«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
ԱՄՆ-ի 77 կոնգրեսականների ստորագրությամբ ներկայացուցիչների պալատի անդամ՝ Չեսթըր Աթքինզի՝ նախագահ Բուշին հղած նամակի պատասխանը ստորագրել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Բրենթ Սքրաուքրոֆթը։ Ստացված պատասխանում շեշտվում է ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու կարեւորությունը, սակայն խորհրդականը չի փորձում դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի շրջափակումները։ Պատասխան նամակում խոսք չի գնում նաեւ պրն Աթքինզի կողմից հիշատակված Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Գեներալ Սքրաուքրոֆթը նշում է, որ «վարչակարգը, որպես միջնորդ, կարեւոր քայլեր է կատարել ԵԱՀԽ-ի շրջանակներում հարցը լուծելու ուղղությամբ։ Սակայն այժմ, երբ խորտակվում են Մինսկի խորհրդաժողովի հետ կապված հույսերը, ԱՄՆ-ը կփորձի շարունակել իր ջանքերը Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելու ուղղությամբ»։
Նամակում ասվում է, որ ԱՄՆ-ը պնդում է, որ վերջ դրվի Հայաստանի շրջափակմանը, եւ շարունակում է ընդլայնել նոր անկախացած այդ երկրի հետ հաստատված տնտեսական կապերը։ Ասվում է նաեւ, որ նախագահ Բուշը անձնապես աջակցում է նախագահ Տեր-Պետրոսյանին, որը «որպես հայրենասեր եւ իսկական բարեփոխիչ լուրջ քայլեր է կատարում Հայաստանում ժողովրդավարության հաստատման եւ հանրապետությունը դեպի ազատ շուկա տանելու ուղղությամբ»։
Գեներալ Սքրաուքրոֆթի պատասխան նամակն ավարտվում է հետեւյալ կերպ. «Բանակցությունների տանող այսպիսի է քայլեր են արվում, եւ վարչակարգը հույս ունի, որ կգտնվի հակամարտության ձգձգվող լուծումը»։