March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Քլինթոնը փորձում է լուռ դիվանագիտությամբ կարգավորել պատերազմները ԱՊՀ սահմաններում

Քլինթոնը փորձում է լուռ դիվանագիտությամբ կարգավորել պատերազմները ԱՊՀ սահմաններում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ.

Արևմտյան մամուլը վերջերս հաճախ է գրում Ռուսաստանի՝ նախկին կայսրության սահմաններն իր ազդեցության անձեռնմխելի գոտին նկատելու, Անդրկովկասն ու մյուս շրջաններն  անպայմանորեն իրեն վերապահելու, այդ նպատակով ներքին հակասությունները հրահրելու, Արևմուտքի հետ այդ կապակցությամբ խուլ պայքար մղելու մասին: Այդպիսի հրապարակումներից մեկն էլ «Ուոլ Սթրիթ Ջըռնըլ» ամերիկյան հայտնի թերթի հուլիսի 26-ի համարում լույս տեսած այս հոդվածն է, որ խոսում է ամերիկյան պետվարչությունում Ռուսաստանի հանդեպ լուռ, հանդարտ քաղաքականություն վարելու մասին: Այնուամենայնիվ, ինչպես երևում է թերթի աշխատակազմի անդամ թղթակցի հոդվածից, ամերիկյան վարչության այդ քաղաքականությունն այնքան էլ սրտովը չէ ամերիկյան որոշ ստրատեգների, որոնցից է Պոլ Գոբլը, որի Նախիջևան-Զանգեզուր-Ադրբեջան տխրահռչակ ծրագիրը ծանոթ է մեր ընթերցողներին: Վերջինս կողմնակից է Ռուսաստանի և նախագահ Ելցինի նկատմամբ ավելի կոշտ վերաբերմունքի:

Ռուսաստանի սահմաններում մոլեգնող քաղաքացիական բազմաթիվ պատերազմների և պայթյունավտանգ ուրիշ իրավիճակների դիմաց Քլինթոնի վարչությունը որոշել է փորձել լուռ դիվանագիտության տարբերակը:

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակնկալվում է, որ վարչությունը ռուսաստանյան հարցերի գծով համակարգող Ստրոբ Տալբոտին կտա մի նոր օգնական, որի դրույքով աշխատանքը կլինի ամբողջովին վնասազերծել այդ կոնֆլիկտները:

Այդ առաքելությունը շատ նուրբ, զգայուն է: Մինչ ամերիկյան վարչությունը հավատացած է, որ Ռուսաստանի նախագահ Ելցինն ակտիվորեն չի հրահրում կամ օգնում այդ կոնֆլիկտներին, սակայն կասկած չկա, որ ռուսական զինվորական բարձրաստիճան սպաները, ինչպես նաև ազգայնական քաղաքագետները, հենց այդպես էլ վարվում են:

Ամերիկյան նոր միջնորդների պարտականությունն է լինելու որոշելը, թե ինչպես կարելի է կարգավորել այդ կոնֆլիկտներն առանց տկարացնելու Ելցինին, և ոչ էլ զորացնելու նրա գերազգայնական հակառակորդներին:

«Մենք չենք խոսում զինվորական միջամտության մասին, ասում է ամերիկյան պատասխանատուներից մեկը, ինչ որ արվելու է, արվելու է լուռ, շատ զգայուն ձևով»:

Սակայն, «Քարնեգի  Էնդաումենտ ֆոր Ինտերնեյշընըլ Փիս» հետազոտական ինստիտուտի մասնագետներից Պոլ Գոբլը առարկում է: Ըստ նրա, եթե ճնշում չբանեցվի Բորիս Ելցինի վրա, որպեսզի նա զսպի իր զինվորականներին և գերազգայնականներին, ապա Մ. Նահանգները հազիվ թե կարողանա կարգավորել այդ կոնֆլիկտներից որևէ մեկը, կամ նույն նպատակով օգնել նույնինքն Ելցինին: «Նրանց ամբողջ արածն այլ բան չէ, եթե ոչ Ելցինին մի նոր պատրվակ տալ, որպեսզի խուսափի ճիշտ դիրքորոշումից»,– ասում է Գոբլը:

Մինչ այդ, Ելցինը նույնպես մտահոգվելու բան ունի Ռուսաստանի ներսում տիրող անջատողական շարժումներից:

Շևարդնաձեի դժվարությունները

Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վերջերս արտառուչ նամակ էր հղել նախագահ Քլինթոնին, խնդրելով օգնել իր երկրին: Շևարդնաձեն, Արևմուտքի հին բարեկամներից մեկը, ներկայումս պայքարում է ռուսական պաշտպանություն վայելող անջատողականների դեմ, երկրի 2 տարբեր մասերում և փորձում է վերահսկման ենթարկել իր ըմբոստ, գերազգայնական զինվորականներին: Նախագահ Քլինթոնը որոշել է Վրաստան ուղարկել 30 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Մ. Նահանգները Շևարդնաձեի խնդրանքը քննարկել է պրն. Ելցինի հետ, որն իր հերթին վերջերս փորձում էր միջնորդված կարգավորում մտցնել ճակատների վրա:

Սակայն ամերիկացի պաշտոնատարներն այնքան էլ վստահ չեն, թե համաձայնությունը կգոյատևի: Նրանք վստահ չեն նաև, թե նախագահ Ելցինը որքանով է տիրապետում Վրաստանում տիրող կացությանը, որտեղ դեռևս 15 հազարանոց ռուսական զորք կա:

Մ. Նահանգների օգնության խնդրանք էր ստացել նաև Ադրբեջանի ժողովրդավարականորեն ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյից, որն անցյալ ամիս գահընկեց եղավ ռուսական բանակի հետ ուժեղ կապեր ունեցող նախկին կոմունիստ ղեկավարի կողմից: Էլչիբեյի հանցանքների թվում էր թուրքամետ լինելն ու հակառուսական թեքում ունենալը, ինչպես նաև Հայաստանի հետ հնգամյա արյունալի պատերազմի շուրջ բանակցելու ցանկությունը: Նրա անկումից առաջ Մ. Նահանգների հատուկ բանագնացը իրական առաջադիմություն էր արձանագրել խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Բայց ներկայումս գրեթե վերադարձ ենք կատարել դեպի զրո կետ»,– ասում է ամերիկյան ավագ քաղաքագետներից մեկն ակնհայտ դառնությամբ:

Կարլա Անն Ռոբինս

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives