«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման Մինսկի խորհրդաժողովի Հռոմի աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը հաջորդած օրերին մի շարք ադրբեջանական, թուրքական, ռուսական եւ այլ տեղեկատվական միջոցներով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ հանդիպման արդյունքները խեղաթյուրող հայտարարությունների կապակցությամբ մարտի 16-ին տեղի ունեցած բրիֆինգում հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Ա. Սաֆարյանը։ Հերքելով ադրբեջանցի եւ թուրք քաղաքական գործիչների բազմիցս արված այն հայտարարությունները, թե Հռոմի հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել «Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին միջազգային չափանիշներով ընդունված լայն ինքնավարություն շնորհելու» վերաբերյալ, նա ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մնում է անփոփոխ։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների լիարժեք մասնակցությամբ, անմիջապես եւ առանց նախապայմանի հաստատուն զինադադարից հետո»,– հայտարարեց նա։ Ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարության դիրքորոշումը, Ա.Սաֆարյանը նշեց, որ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայման կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Ադրբեջանի պատրաստակամությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ա. Կոզիրեւի ու Հ. Չեթինի վերջերս կայացած հանդիպման արդյունքում իբր առաջադրված ծրագրին, ինչը լայնորեն մեկնաբանվում է ադրբեջանական եւ թուրքական մամուլում, նա հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն առայսօր այդ «ծրագրի» մանրամասների վերաբերյալ այդպես էլ որեւէ պաշտոնական տեղեկություններ չեն ստացել։
Ա. Սաֆարյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ այս շաբաթ Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժոդովրդական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Չժաո Սի Գին։ Օրերս նա ՀՀ նախագահին կներկայացնի Հայաստանում Չինաստանի դեսպանի իր հավատարմագիրը։ Երեւան է ժամանել նաեւ Գերմանիայի գործերի նոր հավատարմատար Նորբերտ Հայնցեն։ Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանը, համատեղելով Վրաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը, դեսպանության վայր է ընտրել Թբիլիսին, եւ Նորբերտ Հայնցեն կլինի ոչ թե իր պետությունը ներկայացնող առաջին դեմքը, այլ պարզապես Հայաստանում գործող ամենաբարձրաստիճան գերմանացի դիվանագետը։
Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել եգիպտացի նշանավոր դիվանագետ Ահմադ Ֆուադ Ռասլանը։ Նշենք, որ նա ունի դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ, աշխատել է Բաղդադում, Ամմանում, Մապուտուում, Թել Ավիվում, իսկ վերջին տարիներին զբաղեցրել է եգիպտական դիվանագիտական ակադեմիայի փոխռեկտորի պաշտոնը։ Սպասվում է, որ նա Երեւան կժամանի ապրիլ ամսին։