«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)
Հունվարի 4-ին Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ «նոր, 1993 թվականի սկզբին վրաց ագրեսորները հերթական բարբարոսությունն են գործել։ Հունվարի 3-ին մարտական ուղղաթիռով եւ ինքնաթիռով Օչամչիրի շրջանի Բեսլախուբա, Ակուասկա, Ռուփ, Մերկուլա գյուղերի հրթիռակոծման եւ ռմբակոծման հետեւանքով զոհվել է 9 եւ վիրավորվել 12 խաղաղ բնակիչ, հիմնականում կանայք եւ երեխաներ»։ Այնուհետեւ հաղորդվում է, որ նույն օրը «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Նովի Աֆոն քաղաքը, որի արդյունքում մի քանի մարդ է զոհվել։
«Ով էլ լինի այդ անմարդկային գործողությունների անմիջական կատարողը, բուն մարդասպանը հայտնի է։ Նա՝ իր էությամբ հանցագործ Վրաստանի պետության ղեկավարությունն է, որի նպատակը ժողովուրդ բնաջնջելն է, Աբխազիայի պետականության ոչնչացումը եւ միատարր, զուտ ազգային վրացական պետության ստեղծումը», ընդգծված է փաստաթղթում: