December 6, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Քաղվածք Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցից Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Քաղվածք Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցից Հայաստանի արտաքին գործերի նախարարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Քաղվածք Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցից Հայաստանի արտաքին գործերի նախարարին դաշնակցական անվան տակ հայերի ձերբակալությունների, այդ հարցում հայ կոմունիստների դերի, բանտարկյալների փոխանակման և այլ հարցերի մասին

17 հուլիսի 1920 թ. Բաքու

Հայերի ձերբակալությունները մասայական բնույթ առան: Զարմանալի բարեխիղճ կերպով, շղթայազերծ ստրուկների նման այդ գործում եռանդ են թափում հայ կոմունիստները: Այսպես կոչված «Դաշնակցականների գործը» նրանց է հանձնված, դրանք են ձերբակալում ըստ իրանց հայեցողության, դրանցից է կազմված քննիչ հանձնախումբը Արտավազդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Ձերբակալվածներին հարց ու փորձ են անում, թե ովքեր են դաշնակցականները, որտեղ են պահված նրանց զենքերը, ինչ կապ ունեն դաշնակցության հետ և այլն: Քչերն են արձակվում, մեծամասնությունը տնքում է բանտերում անտանելի պայմանների մեջ: Դաշնակցական անվան տակ բանտարկված են հազարավոր բոլորովին անմեղ և անմասն հայեր: Թուրքի ատելությունը և ծրագիրը հայի վերաբերմամբ և հայ մեծամասնականի կուսակցական կիրքը այստեղ զուգադիպում են և եռանդով կրկնապատկում:

Օդի մեջ պտտվում է բանտարկյալների փոխանակության խնդիրը, որի մասին լսեցինք, որ Տփխիսում սկզբունքային համաձայնություն է կայացել Բեգզադյանի և Հուսեյնովի մեջ: Ձեր հեռագրի համեմատ Կիրովը դիմում արեց Ադրբեջանի ռևկոմին, բայց թե ինչ վիճակի մեջ է այդ գործը ինձ անհայտ է: Բոլորս, թե մերոնք և թե մեծամասնական հայերը սպասում ենք Ար. Առաքելյանի վերադարձին, համոզված լինելով, որ նա մի հաստատուն որոշում է բերելու: Ինձ թվում է, թե փոխանակությունը ամենևին ցանկալի չէ թուրք կոմունիստների համար, քանի որ երկու կողմից էլ բանտարկվածները հայեր են, իրենց համար հավասարապես ատելի, հետևաբար գործը պիտի այնպես տանեն, որ տեղի ունենա ոչ թե փոխանակություն, այլ վրեժխնդրական փոխադարձ գնդակահարում: Ուստի պետք է ամեն ջանք գործ դնեք, փոխանակություն գլուխ բերեք: Երբեք չհամաձայնվեք փոխանակությունը կատարելու առանց իմ գիտության և հավանության, պայմանները հետևյալը պիտի լինի. 1) փոխանակությունը պիտի կատարվի Տփխիսում, 2) փոխանակության ենթարկվեն բոլորը, առանց հպատակության խտրության, 3) դաշնակցականներին որոշողը մենք պիտի լինենք և ոչ իրենք, 4) պիտի ազատվեն նաև բոլոր նրանք, որոնք բանտարկված են դաշնակցական անվան տակ, 5) ազատվածները եթե չեն ցանկանում այստեղ մնալ պիտի 3 օր ժամանակ ունենան իրենց գործերը կարգավորելու և ընտանիքն ու գույքն էլ իրենց հետ վերցնելու համար:

Այստեղ է գտնվում և շուտով ճանապարհվում է դեպի Հայաստան Սովետական Ռուսաստանի լիազոր դեսպանությունը Հայաստանում: Իբրև խորհրդական գալիս է Սահակ Տեր-Գաբրիելյանը, իբրև տեղեկատու բաժնի վարիչ Աշոտ Հովհաննիսյան, դեսպանն է Լեգրան, ապա նաև մի այլ խորհուրդական, քարտուղար-ռուսներ: Լեգրանի հետ ես չկարողացա տեսնվել, քանի որ նա իմ ցանկության ընդառաջ չգնաց: Որքան ես կարողացա տեղեկանալ դոցա մտադրությունն է տեղումը ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանավեճին, գլխավորաբար Ղարաբաղի և Զանգեզուրի խորքերում և իրենց կարծիքը գրել Մոսկվա: Առայժմ ընդնշմարվում է այդ հարցի լուծումը այսպես. Ղարաբաղը և Զանգեզուրը ինքնուրույնաբար անկախ Հայաստանից և Ադրբեջանից կազմում է մի զոն Սովետական իշխանությամբ ռուսական օրիենտացիայով: Ի միջի այլոց ասեմ, որ այսօր «Կավրոստա»-ն հաղորդում է հետևյալ տեղեկությունը «Ինչպես հաղորդում են Կ. Պոլսից Հայաստանի և Սովետական Ռուսաստանի միջև խաղաղություն է կնքված, որով Զանգեզուրի ռայոնը միացվում է Հայաստանին»:

Դիվանագիտական ներկ.՝ Հարությունյան

Ի.տ. քարտ.՝ Տեր-Հովհաննիսյան ՀՀ ՊԱ, ֆ. 278, ց. 1, գ. 32, թթ. 40-41: Պատճեն: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives