«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Քլինթոնից հետո Օզալը ցանկանում է հանդիպել Ելցինին
Տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու Թուրքիայի ձգտումը նրանից մեծ ճիգեր է պահանջում։
Նախկին Խորհրդային Միության թյուրքալեզու հանրապետություններում իր ազդեցությունը հաստատելու աշխատանքներին զուգընթաց, վերջին ժամանակներս Թուրքիան առավել զգայական վերաբերմունք է ցուցաբերում նաեւ Բալկանների նկատմամբ։
Այս տարածաշրջանում Թուրքիան ձգտում է ազդեցություն ձեռք բերել տնտեսական ուդիներով առավելության հասնելով։ Այսպես, «Միլիեթը», վերլուծելով Թուրքիայի վարելիք բալկանյան քաղաքականությունը եւ Թ. Օզալի՝ այդ երկրներ վերջերս կատարած այցը, իր առջնորդող հոդվածով անդրադառնում է այն հիմնական ծրագրին, որը քննարկվել եւ ներկայացվել է Թուրքիայի նախագահի կողմից։ «Թուրքիան բալկանյան երկրների միջեւ բաց տնտեսական հարաբերությունների հաստատում ցանկացավ,– գրում է թերթը։ – Այս շրջանակում թուրքական ճանապարհային համակարգով մինչեւ Ադրիատիկի ափերը ձգվող բալկանյան մի խճուղային ցանց կառուցելու եւ Թուրքիայի հետ տելեկոմունիկացիայի համակարգ հիմնելու որոշում կա»։ Այդ ծրագրերի իրականցումը Թուրքիան վերցնում է իր վրա։
Փաստորեն, սա թերակղզի մուտք գործելու Թուրքիայի առաջին քայլն է։ Նաեւ չպետք է մոռանալ Բուլղարիայում առկա թուրքական մեծաթիվ համայնքը, որի նկատմամբ դրսեւորած ջերմ ուշադրությամբ Օզալը Սոֆիա այցելության ժամանակ կարծես ցանկացավ եւս մեկ անգամ շեշտել այդ երկրում իր ձեռքում եղող լծակները։ Իսկ Մակեդոնիան եւ նրա ու Հունաստանի հակասությունները լավ միջոց են թուրք – հունական հարաբերություններում հյուսիսից վերջինիս վրա ազդելու։ Եվ այսպես, Բալկաններում դերակատարության համար Անկարան ունի բոլոր բարենպաստ պայմանները, թուրքական համայնքը Բուլղարիայում, Մակեդոնիա-Հունաստան անհամաձայնությունները, Կոսովոյի ապստամբ մարզը վերակազմյալ Հարավսլավիայի մեջ։
Առավել ակտիվության դրսեւորելու համար մնում է միայն երկու գերհզոր տերությունների՝ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի համաձայնությունը։ Նրանց «այո»-ի հետ է կապվում նաեւ Թուրքիայի բալկանյան քաղաքականության երկրորդ ուղղությունը՝ հարավսլավական խնդրում թուրքերի մասնակցությունը։ Այս կնճռոտ հարցում Թուրքիան պատրաստ է ակտիվ նյութական, քաղաքական եւ, ինչու չէ, նաեւ ռազմական միջամտության։
Եթե սկզբում Անկարան առավել չափավոր եւ զգույշ քայլերի էր դիմում, ապա այժմ Բոսնիայի մուսուլմաններին աջակցելու հարցում շատ խստապահանջ է դարձել։ Բազմիցս նա հայտարարել է սերբերի վրա ճնշումը հզորացնելու եւ ռազմական միջամտությամբ կնճիռը լուծելու մասին:
Բոլոր միջազգային բեմերում Թուրքիան այս հարցը քննության նյութ է դարձնում։ Վերջերս շատացան նաեւ Բոսնիա կատարվող այցելությունները։ 1992-ի դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին այնտեղ էր Թուրքիայում ազդեցիկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Բայքալը, որի այցելությունը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Ոչ կառավարական այս այցին հետեւեց պետական մի նախարարի ուղեւորությունը Բոսնիա։ Իսկ թուրքական կողմի տեսակետները ներկայացնելու եւ ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը իրականացնելու նպատակով փետրվարի 8-ին Վաշինգտոնում հանդիպում կայացավ Քլինթոնի եւ Օզալի միջեւ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց Բոսնիայի կնճռի լուծման Քլինթոնի ծրագիրը, որն այսօր արդեն գործադրվում է։
Այս հանդիպման նպատակը Բալկաններում ակտիվ քաղաքականություն իրականացնելուց առաջ Միացյալ Նահանգների հավանությունը ստանալն էր։ Պատահական չէ, որ Քլինթոնի հետ տեսակցությունից անմիջապես հետո Օզալը ուղեւորվեց բալկանյան երկրներ։ Ստանալով ԱՄՆ-ի «այո»–ն՝ նա վերջերս արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման մեջ ակտիվ դերակատարություն է ստանձնել եւ մտադիր է ծանոթանալ Ռուսաստանի տեսակետներին։
Բալկանյան ուղեւորությունից անմիջապես հետո թղթակիցների հետ հանդիպմանը Օզալը հայտարարեց. «Այժմ անհրաժեշտ է Ելցինի հետ տեսակցել»։ Այս հանդիպումը կարեւորվում է ներկա պահին, քանի որ ռուսական արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ է կատարել իր ազդեցության տարածքների պահպանման եւ այն ուրիշի չհանձնելու առումով։ Ուստի թուրքերին դժվար կլինի համոզել Մոսկվային, որ Բալկաններում իրենց գործունեության առաջ կանաչ լույս վառեն։
Քննարկումները արդեն սկսված են։ Մոսկվա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Չեթինը եւ Կոզիրեւը քննարկել են հիմնականում երկու հարց. Բոսնիայի եւ Արցախի իրադարձությունները, եւ պարտավորվել են միասնական խաղաղասիրական գործողություններ ձեռնարկել, սակայն չեն մանրամասնել այդ բանաձեւումը։
Չնայած Օզալի Մոսկվա այցելության մասին որեւէ հայտարարություն չի եղել պաշտոնապես, բայց, ամենայն հավանականությամբ արտգործնախարարի շտապ այցելության նպատակը այդ այցը կազմակերպելն է։ Չպետք է անտեսել նաեւ երկրորդ շարժառիթը. քննարկման առանցքներից մեկը Արցախի հարցն է եղել իբրեւ հետեւանք Մարտակերտի ճակատում հայկական վերջին հաղթանակների եւ այդ գործողություններում ռուսական զինուժի մասնակցության վերաբերյալ ադրբեջանական թմբկահարումների։ Թուրքիան փորձելու է ճշտել Մոսկվայի տեսակետները եւ ինչ-որ կերպ արտահայտել ադրբեջանցիների մտահոգությունները։
Գեղամ Մանուկյան