Երկիր, 19 հունիսի, 1993թ., շաբաթ
Օրերս Արցախում էր գտնվում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Հայլուրի» թղթակիցը մի քանի հարցով դիմեց նրան:
— Ընկեր Հովհաննիսյան, «ունկնդիրն» եղաք Ղարաբաղի քաղաքական այն իրադարձությունների, որոնք հանկարծակիի բերեցին հայ ժողովրդին: Ի՞նչ կարծիքի եք Դուք, քանզի այսօր Ղարաբաղում շատերն ասում են, թե սա դավաճանական քայլ էր հայ ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս եք գնահատում ԳԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Պետրոսյանի հրաժարականը:
— Բոլորին հայտնի է դաշնակցության տեսակետն այս հարցում: Բանն այն է, որ, կողմնակից լինելով բոլոր խաղաղարար միջամտություններին և ծրագրերին, այնուամենայնիվ, գտնում ենք, որ որևէ նման նախագիծ կամ ծրագիր չպետք է միակողմանի զիջումներ պարտադրի մարտնչող կողմերից մեկին, այս դեպքում՝ Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին: Այդպես եղել է նաև առաջ, և միակողմանի զիջումներ միայն հայերից են պահանջել: Բոլոր դեպքերում հաշվի չեն առնվել մեր առաջարկներն ու խնդիրները, որոնք ցանկացած խաղաղարար միջամտության ընթացքում անհապաղ պետք է կատարի նաև Ադրբեջանը: Գիտեք, որ երկու անգամ եղել է «եռյակի» առաջարկություն, որին մենք կտրականապես դեմ ենք եղել:
Նույնիսկ մի կողմ թողնելով այն ակնհայտ փաստը, որ անթույլատրելի է թշնամու առաջ բացել ռազմաճակատը և թողնել, որ նրա զինված ուժերը մտնեն քո թիկունքը, կասեմ հետևյալը, կարելի է զիջումների դիմել միայն այն դեպքում, երբ կան խաղաղության հստակ երաշխիքներ: Սակայն ինչպես Գորիսի հանդիպման ժամանակ հայտարարել էր ինքը՝ Հայաստանի նախագահը, մենք խոստումներ ենք ստանում, իսկ Ադրբեջանը ստանում է նյութ՝ տարածք: Այսքանից հետո 15 դիտորդի ներկայությունը խնդրո առարկա շրջանում որպես խաղաղության երաշխիք դիտել չենք կարող: Վերջին առաջարկությունը, որը ներկայացվում է ԵԱՀԽ մինսկյան խմբի կողմից (խոսքը ժամանակացույցի մասին է), այս առումով որևէ փոփոխություն չունի: Ավելի ճիշտ, փոփոխություններն աննշան են, քանզի նորից չի երաշխավորվում Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Ես անթույլատրելի եմ գտնում Հայաստանի իշխանությունների կողմից այն աննախադեպ ճնշումը, որի միջոցով (վկա՝ տխրահռչակ գորիսյան հանդիպումը) Ղարաբաղի իշխանություններին փորձ արվեց պարտադրել պարտվողական դիրքորոշում: Այդ ճնշումը շարունակվեց նաև Ստեփանակերտում, ուր ժամանել էր Լ. Տեր-Պետրոսյանը՝ հավանաբար Ղարաբաղ այցելելու համար ավելի կարևոր առիթ չգտնելով:
Անդրադառնալով ձեր հարցին՝ պետք է նշեմ, որ ճնշումը, կարծում եմ, տեղ չհասավ, որովհետև ի վերջո փաստաթուղթը անվերապահորեն ընդունված չեմ համարում, վաղ եմ համարում դրա հետ կապված արդյունքների մասին խոսելը: Ցավալի է, բայց Հայաստանի Հանրապետության ողջ քարոզչական համակարգն աշխատում է ստեղծել այն տպավորությունը, իբր դաշնակցությունը «պատերազմի կուսակցություն է», դեմ է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Այնինչ, իմ կարծիքով, պատերազմի թեժացմանը կարող է նպաստել այն ոչ հեռատես քաղաքականությունը, որն անուղղակիորեն, իսկ երբեմն էլ պարտադրաբար փաթաթվում է հայերի վզին՝ տարբեր «միջազգային» կոչվող փաստաթղթերի միջոցով:
Բայց այս ամենը հարցի միայն մի կողմն է: Քաղաքական իրադարձություններից ավելի կարևոր եմ համարում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի հրաժարականը: Շատ լավ գիտակցում եմ, որ այնպիսի բախտորոշ հարցը, ինչպիսին է ժամանակացույցի ստորագրումը, և դրա ակնհայտորեն երևացող վտանգավոր հետևանքները Հայաստանի իշխանությունները հաճույքով կդնեին ղարաբաղցիների կամ ընդդիմության ուսերին, բայց պատասխանատվությունից անվերջ խուսափել հնարավոր չէ: Համարում եմ, որ Գ.Պետրոսյանը ճիշտ վարվեց՝ վերջնական որոշման իրավունքը թողնելով ԳԽ նախագահությանը: Ինչպես գիտեք, նախագահության վերջնական որոշում այդպես էլ չկա, իսկ Գ.Պետրոսյանի հրաժարականի հետևանքով նախագահի պաշտոնակատար դարձած Կարեն Բաբուրյանի քայլերը արվել են իր անհատական պատասխանատվությամբ: Որքանով են դրանք ընդունելի լինելու Ղարաբաղի բնակչության և բանակի համար՝ ցույց կտա ժամանակը, բայց վստահ եմ, որ Ղարաբաղի օրենսդիր իշխանության նոր ղեկավարը նույնպես ամենից վեր պիտի դասի Արցախի և դրանով իսկ՝ հայ ժողովրդի ազգային շահը:
— Ի՞նչ կարծիքի եք նախագահի նոր պաշտոնակատարի մասին:
— Չէի ասի, թե շատ մոտիկից եմ ճանաչում պարոն Բաբուրյանին: Նրան լավ ճանաչող իմ ընկերների կարծիքով, Կարեն Բաբուրյանը հայրենասեր արցախցի է: Հարցը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Խնդիրը ոչ թե ղեկավարության փոփոխության մեջ է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում Քելբաջարի հարցում ողջ պատասխանատվությունը բարդել ղարաբաղցիների ուսերին: Փաստորեն, սա ողջ ազգին վերաբերող բախտորոշ հարցում պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձ է: Սա անընդունելի է, մանավանդ՝ այս հարցում Հայաստանի իշխանությունների պատասխանատվության բաժինը ակնհայտ է:
Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնակատար դարձած Կարեն Բաբուրյանին, որքան ինձ հայտնի է, ժամանակին, մեկ տարի առաջ, նա եղել է ՀՅԴ Արցախի կազմակերպության անդամ: Ինքնամեկուսացման և կուսակցական աշխատանքներից հեռանալու պատճառով, համաձայն մեր կանոնագրքի, ինքնաբերաբար դուրս է մնացել մեր կազմակերպության շարքերից: Այնպես որ, ներկայումս Ղարաբաղի խորհրդարանում անկախ պատգամավոր է՝ չլինելով որևէ խմբակցության անդամ:
Ի դեպ, այն բարձր պաշտոնի համար, որ ներկայումս զբաղեցնում է պարոն Բաբուրյանը, բոլորովին կարևոր չէ կուսակցական պատկանելությունը: Շատ ավելի կարևոր է մարդու ազգային ինքնագիտակցությունը, ազգային շահի ճիշտ ըմբռնումը: Այս առումով որևէ կասկած չունեմ, որ Կարեն Բաբուրյանի բոլոր քայլերը կհիմնվեն պատասխանատվության գիտակցման վրա:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա մեզ համար ազգընտիր օրինական իշխանությունները՝ լինեն օրենսդիր, թե գործադիր, մարմնավորում են Արցախի կամքը, և մենք միշտ պատրաստ ենք նոր նախագահի պաշտոնակատարին օգտակար լինել ցանկացած ազգանվեր գործունեության մեջ, բոլոր բնագավառներում:
— Ասում են, թե Դաշնակցությունը պատերազմի, հեղափոխության, «հարատև կռվի» գաղափար տարածող կուսակցություն է: Այս առումով ի՞նչ կասեք Մարտակերտի և Շահումյանի մասին:
— Նորից ստիպված եմ վերադառնալ խաղաղարար նախաձեռնություններում բացակայող երաշխիքների հիմնահարցին: Այդպիսի երաշխիք կարող էր լինել, օրինակ, ԼՂՀ տարածք հանդիսացող Շահումյանի և Մարտակերտի շրջաններից ադրբեջանական ուժերի դուրսբերումը՝ որպես համապատասխան փոխզիջում: Ցավոք, այդ շրջանները ադրբեջանցիների կողմից զավթվելուց հետո միջազգային հանրությունը չի անդրադարձել այս հարցին: Բայց մեզ համար այն գոյություն ունի, և անկախ բոլոր համաձայնություններից՝ Մարտակերտն ու Շահումյանը պետք է վերադարձվեն ԼՂ Հանրապետությանը: Թե ինչ միջոցներով կարելի է սրան հասնել՝ այլ խոսակցություն է, բայց համարում եմ, որ իրենց վճռական խոսքը պետք է ասեն Մարտակերտի ճակատը պաշտպանող ազատամարտիկները և Շահումյանի անտառներում իրենց հերոսամարտը շարունակող հայդուկները: