«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Հունիսի 17-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը հայտարարությամբ դիմել է հանրապետության ժողովրդին, որտեղ ասվում է.
Հայրենակիցնե՛ր,
Ադրբեջանի ազգային բանակի աննախադեպ հարձակման պատճառով հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Անհամեմատ գերակշիռ ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի շնորհիվ թշնամուն հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել ռազմաճակատի տարբեր հատվածներում։ ԼՂՀ ինքնապաշտպանության մարտիկները հերոսաբար կռվում են ամեն մի թիզ հողի համար, զզալի կորուստներ պատճառելով հակառակորդին, որն արդեն 1000-ից ավելի զոհեր ու վիրավորներ է տվել։ Ռազմաճակատի ամբողջ երկայնքով մեր քաջորդիներին հաջողվել է կասեցնել զավթիչի առաջխաղացումը եւ աստիճանաբար հետ մղել նրան։ Միայն Մարտակերտի շրջանի վերին գոտում է թշնամին առայժմ պահում բռնագրաված տարածքները։
Քույրեր եւ եղբայրներ,
Արցախի իշխանությունները բոլոր միջոցները ձեռնարկում են հայրենի հողը հրոսակներից պաշտպանելու եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար։ Արդեն առկա են առաջին արդյունքները։ Իրավիճակը ի նպաստ մեզ փոխվելու միտում է նկատվում։ Ամենայն համոզմամբ կարող ենք ասել, որ այս անգամ եւս արցախցին կպաշտպանի իր հողն ու պատիվը։ Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է չկորցնել ոգու կորովը, չմատնվել խուճապի եւ ազգովին լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Արցախի տղամարդի՛կ, եկել է հայրենասիրությունը գործով ապացուցելու ժամը։ Թշնամին, ինչպես միշտ, մեր հողում կգտնի իր մահն ու անփառունակ պարտությանը։ Կենաց մահու այս պայքարում հաղթանակը մերը կլինի։