«Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264)
Արմենպեսի սեփ. թղթ. Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ստեփանակերտից հաղորդում Է.
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը անհամբերությամբ Է սպասում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ կայանալիք հանդիպմանը, որոնք գալիս են հաշտարար առաքելությամբ։ Բարձրաստիճան հյուրերը Ստեփանակերտ են ժամանելու Բաքվից և այստեղ մնալու են չորս ժամ, որից հետո մեկնելու են Երևան: Այդ առնչությամբ արցախցիները իրավացիորեն ենթադրում են, որ գրեթե չորս տարի դրական փոփոխություններ սպասելուց հետո, իրենց վիրավոր հողում չորս ժամ գտնվելը ակնհայտորեն անբավարար է տարածքաշրջանի կացությանը հանգամանորեն ծանոթանալու համար։ Նրանք հույս ունեին, որ Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները կայցելեն գոնե Շահումյանի շրջան, որտեղ Ադրբեջանն այսօր արդիական մարտական տեխնիկայի միջոցով փորձում Է հողին հավասարեցնել հայկական բնակավայրերը:
Ռուսաստանի պրեզիդենտի Լեռնային Ղարաբաղ ձեռնարկելիք ուղևորության լուրը, ամենայն ակներևությամբ, անակնկալի է բերել հարևան հանրապետության ղեկավարությանը։ Ադրբեջանի հեռուստատեսությամբ շարունակ հայտարարություններ են արվում, որոնց նպատակն է հանգստացնել տեղի հասարակայնությանը։ Մասնավորապես պնդվում է, թե Բորիս Ելցինը իբր Ադրբեջան է ժամանում հանրապետության ղեկավարության հրավերով, քանի որ ՌԽՖՍՀ պրեզիդենտին ճիշտ չեն իրազեկ պահում տարածքաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Սեպտեմբերի 19-ին հեռուստատեսությամբ ընթերցվեց նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի մամուլի կենտրոնի հայտարարությունը՝ Ղարաբաղի իրադրությունը կարգավորելու մասին ԽՍՀՄ պրեզիդենտի նախապատրաստվող հրամանագրի նախագծի առնչությամբ ՏԱՍՍ-ի արված հաղորդման վերաբերյալ։ Նշվեց, որ այդ փաստաթուղթը, եթե այդպիսին լույս աշխարհ գա, մշակվել Է առանց ադրբեջանական կողմի մասնակցության։
Նույն օրն Էլ «Օրվա Էկրան» լրատվական հաղորդման ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ժողովրդական ճակատի նախագահը։ Նա առաջարկեց հանրապետության ինքնիշխանությունը «Հայաստանի ոտնձգություններից» պաշտպանելու ծրագիր, որը մշակել Է ժողովրդավարական դաշինքը։ Այն ցայտունորեն արտահայտված ռազմատենչ բնույթ ունի և հեռու է ազգամիջյան բախումների կարգավորման ժողովրդավարական սկզբունքներից։