«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ
Ադրբեջանական կազմավորումները վերջին երկու օրերին ակտիվացրել են իրենց գործողությունները Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, հավանաբար փորձելով փոխհատուցել ղարաբաղյան ճակատներում իրենց վերջին ծանր պարտությունները:
Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հուլիսի 22-ի երեկոյան և գիշերը Սադարակի կողմից զրահամեքենաներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացվել Արարատի շրջանի Սևակավան և Երասխ բնակավայրերի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը, ժամը 22ից 23-ը տանկից և ականանետներից հրետակոծվել են նաև Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ և Արտանիշ գյուղերը, իսկ հուլիսի 23-ի լուսադեմին հրանոթներից գնդակոծվել են Գորիսի շրջանի Կոռնիձոր և Խնձորեսկ գյուղերի պաշտպանական դիրքերը: Բոլոր դեպքերում էլ հետևանքներ չկան:
Հակառակորդը իր սադրանքները դադարեցրել է հայկական ուժերի համարժեք պատասխան գործողություններից հետո միայն:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հուլիսի 23-ին, ժամը 14-ին ադրբեջանական բանակի երկու ռազմական ինքնաթիռ, խախտելով Հայաստանի օդային սահմանը, կասետային երեք ռումբ են նետել Կապան քաղաքի վրա: Դրա հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել 14 խաղաղ բնակիչ: Քաղաքում կան ավերածություններ: Այդ կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: