November 28, 2024

Ազատագրվել են Լյուլասազն ու Տոնաշենը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Կատաղի մարտեր արևելյան ամբողջ ճակատով

«Ազգ», 8 հունիսի, 1993թ., երեքշաբթի

Հունիսի լույս 14-ի գիշերը և երեկ օրվա առաջին կեսին շարունակվում էին մարտական գործողությունները ԼՂՀ արևելյան ռազմաճակատի բոլոր հատվածներում: Ադրբեջանի Աղդամի շրջանի ռազմական հենակետերից հեռահար հրետանուց և «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Ասկերանի շրջանի սահմանամերձ բնակավայրերը, որի հետևանքով կան տուժածներ և ավերածություններ: ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումները ստիպված են եղել դիմել պատասխան գործողությունների: Ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանին, ապա Ստեփանակերտի մեր թղթակից Վահրամ Աղաջանյանի տվյալներով, երեկ ժամը 14-ին կատաղի մարտեր էին ընթանում շրջկենտրոնի մատույցներում: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Նոյյան Տապան գործակալությունը հաղորդում է, թե ԼՂՀ մամուլի և լրատվության պետվարչության ղեկավար Մարսել Պետրոսյանի խոսքերով, Ադրբեջանն իր ներքաղաքական խնդիրները լուծելիս միշտ խաղարկում է ղարաբաղյան փաստաթուղթը, և ներկա լայնածավալ գրոհը Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն է՝ ղարաբաղյան ռազմաճակատում հաջողությունների գնով լուծելու իր ներքաղաքական խնդիրները:

Իրենց հերթին ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, թե երեկվա տվյալներով հայկական կազմավորումները շարունակում էին ծանր հրետանուց և «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծության ենթարկել Աղդամ շրջկենտրոն ու մերձակա գյուղերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, հունիսի լույս 14-ի գիշերը Հայաստանից Լաչինի միջանցքով Ղարաբաղ է հասցվել 15 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ Տ-72 տիպի տանկեր:

Ինչպես հայտնի է, մոտ երկու շաբաթ տևած հարաբերական հանգստից հետո իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ սրվել էր. շաբաթ օրը, երբ առավոտյան ադրբեջանական կազմավորումները Աղդամի շրջանի ռազմական հենակետերից զենքի տարբեր տեսակներից ուժգին հրետակոծության են ենթարկել Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա մի քանի ժամ տևած հրետանային նախապատրաստությունից հետո լայնածավալ գրոհ ձեռնարկել միաժամանակ մի քանի ուղղություններով: Ռազմաճակատի տարբեր հատվածներում կատաղի մարտեր են ընթացել, որոնց ընթացքում հակամարտ կողմերը գործի են դրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Կասեցնելով թշնամու գրոհը՝ Մարտունու շրջանի պաշտպանական ուժերն անցել են հակահարձակման և Աղդամի շրջանի մի շարք սահմանամերձ բնակավայրերում լռեցրել թշնամու կրակակետերը: Մարզիլի գյուղի մերձակայքում զոհվել է Մարտունու պաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը՝ փայլուն կերպով ավարտելով իր վերջին մարտական օպերացիան, որի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 3 տանկ և մեկ մարտական մեքենա: Գործողության ընթացքում հայկական կողմից զոհվել է երեք մարդ: Թշնամին կորցրել է մի քանի տասնյակ զինվոր:

Ադրբեջանական բանակի գրոհը ձախողվել է նաև Ասկերանի ուղղությամբ, որտեղ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումները պատասխան գործողություններով թշնամուն ետ են շպրտել նախնական դիրքերը և ոչնչացրել մի քանի կրակակետ: Ռազմաճակատի այս հատվածում կորուստների մասին տեղեկությունները ճշտվում են: Ռազմական գործողություններն առավել հաջող են ընթացել Ղարաբաղի հյուսիսարևելքում՝ Մարտակերտի շրջանում, որտեղ հայկական ուժերը հուժկու հարվածով հունիսի 13-ին ազատագրել են Լյուլասազ (Հակոբ Կամարի) և Տոնաշեն գյուղերը: Ռազմաճակատի այս հատվածում ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումներին հաջողվել է ոչնչացնել թշնամու ռազմական հենակետերը Ալիաղալի բնակավայրում: Երկու կողմերից էլ կան զգալի կորուստներ, որոնց թիվը ճշտվում է:

Ադրբեջանական բանակի լայնածավալ առթիվ ԼՂՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ադրբեջանական ուժերին մեղադրել է ԼՂՀ պետական սահմանի խախտման և լայնածավալ գրոհի փորձի համար: Հայտարարության մեջ ասվում է, որ թեև ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումներին հաջողվում է կասեցնել թշնամու գրոհը, այնուամենայնիվ ադրբեջանական ուժերը կարողացել են ճեղքել հայկական պաշտպանության շղթան և Ասկերանի ուղղությամբ գրավել են մի քանի մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ: Ըստ հայտարարության, Ադրբեջանը նման գործողություններով փորձում է ապակայունացնել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն ստեղծված իրավիճակում ԼՂՀ իշխանությունները մտադիր են անել ամեն ինչ լուրջ բախումներից խուսափելու համար:

Իր հերթին պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրել է անակնկալ լայնածավալ հարձակման մեջ: Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայության տվյալներով, շաբաթ առավոտյան հայկական կազմավորումները զրահատեխնիկայի և օդուժի աջակցությամբ գրավել են երեք գյուղ Աղդամի և մեկ գյուղ Աղջաբեդիի շրջանում: Ըստ նույն աղբյուրների, հարձակմանը հայկական կողմից մասնակցել է 17 տանկ: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, թե կիրակի առավոտյան իրենց հաջողվել է ազատագրել բոլոր 4 գյուղերը, սակայն նույն առավոտյան հայկական ուժերը վերսկսել են լայնածավալ գրոհը:

Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, թե հայկական ուժերի լայնածավալ գրոհի հետևանքով կան մեծաթիվ զոհեր և ավերածություններ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives