«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183
Վրաստանի Հայ Ազգային խորհրդի տեղեկատու բյուրոն հայտնում է.
Երեկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ա. Ջամալյանը իր քարտուղարի ուղեկցությամբ պատասխան այցելությամբ եղավ օսմանյան կառավարության ներկայացուցիչ Աբդուլ Քերիմ փաշայի մոտ:
Ունկնդրության ժամանակ խոսակցությունը վերաբերեց փախստականներին իրենց տեղերը վերադարձնելուն: Աբդուլ Քերիմ փաշան այդ առիթով հայտնեց, թե նա խորապես գիտակցում է, թե հայ թուրքական հարաբերությունները բարելավելու և երկու ժողովուրդների մերձեցումների համար անհրաժեշտ է փախստականների վերադարձը թույլատրել և թե իր կողմից նա քայլեր է արել Էսսադ փաշայի առաջ փախստականներին, մասնավորապեսմ Ախալքալաքի գավառի բնակիչներին վերադարձնելու մասին: Վերջինս խոստացել է մի քանի օր հետո տալ վերջնական պատասխան այդ հարցի առիթով:
Աբդուլ Քերիմ փաշան անձամբ նպատակահարմար է գտնում, որպեսզի առաջին հերթին վերադառնան կանայք, երեխաները և ծերունիները, որպեսզի տեղական թաթարների մեջ էքսցեսներ չլինեն:
Դրան Ջամալյանը պատասխանեց, թե այդ միջոցը նպատակահարմար չէ երկու տեսակետից. 1) եթե բաժանենք տղամարդկանց, կանայք ու երեխաները չեն ցանկանա վերադառնալ առանց նրանց, 2) առանց տղամարդկանց նրանք չեն կարող ժողովել հունձըմ որ անհրաժեշտ է նրանց գոյության համար:
Աբդուլ Քերիմ փաշան հաղորդեց, թե բարեկամորեն լուծելով փախստականների և այլ հարցեր՝ կարելի է սահմանել բարեկամական հարաբերություններ երկու դարավոր հարևանների մեջ, որ այնպես անհրաժեշտ է երկու կողմերի համար: