November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Ելցինը երկարաձգում է ռուբլու փոխանակման ժամկետը և քանակը հասցնում 100 հազարի

Ելցինը երկարաձգում է ռուբլու փոխանակման ժամկետը և քանակը հասցնում 100 հազարի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 27 հուլիսի, 1993թ., երեքշաբթի

«Պավլովյան կարգի այս բարեփոխման դեմ հիմնական փաստարկն այն է, որ պետությունն իր իսկ վարած սխալ տնտեսական քաղաքականության մեղավոր է ճանաչում բնակչությանը: Հարց է ծագում, որն է այդ բռնագրավման նպատակը, քանի որ կասկած չկա, որ դա բռնագրավում է: Արժեզրկման դեմ հարկավոր է, իհարկե, պայքարել նաև ժողովրդականություն չվայելող մեթոդներով, բայց դա պետք է համատեղվի տնտեսական քաղաքականության այլ լծակներով»,— մեկնաբանելով շաբաթ օրը Ռուսաստանի Կենտրոնական բանկի ընդունած կտրուկ որոշումը, ըստ որի Ռուսաստանի ողջ տարածքում շրջանառությունից հանվում են 1961-1992թթ. դրամանիշները, ասաց հայտնի տնտեսագետ Գրիգորի Յավլինսկին:

«Այդպիսի քայլը շատ ուժեղ մի դեղատոմս է, շարունակեց նա, և կիրառել այն արժե միայն այն դեպքում, երբ խոսքը վերջին հարվածի մասին է, երբ մարդիկ դրա հետևանքով կարող են զգալ, որ գներն այլևս չեն աճում, բայց իմաստազուրկ է դիմել այդ քայլին այսօր, երբ պարզ է, որ ապրանքների գների աճը կպահպանվի ամսական 15-20 տոկոս»:

Ելքը, ըստ Յավլինսկու այն է, որ չեղյալ հայտարարվեն դրա փոխանակումով նախատեսված սահմանափակումները: Դա կպահանջի 1993թ. դրամանիշների մեծ քանակություն, բայց այդ դեպքում կարելի է փոխանակման գործընթացը ձգել մինչև սեպտեմբեր:

Իր հերթին, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ալեքսանդր Խանդրուևի բնորոշմամբ, դա խորը մտածված մի քայլ է ապահովելու համար «տնտեսական բարեփոխումների հաջողությունը: Դրամանիշների փոխանակումը նպատակ ունի նաև լուծել մի շարք տեխնիկական հարցեր, ընդորում կեղծ թղթադրամների մեծ քանակից ազատվելու հարցը:

Պատասխանելով այն հարցին, թե Կենտրոնական բանկի այդ քայլի հետևանքով չե՞ն սրվի հարաբերությունները ռուբլու գոտու երկրների միջև, Խանդրուևը պատասխանել է, որ տվյալ որոշումը չի նշանակում կապերի խզում այդ երկրների հետ: Նախկին ԽՍՀՄ բոլոր այն հանրապետությունները, որոնք պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ, կարող են միանալ և աշխատել մեզ հետ, ասել է նա:

Երեկ Ռուսլան Խասբուլատովը ելույթ ունեցավ հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշվում է, որ տվյալ քայլը չի համաձայնեցված Գերագույն խորհրդի հետ, այն պետության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարում է, և ավելի կսրի քաղաքական իրավիճակը երկրում: Այդ պարագաներում ԳԽ-ն հայտնում է, որ հարկ է վերանայել միջոցառումով նախատեսված բոլոր տեսակի սահմանափակումները թե ժամկետի, թե փոխանակվող դրամի քանակի վերաբերյալ,- ասաց Խասբուլատովը: Եթե կառավարությունը չլուծի այդ հարցը, Ռուսաստանի երկրորդ դեմքը սպառնաց հավաքել ԳԽ նստաշրջան և համապատասխան միջոցների դիմել:

Նույնանման հայտարարությամբ հանդես եկան Ռուսաստանի անկախ արհմիությունների խորհուրդը, մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ:

Երեք ժամից ավելի տևեց երեկ վարչապետ Չերնոմիրդինի, նրա տեղակալների և կենտրոնական բանկի նախագահ Վիկտոր Գերասչենկոյի խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում որոշվեց փոխանակվող գումարը 35 հազարից բարձրացնել մինչև 100 հազար ռուբլի և երկարաձգել նախապես մինչև օգոստոսի 7-ը նախատեսված գործընթացի ավարտի ժամկետը:

Երեկ, արձակուրդից շտապ Մոսկվա վերադարձած նախագահ Ելցինը հրամանագիր ստորագրեց ժամկետը մինչև օգոստոսի վերջը երկարաձգելու և փոխանակվող գումարը 100 հազար ռուբլու հասցնելու վերաբերյալ:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives