November 13, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վ. Կազիմիրով. «Ադրբեջանն ու Հայաստանը դեռ քայլ չեն կատարել»

Վ. Կազիմիրով. «Ադրբեջանն ու Հայաստանը դեռ քայլ չեն կատարել»

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 1 հունիսի, 1994թ., թիվ 102

Մոսկվա, 31 մայիսի։ ԽԱԲԱՐ ՍԵՐՎԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ես կասկածում եմ, թե Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների փորձագետների բանակցություններ են վարվում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Համենայն դեպս, ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,— հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Ղարաբաղի հակամարտությանը նվիրված բանակցություններում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։ Միևնույն ժամանակ, դիվանագետը նշեց, որ իր կարծիքով, կողմերը հեռու չեն դիմակայության դադարեցումից, որի մասին վկայում է նաև այն փաստը, որ նեկայումս ռազմաճակատում ակտիվ գործողություններ չեն մղվում։ «Հակամարտ կողմերը ցուցադրում են, որ հակամարտության դադարեցումը հնարավոր է, բայց միաժամանակ հիշեցնում են այն մարդուն, որը պատրաստվել է քայլ անել, բայց դեռ չի արել»,— ասաց Կազիմիրովը։

Նա վստահություն հայտնեց, որ հարկավոր է քաղաքական ու ռազմատեխնիկական լուրջ համաձայնագրեր կնքել, քանի որ առ այսօր ձեռք բերված բոլոր համաձայնությունները շատ դյուրաբեկ են, և չի բացառվում ռազմաճակատում գործողությունների հերթական ակտիվացումը։ Անդրադառնալով կարգավորման առաջին փուլի ռազմատեխնիկական հարցերին, այն է՝ կրակի ու ռազմական գործողությունների դադարեցմանը, դիվանագետը նշեց կողմերի համաձայնությունը դրանց հիմքում դնելու փետրվարի 18-ին պաշտպանության նախարարների ստորագրած արձանագրությունը։ Այն նախատեսում է ուժերի սիմետրիկ հեռացում և թույլ է տալիս, որ մի շարք վայրերում բուֆերային գոտու լայնությունը տատանվի 5-10 կմ սահմաններում, քանի որ որոշ բնակավայրեր կմնան հետ քաշված զորքերի միջև։ Կողմերից յուրաքանչյուրը ծանր սպառազինությունը 20 կմ կհեռացնի ուժերի շփման գծից։ Սակայն, ինչպես նշեց Վլադիմիր Կազիմիրովը, չնայած պայմանավորվածությանը, այդ փաստաթուղթը ադրբեջանական կողմը չի ստորագրել, քանի որ իր նկատառումներն ունի առաջին և երկրորդ փուլերի զուգակցման հարցում (երկրորդ փուլը ենթադրում է զորքերի դուրսբերում)։ «Այդուհանդերձ, այսօր նրանցից ոչ մեկը այլընտրանք չի առաջարկել։ Մենք համոզված ենք մեր առաջարկությունների իրատեսությանն ու համակշռվածությանը։ Իհարկե, կարելի է բանակցությունները վերսկսել, բայց կողմերը անմիջապես կունենան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջը հարկ կլինի հասնել համաձայնության, մինչդեռ, ըստ մեր փաստաթղթի, չհամաձայնեցված կետերը չորսն են»։ Առաջին կետը հրադադարի ապահովման հուսալիության աստիճանն է։ Բացի ուժերի հետքաշումից, սրա մեջ մտնում է նաև դիտորդների հարցը։ Մեծ բանավեճեր է հարուցում նաև տարանջատիչ ուժերին վերաբերող կետը, մասնավորապես դրանց լիազորությունների աստիճանը։ Այդ ուժերի կազմի առնչությամբ դեսպանը նշեց, որ դրանց մեջ կարող են մտնել բոլոր ցանկացողների զորքերը, լինեն ԵԱՀԽ, թե ԱՊՀ անդամ պետություններ։ Չհամաձայնեցված երկրորդ կետը ադրբեջանական գրավյալ շրջաններից զորքերի դուրսբերման ժամկետն է։ Ըստ Ռուսաստանի առաջարկության, դա պետք է տեղի ունենա 34 օրում։ Ադրբեջանական կողմը պահանջում է ավելի կարճ, իսկ հայկական կողմը՝ ավելի երկար ժամկետ։ «Ամենահետաքրքիրն այն է, որ կողմերից ոչ մեկը կոնկրետ առաջարկություն չի անում հողերի ազատման ժամկետների վերաբերյալ»,— ընդգծեց ռուս դիվանագետը։ Հարկավոր է անմիջապես բանակցություններ սկսել Լաչինի և Շուշիի շրջանների շուրջը, որոնք չեն մտնում անհապաղ ազատվելիք տարածքների ցանկի մեջ։ Իսկ զորքերի դուրսբերման ժամկետի կրճատումը հղի է նրանով, որ ամեն ինչ չի կարող կատարվել ժամանակին, ի հայտ կգան բողոքներ և դրանց հետևանքով ամբողջ համաձայնագիրը կհայտնվի ձախողման սպառնալիքի տակ։ Երրորդ ու չորրորդ չհամաձայնեցված հարցերը Լաչինի և Շուշիի հետագա ճակատագրերն են։ «Ես գտնում եմ, որ շուտով կարող ենք բոլոր հիշյալ չորս հարցերի առթիվ հասնել փոխընդունելի լուծման»։ «Ռուսաստանը չի կարող հանդուրժել այս հակամարտությունը, ինչը պայմանավորված է Ադրբեջանի ու Հայաստանի հետ մեր սերտ կապերով»,— եզրակացրեց Վլադիմիր Կազիմիրովը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives