May 19, 2024

Զրույց պարոն Ֆրանկենշտայնի հետ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 6 սեպտեմբերի, 1918թ., ուրբաթ, թիվ 178

Իր ճանապարհորդության մասին պարոն Ֆրանկենշտայնը հաղորդեց հետևյալ տեղեկությունները:

Խալիլ փաշայի և հայկական կառավարության ցանկության համաձայն՝ գեն. Կրեսսը և ես ուղեկցեցինք Խալիլ փաշային դեպի Երևան: Ընդունելությունը լավ էր: Եղան փոխադարձ այցելություններ: Ի պատիվ պատվիրակության՝ հայկական կառավարությունը ճաշկերույթ տվեց, որտեղ, իմիջիայլոց, Խալիլ փաշան ասաց հետևյալ խոսքերը.

«Ես պատրաստ եմ կատարել Հայաստանի համար այնքան, որքան կարող եմ և իրավունք ունեմ, իսկ ինչ իմ իշխանությունից վեր է, ես կհայտնեմ Կ.Պոլիս ու այնտեղից կարգադրություններ կպահանջեմ»:

Հետո պատգամավորության և հայկական կառավարության հետ միասին կայացավ մի կոնֆերենցիա, որտեղ քննվեցին հայկական կառավարության ցանկությունները: Խալիլ փաշան խոստացավ իր տպավորություններն ու հայ ազգի ցանկությունները հաղորդել Օսմանյան կառավարությանը:

Հայկական կառավարությունը լավ տպավորություն թողեց մեզ վրա: Նա կարող է բարգավաճել և հարստանալ, երբ խաղաղություն տիրե. փախստականները կվերադառնան, կյանքը նորմալ ընթացքով կերթա, հարևանների հետ բարեկամական կապեր կհաստատվեն, և, որ ամենագլխավորն է, հայերը պետք է թուրքական կառավարության հետ սերտ բարեկամություն ստեղծեն: Ավստրիան, նույնպես և Գերմանիան լավ են տրամադրված դեպի հայերն ու Հայաստանը: Երևանը թուրքերը չեն գրավի: Էնվեր փաշայի սպառնալիքի մասին ինձ ոչինչ հայտնի չէ, բայց այսքանը կասեմ, որ Երևանը չի գրավվի ոչ մի դեպքում: Միառժամանակ գաղթականությունը չի կարող վերադառնալ:

Մեր հարցին, թե իր կարծիքով, կարո՞ղ է Հայաստանը իբրև անկախ պետություն գոյություն ունենալ, կամ ավելի լավ չէ՞ր լինի, եթե հայերը միանային մի որևէ հարևան պետության, պարոն Ֆրանկենշտայնը պատասխանեց, որ այժմ, երբ Կ.Պոլսի կոնֆերենցիան է տեղի ունենում, որտեղ քննվում են բոլոր այդ հարցերը, նա չէ կարող հայտնել իր կարծիքը, որը և իր կառավարության կարծիքն է արտահայտում, որով և կանխած կլիներ կոնֆերենցիայի որոշումները: Պարոն Ֆրանկենշտայնը վաղուց արդեն Ավստրիայից դուրս եկած լինելով, ոչինչ չէ կարող հայտնել Ավստրիայում գտնվող հայերի մասին: Հայերին, իհարկե, պատերազմի սկզբում զինվոր տարան, իսկ օտարահպատակներից ով կարողացավ՝ հեռացավ, իսկ մնացյալները սկզբում իբրև պատերազմական գերի բռնվեցին, բայց հետո էլի ազատվեցին:

Հ. Օհանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives