Զանգ, 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80
(Անմիջական հեռագրաթելով)
Ղարաքիլիսա, 11 դեկտեմբերի
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ.— Այսօր հասա Կոբեր կայարանը, բայց ավելի առաջ շարժվելու հնար չեղավ, գյուղացիները թույլ չտվին, որ մեր գնացքն անցնի: Գյուղացիների պատմածից ինձ համար պարզվում է, որ այնտեղ ապստամբություն է և գործը լուրջ կերպարանք է ստանում: Այս մասին ես իմացա դեռ Ալեքսանդրապոլում, ուր և որոշ համաձայնության եկանք խնդիրը նպաստավոր կերպով լուծելու համար, առանց բարդությունների և օտար ուժերը մեր ներքին գործերի մեջ խառնելու:
Արտ. Գործ. Մինիստրը.— Հայտնի՞ է ձեզ այն հեռագիրը, որը ես մեր կառավարության հանձնարարությամբ դեկտեմբերի 9-ին ուղարկեցի Վրաստանի արտ. գործ. Մինիստրին, բողոքելով այն բռնությունների դեմ, որ գործում է վրաց զորքը Լոռիի բնակչության վրա:
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ.— Այդ հեռագիրը չէ հասել տեղ, որովհետև կապը կտրված է Թիֆլիսի հետ Կոբերի և Քոլագերանի միջև: Կոբերում ինձ հաջողվեց երկաթուղային հեռագրով կապվել և խոսակցել գեն. Ցուլուկաձեի հետ: Նրանից իմացա, որ գնդակոծել են Սանահին և Ալավերդի կայարանները, բայց ինքը չէ պատասխանել: Երկաթուղագիծը գյուղացիները խանգարել են երկու տեղ՝ Կոբերի ու Սանահինի և Ալավերդիի միջև: Երկու զրահապատ գնացքների միջոցով գեն. Ցուլուկիձեն կարող էր վերականգնել գիծը, բայց նա չի անում, որովհետև հարկ կլիներ խիստ միջոցների դիմել: Տեղական գյուղացիները գանգատվում են զորքի և տեղական ադմինիստրացիայի դեմ: Ինչ էլ որ լինեն այդ դեպքերն առաջացնող պատճառները, համենայն դեպս Հայաստանի կառավարությունը իր վերաբերմունքով չպետք է խստացնի առանց այն էլ ծանր կացությունը, որն ստեղծվել է երկու հանրապետություններից անկախ:
Արտ. գործ. մինիստր.— Ի՞նչ ելք ու միջոց եք դուք տեսնում այս դրությունից դուրս գալու համար:
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ.— Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ հայոց և վրաց հանրապետությունների ներկայացուցիչները շրջեն ապստամբած գյուղերը և առաջարկեն հնազանդել գոյություն ունեցող կացությանը մինչև սահմանային վեճի լուծվելը և ոչ մի հույս չներշնչել, թե հարցի լուծման այսպիսի եղանակը կարող է որևէ մեկի կողմից հավանություն գտնել: Իհարկե, մեղավորները, եթե կան, թե ադմինիստրացիայի, թե ժողովրդի կողմից՝ կկրեն հարկավոր պատիժը. զիջում կարող է լինել ժողովրդի վերաբերմամբ, բայց ոչ մի խնայողություն հանցավոր ադմինիստրացիայի վերաբերմամբ:
Արտ. գործ. մինիստր.— Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ կարող հաշտվել ազգաբնակչության վրա կատարված դաժան բռնությունների հետ, ոչ էլ ազդել, որ ժողովուրդը հարկադրված ենթարկվի մի իշխանության, որը հանիրավի մնում է Հայաստանի երկրամասը կազմող վայրերում: Մեր կառավարությունը կարծում է, որ կատարված իրադարձություններն ու ստեղծված դրությունը պահանջում են, որ վրաց դեմոկրատիկ հանրապետության կառավարությունը իր իսկ սեփական նախաձեռնությամբ դուրս հանե այդ բոլոր վայրերից զորքերը, հարգելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և հանուն խաղաղության: Խնդրում եմ, որ դուք այս ուղղությամբ ազդեցություն գործեք:
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ.— Ես կրկնում եմ իմ առաջարկը խառն ներկայացուցիչներ ուղարկելու մասին:
Արտ. գործ. մինիստր.— Ի նկատի ունեցեք, որ դելեգացիան երկու հանրապետությունների կողմից լավագույն դեպքում Բորչալու կարողանա գալ մի քանի օրից հետո, մինչդեռ անհրաժեշտ է հիմա իսկ ևեթ միջոցներ ձեռք առնել ժողովուրդը խաղաղեցնելու և հանգստացնելու, գոհացում տալով իր արդար պահանջներին: Սակայն եթե դուք ձեր այդ առաջարկը միակ ընդունելի միջոցն եք համարում, ես կհայտնեմ կառավարությանը:
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ.— Իմ առաջարկած միջոցը կարելի է արագ կատարել. մինչդեռ ձեր առաջարկը Թիֆլիս հաղորդել անհնար է, կապը կտրված լինելու պատճառով: Արտ. գործ. մինիստր.— Եթե կապը կտրված է, ապա ինչպե՞ս պետք է իմաց տրվի Թիֆլիս, որ վրաց պառլամենտից ներկայացուցիչներ գան: Համենայն դեպս, ես ձեր առաջարկը կհաղորդեմ կառավարությանը, իսկ դուք խնդրում եմ որևէ կերպ իմաց տաք վրաց կառավարությանը, որ գոնե անմիջապես վերջ տրվի բոլոր պատերազմական գործողություններին և զորք ուղարկելուն, որովհետև դրանով ավելի է խորացվում վիհը, բորբոքվում կրքերը և դժվարացնում խաղաղ հարդարման հնարավորությունը: