն մարդկաց պատիվն ու արժանապատվությունը, որոնք դառնում են իր մասնագիտական ուշադրության առարկան, խուսափում է անձնական կյանքի փաստեր հրապարակելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերը, քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Ժուռնալիստը չպետք է թույլ տա այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են խաթարել մարդու վարկը և արատավորել նրա պատիվը:
Հոդված 6.
Հարգանք համամարդկային արժեքների նկատմամբ
Ընդունելով համամարդկային արժեքների առաջնությունը բոլոր մնացածների նկատմամբ, ժուռնալիստը հանդես է գալիս հանուն մարդասիրության, խաղաղության, դեմոկրատիայի, սոցիալական առաջադիմության, ի պաշտպանություն մարդու իրավունքների:
Ժուռնալիստը հարգանքով է վերաբերվում ամեն մի ազգային մշակույթի առանձնահատկություններին, արժեքներին և արժանապատվությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգի ընտրության ազատությանը: Իր գործունեությամբ նա օգնում է վերացնելու անիրազեկությունը, թերըմբռնողությունը և լարվածությունը ժողովուրդների փոխհարաբերություններում, նպաստում է ազգամիջյան հարաբերությունների կուլտուրայի դաստիարակմանը:
Հոդված 7.
Մասնագիտական համերաշխություն
Ժուռնալիստը հոգ է տանում իր մասնագիտական հեղինակության մասին, հարգում է իր գործընկերների պատիվն ու արժանապատվությունը, թույլ չի տալիս ժուռնալիստիկայի վարկին վնասող գործողություններ: Ստեղծագործության մրցության մեջ ժուռնալիստն իրեն թույլ չի տալիս որևէ ձևով չարաշահել գործընկերների վստահությունը, խանգարել նրանց՝ կատարելու մասնագիտական պարտականությունները, հասցնելու նրանց որևէ այլ վնաս: Նա աջակցում է գործընկերների ստեղծագործական ունակությունների զարգացմանը, գիտելիքների և վարպետության բարձրացմանը, օգնության է հասնում աղետի մեջ ընկած գործընկերներին: Մասնագիտական համերաշխության նկատառումներով չի կարող արդարացվել ժուռնալիստ-գործընկերոջ կողմից թույլ տրված այն արարքը, որի պատճառով ոտնահարվում են ճշմարտությունը, արդարությունը:
Հոդված 8.
Պաշտոնական մեկնաբանում
Սույն փաստաթղթում նշված ժուռնալիստի մասնագիտական էթիկայի սկզբունքների և նորմերի պաշտոնական մեկնաբանման, ինչպես նաև նախադեպերի համակարգման և դեպքերի որակավորման իրավունքը վերապահվում է Հայաստանի ժուռնալիստների միության ժուռնալիստի մասնագիտական էթիկայի խորհրդին: