Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81
Մայիսի 3-6-ը Բիշքեկում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կկայանա Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ղրղըզստանի ԳԽ նախագահ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հաշտարար խմբի ղեկավար Մեդեթկան Շերիմկուլովը: Հանդիպմանը մասնակցելու համար մայիսի 2-ին Բիշքեկ է ուղևորվել ղարաբաղյան պատվիրակությունը՝ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ԳԽ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ՊՊԿ նախագահի խորհրդական Վասիլի Աթաջանյանը և օգնական Աշոտ Ղուլյանը: Բիշքեկ մեկնելուց առաջ Կարեն Բաբուրյանը մասնավորապես նշեց, որ Ղարաբաղը մեծ հույսեր է կապում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հետ, որը վերջին շրջանում ակտիվացրել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Սակայն շատ բան Բիշքեկում կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից, որի ղեկավարությունը մինչ այսօր դժկամությամբ է համաձայնել պաշտոնական շփումներ իրականացնել ղարաբաղյան կողմի հետ: ԱՊՀ և Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի աշխուժացմանը զուգահեռ, վերջին օրերին ակտիվացել է նաև ԵԱՀԽ-ն: Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Երևանից Ստեփանակերտ է ժամանել ԵԱՀԽ Մինսկի խմբի պատվիրակությունը փոխնախագահ Մաթիաս Մոսբերգի ղեկավարությամբ: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հակամարտության գոտում ԵԱՀԽ դիտորդների տեղաբաշխման մեխանիզմների մշակման հետ կապված բազմաթիվ հարցեր: Մինսկի խմբում իտալական ներկայացուցիչ Լուկա Ֆորնարին հերքել է ադրբեջանական աղբյուրների տարածած այն տեղեկությունները, թե իբր ղարաբաղյան ուժերը գնդակոծել են ԵԱՀԽ պատվիրակությունը Թարթառի շրջանի ռազմաճակատային գծում: Ըստ Ֆորնարիի՝ իրականում Մինսկի խմբի ներկայացուցիչները, այդ թվում՝ ռազմական փորձագետները, ականատես են դարձել դիրքային փոխհրետակոծության, և սխալ կլիներ պնդել, թե նրանց վրա նշանառու կրակ է բացվել: Ապրիլի 30-ին պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտից: ԼՂՀ անկախ դիտորդների կարծիքով՝ վերջերս ԵԱՀԽ Մինսկի խումբը հանդես է գալիս բավականին իրապաշտական դիրքերից: Սակայն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ այդ կազմակերպության միջնորդական ջանքերի ակտիվացումը զարմանալիորեն միշտ համընկնում է ղարաբաղյան ուժերի հաջող հակահարձակողական գործողություններին: