November 27, 2024

Բացենք խաղաթղթերը, պարոն նախագահ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, 22 հունիսի, 1993թ., երեքշաբթի

Տնաբույծ քաղաքագետների թեթև ձեռքով Հայաստանի քաղաքական տերմինաբանության մեջ բազմիմաստ «խաղ» բառը ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Ցավոք, շատերը քաղաքականությունը և դիվանագիտությունը իրոք պատկերացնում են որպես մի յուրօրինակ խաղ, որի մասնակիցները, անելով այս կամ այն քայլը, կարող են հաղթել կամ պարտվել, և դրանից ոչ մի էական, նյութական փոփոխություն չի կատարվի: Ջենտլմեն խաղակիցները ազնվական ժպիտով կսեղմեն միմյանց ճերմակ ձեռքերը և մի նոր խաղ կսկսեն: Ոչ ոք կարծես չի գիտակցում, որ «խաղերի» հետևում մարդկային արյունն է:

Ինչի հետևանք է այս մոտեցումը. Հայաստանի ներկա իշխանությունների բացարձակ քաղաքական տհասության, թե պատասխանատվության իսպառ բացակայության՝ առանձին հարց է, բայց սա իրականություն է և՝ վտանգավոր իրականություն: Այդ մասին են վկայում Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած «հեռուստախաղի» արձագանքները, որ երևացին պաշտոնական մամուլում: «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, օրինակ, մեկնաբանելով նախագահի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ, թղթակից Ռուբինյանը ավարտում է ձայնակցությունը հետևյալ առաջարկով. «Քայլը ձերն է, պարոնայք»: Դե լավ, եթե մերն է, անենք քայլը, բայց քանի որ, ի տարբերություն նախագահի, մենք մեր նպատակները թաքցնելու պատճառ չունենք, խաղալու ենք բաց քարտերով:

Նախագահը քայլն արեց իրեն բնորոշ ագրեսիվ-մելամաղձոտ ոճով և նորից մի շարք մեղադրանքներ ներկայացրեց Դաշնակցությանը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ հիմա: Դե, առաջին հերթին, որովհետև մոտենում է հուլիսը, և նախագահը, հավանաբար, որոշել է ամեն տարի առնվազն մեկ անգամ հպատակներին հիշեցնել ՀՅԴ-ի նկատմամբ իր ատելության մասին: Երկրորդ պատճառն, իհարկե, ավելի էական է. վերնախավը ցանկանում է ժողովրդի ուշադրությունը շեղել տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, իսկ որպես օրվա քննարկման նյութ առաջարկել բոլորի զահլան տարած նախագահի և ընդդիմության հարաբերությունների թեման:

Մեղադրանքներն էլ առանձնապես նոր բան չեն պարունակում, բայց վկայում են մեկ ուշագրավ երևույթ: Պարզվում է՝ Հայաստանի նախագահը լավ չի պատկերացնում, թե ինչ բան է ընդդիմությունը (օպոզիցիան) քաղաքակիրթ և ոչ այնքան քաղաքակիրթ (ինչպես մերն է) երկրներում: Կարծում եմ՝ պարոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև նրա «թիմին» օգտակար կլինի իմանալ, որ գերմանական Բասսերմանի բառարանը որակում է ընդդիմությունը որպես «դիմադրություն տիրապետող տեսակետին ու շահերին»: Այս դիմադրության մեջ ընդդիմությունը պետք է ազատ լինի և բոլորովին պարտավոր չէ բուռն ծափահարություններով ընդունել նախագահի կամ նրա գրպանում ապրող քաղաքական գործիչների որոշումները և գործունեությունը: Ընդդիմությունը պարտավոր չէ «ըմբռնումով մոտենալ» և իրավունք ունի քննադատելու այն ծրագրերը, որոնք համարում է սխալ, ազգակործան և անընդունելի: Եվ իրավունք ունի, այո, խանգարել այդ ծրագրերի իրականացմանը:

Ավելին, հայաստանյան ժողովրդավարներից մի քիչ ավելի փորձառու արևմտաեվրոպացիները գտնում են, որ ընդդիմությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով ազգը կարող է վերահսկել իրշխանավորներին, եթե նույնիսկ նրանց ձեռքում է ողջ գործադիր իշխանությունը և մեծամասնությունը խորհրդարանում: Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Հնարավոր վերահսկողները Հայաստանի իշխանությունների համար աչքի փուշ են: Թե ինչու՝ այդ մասին քիչ հետո:

Իսկ հիմա, գիտակցելով անգամ, որ Դաշնակցության դեմ նախագահի ուղղած հերթական մեղադրանքներին անդրադառնալն անպտուղ է և շեղելու է մեզ, ստիպված եմ, այնուամենայնիվ, խոսել դրանցից մի քանիսի մասին:

  1. Լևոն Տեր-Պետրոսյանը ամոթանք է տալիս՝ ասելով, թե Հայաստանի անկախությունը ինքն ու իր կողմնակիցները ձեռք են բերել առանց մեր օգնության: Ձեռք են բերել, թե ոչ՝ դեռ հարց է: Պատմական դեպքերի բերումով Հայաստանն արյուն, ջանք ու քրտինք չի թափել իրական անկախություն ստանալու համար, իսկ այսօրվա թվացյալ ու կեղծ անկախությունը շպրտել են մեզ փլվող կայսրության տերերը, այնպես որ, ցավոք, պարծենալու առիթ առանձնապես չկա:

Ի տարբերություն Հայաստանի, Արցախն իր անկախությունը ձեռք է բերել դժվարին պայքարով ու զրկանքներով, հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով: Այս անկախությունը ողջ հայ ժողովրդի նվաճումն է: Եվ ոչ ոք չի կարող այս նվաճման մեջ անտեսել ՀՅ Դաշնակցության դերը, որը կազմակերպեց զինյալ պաշտպանությունը Ղարաբաղում, և որի հարյուրավոր անդամներ զոհվեցին մարտի դաշտում: Այսօր էլ ՀՅԴ Արցախի կազմակերպության անդամների երեք քառորդը կռվում է ռազմաճակատում, իսկ Հայաստանի դաշնակցականների առնվազն երրորդ մասը ծառայում է հաճախ իրենց իսկ նախաձեռնությամբ կազմավորված սահմանապահ կայազորներում և պաշտպանում է հայոց հողը: Ես չասեմ էլ՝ այս ամենը ժողովուրդը շատ լավ գիտի, և անկախ պետականության ամրապնդման մասին ավելի լավ է թող դատեն այն հայ զինվորները (ցավոք, շատերն այժմ չկան), որոնց Դաշնակցությունը կազմակերպեց և պայքարի հանեց այն ժամանակ, երբ պրն. Տեր-Պետրոսյանը դեռ նախագահ չէր, այլ հանրահավաքներում աչքի ընկնող խոսնակ:

  1. Նախագահը մեղադրում է՝ ասելով, թե մենք չենք մասնակցում և նույնիսկ խանգարում ենք նոր պետականության կայացման գործընթացին: Նախ տեսնենք, թե այդ որ գործընթացն է պրն. Տեր-Պետրոսյանն անվանում պետականության կայացման: Նա հավանաբար նկատի ունի. ա) հանրապետության արդյունաբերական (և հատկապես՝ զարգացած ռազմարդյունաբերական) համալիրի ոչնչացումը, բ) գյուղատնտեսության անկումը, գ) ազգային արժեքների անխափան արտահանումը երկրից, դ) բնակչության կենսամակարդակի անընդհատ արագացող անկումը, ե) ազգային բանակի ստեղծման ճանապարհին անընդհատ առաջացող արհեստական խոչընդոտները, զ) Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը, է) երկրի կրթական, գիտատեխնիկական և մշակութային ներուժի ջախջախումը, ը) «ուղեղների» և ընդհանրապես քաղաքացիների ուժեղ արտահոսքը, թ) հայ հասարակության պառակտումը ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում, ժ) հանցագործ խմբավորումների ամրապնդումը կյանքի բոլոր ոլորտներում և, որպես հետևանք, հանցագործությունների ծավալվող աճը, ի) ժողովրդի անդառնալի բարոյալքումը և այլն, և այլն:

Եթե պետականության ամրապնդումը նշված կետերն են, ապա ես ուղղակի հպարտ եմ, որ այն կուսակցությունը, որի անդամը լինելու պատիվն ունեմ, մեղսակից չէ ազգային ողբերգությանը, «ըմբռնումով» չի մոտեցել այս ամենին, և հակառակը, փորձել է խանգարել անդունդ տանող «գործընթացները»: Բայց հավանաբար մեզ դեռ սպասում են նոր «գործընթացներ», որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է մտահոգված, թե մենք, չմասնակցելով դրանց, հանկարծ հետագայում դառնություն կզգանք:

  1. ինչ վերաբերում է Գեորգի Պետրոսյանի նկատմամբ կիրառված ճնշումին, կարելի է միայն ողջունել նախագահի որոշումը այս հարցով հետաքննություն սկսելու մասին: Եվ ես, որպես օրինապահ քաղաքացի, ցանկանալով օգնել հետաքննությանը, խորհուրդ եմ տալիս նախագահի հետախույզներին պարզել, թե ում արտասահմանյան «Ջիպն» էր հետապնդում Գ. Պետրոսյանի մեքենան Գորիսից Լաչին տանող ճանապարհին և Քարաշեն գյուղի մոտակայքում: Նման մեքենաներ այնքան էլ շատ չեն Հայաստանում: Եթե «Ջիպի» մեջ եղածները ուզում էին պաշտպանել Գ.Պետրոսյանին սպառնալիքներից, լավ կլիներ հիմա էլ բացատրեին՝ ում սպառնալիքներից…
  2. Լևոն Տեր-Պետրոսյանը նորից հիշեց ընկեր Հրայր Մարուխյանին, որն, ըստ նախագահի արտահայտության, «մոտավորապես համաձայն էր» իր ծրագրին: Մի կողմ թողնելով «մոտավորապես» բառի իմաստը այս կոնկրետ դեպքում՝ ինձ թույլ կտամ միայն մեկ դիտողություն անել: Չեմ կարծում, թե Վահան Փափազյանը նախագահին չի զեկուցել այն մասին, որ ինքը փորձ է արել ազդել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի վրա՝ շահարկելով այնպիսի փաստարկ, ինչպիսին ընկ. Մարուխյանի հայրենիք վերադառնալու հարցն է: Կասկածելի է նաև, որ Վ. Փափազյանը կարող էր չտեղեկացնել նախագահին ընկ. Մարուխյանից ստացած արժանավայել պատասխանի մասին: Հետո էլ բարոյականությունից ենք խոսում:
  3. Վերջապես ամենակարևորը: Լ. Տեր-Պետրոսյանը ամեն ջանք թափեց՝ ցույց տալու, թե իբր Դաշնակցությունը հստակ դիրքորոշում չի ունեցել Քելբաջարն ադրբեջանցիներին հանձնելու հարցում: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մենք բազմիցս խոսել և գրել ենք այդ մասին: Մեր դիրքորոշումը եղել և մնում է «ոչ», քանզի համաձայնությունը խաղաղության ոչ մի երաշխիք չի պարունակում: Ինչ վերաբերում է «ալտերնատիվին», որի բացակայությունը բազմիցս շեշտել է նախագահը, ապա այլընտրանքի թվացյալ բացակայությունը դեռևս պատճառ չէ պարտադրվող փաստաթղթի անհապաղ ընդունման: Պաղեստինի ազատագրության ճակատին նման փաստաթղթերով ռմբակոծել է ով պատահի, և բոլորից հաճախ՝ հզոր Ամերիկան, բայց պետք է հիշել, թե ինչպես պաղեստինցիները 300-ից ավելի անգամ տարբեր պատճառաբանություններով հետ են ուղարկել նույնանման վերջնագրերը, որոնք չեն համապատասխանել իրենց շահերին: Եվ ոչինչ, Յասեր Արաֆաթի գլխին ատոմային ռումբ չընկավ: Բացի այդ, համոզված եմ, որ այլընտրանքի որոնում Հայաստանի դիվանագիտության կողմից լրջորեն չի էլ կատարվել: Գիտե՞ք ինչու: Պաղեստինցիները դիմադրում էին վերջնագրերին, որովհետև չէին ցանկանում ընդունել դրանք, իսկ Հայաստանի նախագահը գրեթե անմիջապես ընդունեց, որովհետև ուզում էր ընդունել: Եվ եթե կռիվները Ղարաբաղի սահմաններին թեժանան (արդեն թեժանում են), ապա պատասխանատվությունն ընկնելու է նրա վրա, ով Հայաստանի անունից «այո» ասաց և պարտադրեց նույն բանն անել ղարաբաղցիներին: Եվ իրավունք ունեմ կարծելու, որ այդ քայլն արվել է գիտակցաբար: Թե ինչու՝ այդ մասին վերջում:

Իսկ հիմա փորձենք պարզել այն պատճառները, որոնք դրդեցին ՀՀ նախագահին շեղել մեր (և ոչ միայն մեր) ուշադրությունը Ղարաբաղյան հիմնահարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած լուծումից: Խնդիրն այն է, որ այդ լուծման բոլոր հնարավոր տարբերակներում հայ ժողովրդի և առաջին հերթին արցախցիների համար անընդունելի է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելը: Եվ մենք, ցավոք, չունենք որևէ հիմք՝ մտածելու, թե նախագահը և իր թիմը նույնպես այս տեսակետին են:

Գիտենք, իհարկե, թե որքան ծանր վիճակում է Հայաստանը: Գիտենք նաև, որ տնտեսական, սոցիալական և հոգևոր աղետների պատճառը ղարաբաղյան պայքարը չէ և նույնիսկ ոչ այնքան շրջափակումը: Այդ մասին վկայող փաստերն ու ապացույցները, ինչպես նաև աղետի բուն պատճառների ու ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիների որոնումը առանձին ուսումնասիրություն է պահանջում, և այդ հետազոտությունը կատարվում է:

Բայց փաստ է, որ Հայաստանի ներկա ավագանին մեր բոլոր դժբախտությունների արմատը տեսնում է Արցախյան հարցում և բազմիցս փորձել ու փորձում է այդ հարցից ձերբազատվել: Նրանց հաշվարկը թվում է շատ պարզ. Ղարաբաղյան խնդրից ձերբազատված, այդ խնդիրը «շահագրգիռ» միջազգային ատյանների դատին թողած՝ «ազատ, անկախ և հպարտ» Հայաստանը կստանա բաց սահմաններ, ճանապարհներ, նավթամթերքների և պարենի մատակարարում, բազմաթիվ այլ բարիքներ: Այդ պայմաններում իշխող ուժերը հնարավորություն կստանան, մեղմելով ստեղված կացությունը և ժողովրդի աչքերին թոզ փչելով, երկարաձգել իրենց իշխանությունը:

Մյուս կողմից, ինչպես ցույց տվեցին վերջին օրերին տեղի ունեցած ադրբեջանական զինված ուժերի (այդ թվում՝ օդուժի) հարձակումները Արցախի վրա, ժամանակացույցի ստորագրումը ոչ թե խաղաղություն բերեց, այլ պատերազմի սաստկացում: Բայց չմոռանանք, որ Հայաստանում ներկա իշխանավորների դիրքերը պահելու մյուս միջոցն էլ Արցախում կռվի օջախը վառ պահելն է, որովհետև պատերազմի պայմաններում համեմատաբար հեշտ է ժողովրդին համոզել, թե նրա աղքատ ու կիսաքաղց գոյությունը միակ հնարավորն է: Եկու դեպքում էլ նպատակը մեկն է՝ ցանկացած գնով պահպանել իշխանությունը:

Իսկ դա նրանց անհրաժեշտ է, քանի որ պահելով իշխանության ղեկը օրինականությունից զուրկ երկրում, նրանք հնարավորություն են ստանում ուժի դիրքերից մասնակցել ազգային սեփականության վերաբաշխմանը, որն ավելի ու ավելի արագ թափ է ստանում «սեփականաշնորհման» և «շուկայական հարաբերությունների» անվան տակ: Այսպիսի ծրագրեր ունեցողների համար ընդդիմությունը, այսինքն՝ հնարավոր վերահսկողը, իհարկե, աչքի փուշ է: Ահա այս է հիմնական գործընթացը,, որը քողարկված է վերևից քարոզվող տարբեր տնտեսական և քաղաքական ծրագրերի տակ:

Սա, անշուշտ, հերթական խաբկանք է, քանզի Ադրբեջանն այդ հաշվարկների վրա թքած ունի: Կվերադարձնես Քելբաջարը, թե ոչ՝ թուրքերը շրջափակումը չեն վերացնի, մինչև վերջնականապես մեզ ծնկի չբերեն: Սակայն ապագա կարճատև ժամանակաշրջանի համար այս հաշվարկները կարող են և իրականանալ. Հայաստանից դուրս գտնվող այն ուժերը, որոնցից զգալի չափով կախված է դրանց իրականացումը, անշուշտ շահագրգռված են, որպեսզի ղեկը դեռ մնա ներկա իշխանավորների ձեռքում: Մեր ազգային հարստությունների վերաբաժանման մեջ նրանք էլ փայաբաժին ունեն:

Իսկ հետո, երբ նմանվենք քամած ու դեն նետված լիմոնի, մեզ սպասելու է աղետալի կործանում, որովհետև այսօրվա ղեկավարներին հովանավորողները մեր ազգի բարեկամները չեն և մատը մատին չեն տա, երբ պատերազմը նորից մեր դուռը թակի: Նրանք, ովքեր հասկանում են այս ամենը, ակամա դիտվում են որպես նախագահի և, միաժամանակ, պետականության թշնամիներ, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը հավանաբար որդեգրել է Լյուդովիկոս 14-ի կարգախոսը՝ «Պետությունը ես եմ»: Բայց պետությունը, պետականությունը չի կարելի նույնացնել օրվա իշխանությունների հետ: Սրանք անցողիկ են, իսկ պետականությունը՝ հավերժ, գոնե մեր իղձերում: Եվ ոչ ոք չի կարող ստիպել մեզ հավասարության նշան դնել ազգային շահերի և նախագահի ծրագրերի միջև, եթե չհամապատասխանի իրականությանը: Ազգային շահը մեզ համար միշտ ավելի վեր է լինելու ցանկացած պաշտոնյայից՝ դուր կգա դա, թե ոչ:

Վահան Հովհաննիսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives