«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի
Շարունակվում են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության շրջանակներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հուլիսի 22-ին Հռոմում կկայանա ԵԱՀԽ Մինսկի խմբի նախաձեռնության հեղինակ ինը երկրների հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կլսեն սենատոր Մարիո ՌաՖայելիի ելույթը տարածաշրջան կատարած իր այցելության մասին, կծանոթանան այն հստակեցումներին եւ դիրքորոշումներին, որոնք ձեւավորվել են հակամարտ կողմերի հետ անմիջական հանդիպումների արդյունքում, կքննարկեն ժամանակացույցի կիրառմանը վերաբերող հարցեր, կտան հակամարտության շրջանում տիրող կացության գնահատականը։
Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար եւ հասարակայնության հետ կապերի գծով նախարարի խորհրդական Արամ Սաֆարյանը։ Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ ՌաՖայելին կգնահատի տարածաշրջանի իրադրությունն ամբողջությամբ եւ մեզ կվստահեցնի, որ կարելի է սկսել խաղաղության հաստատման գործընթացը։
Արամ ՍաՖարյանը կարեւորեց ՀՀ բարձրաստիճան պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցը, նկատի ունենալով այն, որ տարածաշրջանում իրավիճակների արագ փոփոխման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում անցկացնել քաղաքական խորհրդակցություններ, ստեղծված նոր պարագաներում ճշգրտել փոխադարձ մոտեցումները։
Անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայում հրավիրված տնտեսական համագործակցության հերթական նիստի արցախյան հակամարտության առնչությամբ ընդունած բանաձեւին, ՀՀ արտգործնախարարի խորհրդականը իր զարմանքն արտահայտեց այդ կապակցությամբ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հիշյալ փաստաթղթում դատապարտվել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան եւ, իբր, պահանջվել է հայկական զորքերի դուրս բերումը զավթված տարածքներից, խոսվում է ԵԱՀԽ-ի նախաձեռնության նկատմամբ Հայաստանի մերժողական դիրքորոշման, ՄԱԿ-ի 882 բանաձեւը խախտելու մասին։
Ասենք, որ զարմանալու առիթ իրոք կա. նախ այս կազմակերպությունը երբեք էլ այն մարմինը չէ, որն իրավասու է խնդրո առարկա դարձնել տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցեր, իսկ այդ երկրներին ՀՀ ԱԳՆ կատարած հարցումներին դեռեւս կամ պատասխան չի եղել կամ հնչել են խուսափողական հայտարարություններ, իբր այդ մասին որեւէ տեղեկություն չունեն։ Ստույգ է միայն, որ ՏՀ-ի անդամ-երկրներից ոչ մեկը չի ստորագրել այդ բանաձևի տակ։
Նման մի կոմյունիկե է ընդունվել նաեւ իսլամական երկրների արտգործնախարարների Կարաչիի համաժողովում։ Արամ Սաֆարյանի կարծիքով, այս կարգի «բամբասական» փաստաթղթեր ընդունելու փոխարեն ավելի լավ կլինի գործնականում սկսել խաղաղության գործընթացը տարածաշրջանում։
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարությունը շարունակում է հետապնդել իր բողոքարկումը՝ կապված հայկական ֆուտբոլային ակումբային թիմերին ՈՒԵՖԱ-ի շրջանակներում անցկացվող ընթացիկ տարվա մրցաշարերին չմասնակցելու վերաբերյալ այս կազմակերպության համաժողովի ընդունած որոշման հետ։ ՈւԵՖԱ-ի ժնեւի կենտրոնական մարմինը այդ որոշումը պատճառաբանել է անհրաժեշտ կապի բացակայությամբ եւ մարզիկների ոչ բավարար անվտանգությամբ։ Նախ, ՈւԵՖԱ-ն ոչ թե քաղաքական, այլ մարզական կազմակերպություն է, եւ նրա որոշումները պետք է բխեին իր իսկ գործող կանոնադրությունից։ Վերջինս ենթադրում է, որ նման ծայրահեղ որոշում կայացնելուց առաջ տարածաշրջան պետք է այցելեր կազմակերպության ներկայացուցիչը` անձամբ ծանոթանալու իրական կացությանը։ Այդ բանը չի արվել։ Ավելին, հանրապետության Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացրած բոլոր պահանջվող տեխնիկական փաստաթղթերը ժամանակին արժանացել են բավարար գնահատականի։
Ինչեւէ, ՀՀ ԱԳՆ-ն, որքան էլ որ հարցը քաղաքական չէ, այնուհանդերձ շատ ուշադիր զբաղվում է այս խնդրով եւ պետք է հետամուտ լինի գործադիր վարչության որոշման փոփոխությանը։
Լրագրողներին տեղեկացվեց նաեւ, որ պաշտոնական այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը հուլիսի 21-ին մեկնելու է Գերմանիա, ուր կհանդիպի այս երկրի արտաքին գործերի նախարար Կինկելի հետ։
Հրայր ԶՈՐՅԱՆ