October 25, 2021

Օգնության առաքումը և վարկերը վտանգված են

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Արամ Սաֆարյանը օգոստոսի 31-ին կայացած բրիֆինգում հերքեց լրատվական որոշ միջոցների այն հաղորդումները, թե իբր Մոսկվայում սկսվել են Մինսկի խմբի շրջանակներում սպասվող խորհրդակցությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Իրականում, ասաց նա, դրանք հետաձգվել են անորոշ ժամանակով՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որը հետագա քայլերը կապում է Ադրբեջանում կայացած հանրաքվեի արդյունքների հետ:

ՄԱԿ-ի թիվ 853 բանաձևի և հայտնի ժամանակացույցի կիրառման կապակցությամբ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ և պետություններ, ինչպես և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին շրջանում հակամարտության սրման, հայկական զինված ուժերի ձեռնարկած գործողությունների, ադրբեջանցի փախստականների զգալի աճի և հակամարտության գոտու մեջ նոր շրջանների ընդգրկման կապակցությամբ: Մամուլի քարտուղարը նշեց, որ արտասահմանում գործող մեր դեսպանատների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների միջոցով արտգործնախարարությունը ստացել է դեմարշեր և դիմումներ: Մասնավորապես, ՀՀ արտգործնախարարությանը իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարները: Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իրենց նմանօրինակ միասնական դիմում կհանձնեն Եվրոպական համայնքի երկրները: Դիմումների տոնից, ասաց նա, զգացվում է, որ որոշակի օգնություն առաքելու հարցում, նույնիսկ սպառնալիքի տակ են հանրապետությանը տրվող խիստ անհրաժեշտ վարկերը, մասնավորապես ձմռան կարիքների համար նախատեսվածները:

Մամուլի քարտուղարը նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուշադրությամբ և մոտիկից հետևում է անցուդարձին, և ըստ երևույթին, քննարկման է պատրաստում նոր փաստաթուղթ:

Դրվատելի համարելով Լեռնային Ղարաբաղի միջազգային շփումների ակտիվացումը և նշելով, որ դրանք պետք է ավելի ընդլայնվեն, ներառելով նաև ՄԱԿ-ի կազմակերպություններն ու հանձնախմբերը, Ա. Սաֆարյանը շեշտեց, որ ամեն պարագայում կան պատասխաններ ու գնահատականներ, որոնք պետք է հնչեն ոչ թե Երևանից, այլ Ստեփանակերտից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը որևէ սկզբունքային փոփոխություն չի կրել, հայտարարեց մամուլի քարտուղարը և ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանի ներքին անկայունության պատճառով շարունակական ընթացք չեն ստանում Ղարաբաղ-Ադրբեջան ուղղակի շփումները, որի հետևանքով դժվարանում է զինադադարի հաստատումը:

ՌԴ նախագահ Ելցինի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովի վերջին այցի կապակցությամբ տեղեկացվեց, որ նա տարածաշրջանում ունեցած խորհրդակցությունների ժամանակ կողմերին առաջարկել է Ռուսաստանի միջնորդական քայլեր, որոնց նպատակներից են զինադադարի երկարաձգումը, ԵԱՀԽ Մինսկի խմբի գործընթացների աշխուժացումը: Ըստ երևույթին, ասաց Ա. Սաֆարյանը, Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը հավանաբար դժգոհ է Մինսկի խմբի աշխատանքների դանդաղ ընթացքից, ջանում է արագացնել դրանք:

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ օգոստոսի 17-ին ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր Բուտրոս Ղալիի պատասխանը ՀՀ արտգործնախարար Վ. Փափազյանի ուղերձին, որում նա խնդրում էր դիտորդներ ուղարկել Փոթի և Բաթում քաղաքներով ստացվող մարդասիրական օգնության անվտանգությունն ապահովելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիտորդների առաքումը կապում է բազմաթիվ տեխնիկական պատճառների հետ և միաժամանակ նշում, որ այս և նման կարգի դժվարությունները կհաղթահարվեն, եթե կողմերը ապահովեն ՄԱԿ-ի 822 և 853 բանաձևերի իրականացումը:

Գարիկ Իսրայելյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives