Մշակ, 18 նոյեմբերի, 1917թ., թիվ 247
Տրապիզոն, 8 նոյեմբերի
Անիշխանությունը երկրում իսկապես որ ահռելի չափեր է ստացել. չեմ իմանում ի՞նչ է կատարվում Ռուսաստանի խորքերում, բայց որ այստեղ Տրապիզոնում տիրում է անսանձ գողություն և ալան-թալան, դրա ապացույց այստեղի առօրյա կյանքը: Զինվորներն այն աստիճան զուրկ են դիսցիպլինայից, որ անում են ով ինչ ցանկանում է:
Նորերս գրավեցին տեղիս հայոց եկեղեցու շենքը և չնայած կոմիտեի բողոքներին, նստած են մեր շենքում և հափշտակում են ամեն մի իր, որը ընկնում է իրանց ձեռքը. եկեղեցու կից սենյակներում դարսված են հայկական իրեր. ահա այդ բանն է հետաքրքրում զինվորներին, որոնք ամեն օր գողություն են անում և այդ սենյակներից քաշում տանում են զանազան առարկաներ:
Բացի դրանից՝ թանկությունը այստեղ սարսափելի չափերի է հասել. հույները օրըստօրե բարձրացնում են գները, իսկ տեղական գործադիր կոմիտեն ոչինչ չէ ձեռնարկում նրանց ախորժակը զսպելու համար:
Տրապիզոնում այժմ փող են շահում միայն հույները և ռուս զինվորները, որոնք նույնպես առևտրով են զբաղված:
Չափազանց անտանելի է այստեղի կյանքը իր տաղտկությամբ և կոպիտ՝ ոչ մի բանով գոնե չքողարկված այլանդակությամբ:
Արշակ Առաքելյան