Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի կառավարությանը Խալիլ փաշայի և գեներալ Սալիմովի զորամասերի կողմից Ղարաբաղի և Գանձակի հայկական գյուղերն ավերելու, բնակչությանը կոտորելու, դեպի Զանգեզուր շարժվելու և Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականության մասին
N654
9 ապրիլի 1920 թ.
Բաքու
Ամենահավաստի աղբյուրներից կարող ենք հաղորդել, որ Ղարաբաղի շրջանում կենտրոնացած Ադրբեջանի զորամասերը Խալիլ փաշայի և գեներալ Սալիմովի գլխավորությամբ շարժվել են դեպի Զանգեզուր: Միաժամանակ ուժեղ հարձակումն է սկսվել նաև Ջիվանշիրի հայկական շրջանի գյուղերի վրա:
Մասնավոր աղբյուրներից ստացված ստույգ տեղեկություններից երևում է, որ Ղարաբաղի շրջանի, գլխավորապես Խաչենի հայկական գյուղերը սոսկալի ավերածության են ենթարկվել, ինչպես և Գանձակի շրջանի հայ գյուղերը: Ասում են ավերածությունն այնպիսի բարբարոսության է հասել, որ շատ տեղեր չի կարելի նշմարել, թե երբևիցե այդտեղ բնակություն է եղել: Գյուղերը հողին հավասարեցրել են մասնավորապես Գանձակի շրջանում, իսկ բնակիչների մնացորդները լեռների ու անտառների խորքերում ապաստան գտնելով մասսայական կոտորածի սարսափի տակ են եթե ոչ ադրբեջանյան բաշիբոզուկներից, ապա տարափոխիկ հիվանդություններից:
Լուրջ ուշադրություն պիտի առնել, որ Ադրբեջանը ոչ միայն յուր զինվորական բոլոր ուժերը, այլ և ահագին թվով զինված հրոսակախմբեր «կամավորների» անվան տակ կենտրոնացրել է Ղարաբաղի շրջանում, որպեսզի ինչ գնով էլ ուզում է լինի, այս անգամ Ղարաբաղն ու Զանգեզուրը վերջնականապես գրավել, որից հետո Ղարաբաղի թրքացումը անխուսափելի պիտի համարել, Նուխու և Արեշի հայ ժողովրդի մնացորդները. կենտրոնացած լինելով գլխավորապես Վարդաշեն, Ճալեթ և Նիժ գյուղերում, մասսայական կոտորածի են ենթարկվել: Ադրբեջանի մամուլը այս բոլոր սոսկումների հանդեպ զաքարական լռություն է պահում: Հայերի դեմ սկսած հալածանքը, անհատական սպանությունները, կալանավորումները, բռնությունները և կողոպուտը սովորական են Ադրբեջանի ամբողջ տերիտորիայի վրա: Այդ տեսակետից Բաքուն անգամ բացառություն չի կազմում: Հայերը ահաբեկված վիճակումն են և երեկոները ժամը 7-8-ից հետո փողոց դուրս գալ շատ քչերն են վստահում:
Կարծում ենք, որ ամենակտրուկ կերպով պիտի բողոքել դաշնակիցների ներկայացուցիչների առաջ և պահանջել անհետաձգելի միջոցներ ձեռք առնել Ադրբեջանի կառավարության հայահալած քաղաքականության վերջ դնելու: Երկաթուղով հայի համար երթևեկելը դադարել է, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ճանապարհին վագոնից չեն դուրս բերի և սպանի:
Ադրբեջանը որոշել է լուռ ու մունջ բնաջինջ անել յուր տերիտորիայի վրա ապրելու դժբախտություն ունեցող հայությունը:
Չի կարելի համաձայնել, որ դաշնակիցների ներկայացուցիչներից կազմված քննիչ հանձնաժողովի Ղարաբաղ գնալը հետաձգվի: Մեր ունեցած տեղեկություններով Խոյսկին գրել է, որ այդ հանձնաժողովը չի ճանապարհվի մինչև յուր Թիֆլիզ գնալը: Մենք համոզված ենք, որ Ադրբեջանը յուր այդ գործելակերպով ուզում է ժամանակ վաստակել ու յուր բարբարոսական ծրագիրը լրացնել: Հանձնաժողովին պիտի հայտնել, որ յուր այցելության ժամանակ անպատճառ նաև Գանձակի շրջանն անցնի և ծանոթանա դրության հետ:
Դիվ. ներկ. Հարությունյան
Քարտ. Առաքելյան ՀՀ ՊԱ, ֆ. 200, ց. 2, գ. 79, թ. 29-30: Պատճեն: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003