«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Նոյեմբերի 12-ի երեկոյան աննախադեպ ուժեղ հրթիռահրետակոծության են ենթարկվել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի դիրքերը Մարտակերտի ռազմաճակատում։ Ըստ երեւույթին, ադրբեջանական բանակը այն ձեռնարկել է կանխելու համար արդեն անխուսափելի դարձած Չլդրան եւ մի շարք այլ, կիսով պաշարված գյուղերի ազատագրումը։ Սակայն երկու կողմերն էլ ձեռնպահ են մնացել որեւէ առաջխաղացումից՝ անբարենպաստ եղանակի պատճառով։
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական վերլուծական կենտրոնի այն հաղորդագրությունը, ըստ որի իբր թե Ֆիզուլու շրջանի տարածքում, Ղաջար գյուղի շրջակայքում, խփվել է ՄԻ-24 հայկական ռազմական մի ուղղաթիռ։