Գանձակի հայոց փոխանորդի հայտարարությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի դիվանին գավառի Ազատ գյուղի զինաթափման, ավարի ենթարկելու և տեղահան անելու, գերմանական ավանում պատսպարվելու և ավանի համայնքին օրհնության կոնդակ շնորհելու մասին
N 136
21 ապրիլի 1920թ.
Գանձակ
Վիճակիս Ազատ գյուղի հայությունը նահանգական կառավարության ուղարկած ավազակաբարո կամավոր զորքի ձեռքով զինաթափվելուց, ավարի մատնվելուց և ապա, որպես թե Գանձակ բերելու նպատակով, գյուղից տեղահան արվելուց հետո, կոտորվում է ճանապարհին Հաջիքենդ ամարանոցից մինչև Գանձակի գավառի գերմանական Ելենենդորֆ ավանը: Մնացորդը, մոտ 500 հոգի, մազապուրծ հասնում է Ելենենդորֆ, որի բնակիչներից ստանում է ամենաջերմ ընդունելություն, հյուրասիրություն և ապաստան երեք օր շարունակ:
Գերմանական այս համայնքը կերակրում է ողջանդամներին, հատուկ խնամք է տանում հիվանդների վերա, ժողովում է ճանապարհի վերա օրերով անթաղ մնացած տասնյակ դիակները և հանձնում տերերին:
Այլև այս համայնքը գիշեր-ցերեկ պաշտպանում է այս հայությունը կոտորվելուց, նորա կանանց և կույսերին լլկվելուց հիշյալ և այլ տեղերից եկած հրոսակներից ամենամեծ անձնանվիրությամբ: Աղետյալ հայերը իրենք արտասուքը աչքերին պատմում էին այն գթառատ սերը, քրիստոնեական մարդասիրական վերաբերմունքը, որին նոքա արժանացել են գերմանական համայնքի կողմից և մխիթարվել:
Զեկուցանելով այս մասին և ի նկատի ունենալով այս գաղութի կարևորությունը ըստ ամենայն մասանց ներկայիս դժնդակ օրերում, խոնարհաբար խնդրում եմ միջնորդել առաջի Վեհափառ կաթողիկոսի շնորհելու համար Ելենենդորֆ գաղութին օրհնության Սրբադաս կոնդակ:
Փոխանորդ Լևոն վարդապետ
ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թթ. 12-13: Բնագիր: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003