«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Սեփականաշնորհելը վաղաժամ է
Ձեզ ենք ներկայացնում «Հայլուրի» թղթակցի հարցազրույցը երքաղխորհրդի գործադիր կոմիտեի տրանսպորտի վարչության պետ Ա. Գալստյանի հետ։
– Պրն Գալստյան, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը։ Ծանո՞թ էիք, արդյոք, իրական վիճակին։
– Վիճակին, իհարկե, տեղյակ էի։ Ինձ համար պարզ էր, թե ինչ է կատարվում քաղաքում, ինչպիսին է տրանսպորտային սպասարկումը։ Միանշանակ է՝ քաղաքային տրանսպորտն այսօր անբավարար է աշխատում։ Կան, իհարկե, եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից՝ վառելիքաէներգետիկ ճգնաժամը՝ չկա գազ, չկա հոսանք էլեկտրատրանսպորտի համար, չկա վառելիք, քսայուղեր…
– Վերջին 1 ամսվա ընթացքում մայրաքաղաք է մուտք գործել մեծ քանակությամբ հեղուկ գազ։ Հնարավոր չէ՞, արդյոք, այն օգտագործել տրանսպորտի բնագավառում՝ փոքրիշատե թեթեւացնելով բնակչության հոգսը։
– Ճիշտ է, վերջին 1 ամսվա ընթացքում բավականին շատ հեղուկ գազ է ներմուծվել հանրապետություն, սակայն պետք է նշեմ, որ տրանսպորտի միայն նվազագույն մասն է աշխատում հեղուկ գազով, իսկ հիմնական, գերակշռող մասը՝ հատկապես ԼԱԶ մակնիշի ավտոբուսները, աշխատում են ճնշված գազով։
Սահմանափակ վառելիքի պայմաններում քիչ ավտոբուսներ են դուրս գալիս երթուղի։ Այսպես, օրինակ, առաջին ավտոբուսային ձեռնարկությունից նախատեսված 90-ի փոխարեն օրական երթուղի է դուրս գալիս 25, լավագույն դեպքում՝ մինչեւ 35 ավտոբուս։ Նույնն է պատկերը նաեւ մյուս ավտոբուսային ձեռնարկություններում։ 29-41, 29-43 ավտոշարասյուները հոսանքի եւ ճնշված գազի բացակայության պատճառով գրեթե չեն աշխատում։
Էլեկտրատրանսպորտից, ճիշտ է, կարճեցված ռեժիմով, աշխատում է հիմնականում մետրոպոլիտենը, իսկ տրոլեյբուսների եւ տրամվայների վիճակը դեռեւս շատ վատ է։ Տրոլեյբուսներ աշխատում են միայն որոշակի երթուղիներով, որտեղ հովհարային անջատումները չեն խանգարում աշխատանքին։ Էլեկտրատրանսպորտը՝ տրոլեյբուսներն ու տրամվայները, հիմնականում չեն աշխատում հովհարային անջատումների պատճառով, ինչը, կարելի է ասել, լիովին կազմալուծում է դրանց աշխատանքը։
– Հնարավոր չէ՞, արդյոք, պայմանավորվածություն ձեռք բերել կառավարության համապատասխան օղակների եւ Հայէներգոյի հետ, որպեսզի հովհարային անջատումները չազդեն էլեկտրատրանսպորտի աշխատանքի վրա։
– Նախարարների խորհրդում բազմիցս քննարկվել է տրանսպորտի հարցը, ինչպես եւ հովհարարային անջատումների պատճառով էլեկտրատրանսպորտի վատ աշխատանքի հետ կապված խնդիրները։ Նախարարների խորհրդի որոշումներում կա ցուցում Հայէներգոյին եւ մյուս կազմակերպություններին՝ առաջնությունը տալ տրանսպորտի աշխատանքին։ Սակայն այստեղ էլ կան ոոոշակի խնդիրներ. այն ենթակայանները, որոնք սնում են տրանսպորտի գծերը, նույնպես ընկնում են հովհարային անջատումների տակ, եւ ամեն դեպքում չի հաջողվում միեւնույն երթուղում ապահովել բոլոր ենթակայանների աշխատանքը, ինչը եւ արգելակում է էլեկտրատրանսպորտի աշխատանքը։
Հիմա նախագծեր են մշակվում, որ էլեկտրատրանսպորտը առհասարակ ավտոնոմ սնուցում ստանա։ Իհարկե, սա ժամանակի առումով շատ մեծ հարց է եւ մեծ նյութական ներդրում է պահանջում։
– Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Երքաղխորհրդի տրանսպորտի վարչությունը։
– Առաջնահերթ խնդիրը եղած հնարավորությունները ճիշտ եւ ռացիոնալ օգտագործելն է։ Այսինքն, որպեսզի երթուղիներին հատկացվող մեքենաները բաշխվեն համաչափ, խախտումները հասցվեն նվազագույնի, հսկողություն սահմանվի վարորդների եւ տրանսպորտի աշխատանքի վրա։
– Հնարավո՞ր եք համարում հասարակական տրանսպորտի ձեռնարկությունների սեփականաշնորհումը։
– Այդ մասին խոսելն, ինձ թվում է, վաղաժամ է եւ երեւի թե սխալ, քանզի սեփականաշնորհումից հետո տնօրենը կարող է տնօրինել իր սեփականությունն ինչպես կամենա։ Այդ դեպքում արդեն մենք հնարավորություն չենք ունենա երթուղիները տրանսպորտով ապահովել։
– Պրն Գալստյան, ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, եթե մայրաքաղաքի տրանսպորտով զբաղվեր միայն Երքաղխորհրդի տրանսպորտի վարչությունը։ Տրանսպորտի աշխատանքին չի՞ խանգարում «Երկու տիրոջ ծառա» լինելու հանգամանքը։
– Ի սկզբանե ճիշտ կլիներ, եթե քաղաքային տրանսպորտը քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին պատկաներ, բայց իրականում այդպես չէ։
Այսօր մայրաքաղաքի տրանսպորտն ամբողջովին տնօրինում է տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությունը։ Այս հանգամանքն, ինչ խոսք, ինչ-որ տեղ խանգարում է մեր աշխատանքին։ Խանգարում է այն առումով, որ քաղխորհրդի գործադիր կոմիտեի հնարավորություններն ավելի շատ ու ավելի մեծ են՝ տրանսպորտի աշխատանքների կոորդինացման, տրանսպորտի պահպանման, համալրման եւ մի շարք այլ հարցերում։ Բայց…