July 26, 2024

Վտանգը նաև Հռոմից է գալիս

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Շատ դժվար է հստակորեն կողմնորոշվել մեզ համար նույնիսկ ամենակենսական նշանակության քաղաքական հարցերում, երբ նրանք, ովքեր կոչված են նպաստելու դրան, ամեն ինչ անում են նույն հարցերի վերաբեր­յալ ճշմարտությունը սքողելու եւ իրենց իսկ պետության քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։ Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի Մինսկի խմբի անդամների վերադառնալուց հետո ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հանդես է գալիս բանակցութ­յունների արդյունքներն ամփոփող հայտարա­րությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է. «Փաստաթուղթը… սահմանում է դիտորդների առաջադրանքները եւ կարեւոր քայլ է առճակատման թուլացման ուղղությամբ։ Ըստ այդ փաստաթղթի, միջազգային դիտորդները տե­ղակայվելու են հակամարտության շրջանում՝ մի քանի հատուկ ռազմական քայլեր վերահս­կելու նպատակով, ինչը պետք է հանգեցնի զին­ված ընդհարման դադարեցմանը, ինչպես նաեւ շրջափակումների վերացմանը, մարդասիրա­կան օգնության անխափան մատակարարմա­նը»։ ԼՂՀ պատվիրակության անդամ Հրանտ Խաչատրյանը բանակցությունների արդյունքնե­րը բնորոշում է իբրեւ «հուսադրող» եւ ասում, որ «ըստ էության կատարված է տարածաշր­ջանում հրադադարի հասնելու առաջին քայ­լը», իսկ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերություն­ների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը Ստեփանակերտում պատվի­րակության ղեկավարի հաշվետվությունից հե­տո տրամագծորեն հակառակ գնահատականով հայտարարում է. «Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է ԼՂՀ-ի համար եւ չի համապատասխանում նրա բնակ­չության ակնկալիքներին»։

Ի՞նչ հասկանանք այս տարամերժ գնահատականներից։ Այդ ի՞նչ «մի քանի հատուկ ռազմական քայլեր» են, որոնց մասին հպանցիկ նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եւ որոնք վերահսկելու են հակամարտության շրջանում տեղակայվելիք միջազգային դիտորդները։ Ինչո՞ւ այն, ինչ մեկին «հուսադրում» է, մյուսին կարող է թվալ «պարտվողական»։ Բա՞րդ է։ Ոչ, շատ պարզ է։ Այն, ինչի մասին «դիվանագիտական» երկչո­տությամբ լռում են Արցախյան հիմնահարցը քննարկելիս թերասացություններում եւ ամոթ­խած ակնարկներում վարպետացած ՀՀ «քա­ղաքագետները», դիվանագիտական արվեստն իբրեւ ճշգրիտ գիտություն ընկալող եւ իրենց ավագ արյունակիցների փորձն ու հմտությունը հիանալի յուրացրած ադրբեջանցիները ասում են պարզորոշ եւ միանգամայն հասկանալի։ «Մինչեւ Լաչինի դուռը չփակվի,– մարտի 2-ին «Ազատություն» Ռադիոկայանով ի լուր աշ­խարհի հայտարարել է ադրբեջանցի դիվանա­գետ Ա. Ազիզը,– ադրբեջանական կողմը քաղա­քական բանակցությունների չի գնա»։ Այսքան բան։ Հարցի քաղաքական լու­ծում, ըստ հակամարտող կողմերից մեկի, հնա­րավոր է այն դեպքում, երբ նախ միջազգային դիտորդներ «կտեղակայվեն», իսկ հետո ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ ռուս-թուրքական «խաղաղա­պահ» զորքերը կիրականացնեն իրենց առաքե­լությունն ըստ նույն Ա. Ազիզի, այն է՝ «Լաչինի ճանապարհը փակելը այն հաշվով, որ հայերը ռազմական տեխնիկա չտեղափոխեն Հայաս­տանից Ղարաբաղ»։ Եվ դրանից հետո, բնա­կանաբար, ոչ մի նշանակություն չի ունենա այլեւս մշակութային, վարչական թե աստեղա­յին կարգավիճակի ինչ անվանում կշնորհեն նախկին ԼՂԻՄ-ին եւ ներկայիս ԼՂՀ-ին: Կարգավիճակը վճռված կլինի՝ զոհի կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետությանն Արցախին կապող արյունատար անոթը խցանելու համար ադրբեջանցիները հյուսիսից ու հարավից ու­ժեր են կուտակում եւ կուտակելու են առավել, հենց որ խելքի գան ձմեռային պարտություննե­րից, իսկ մեզ մեր մամուլի ծառայությանը փա­ղաքշում է հույսով, թե՝ «Հայաստանն այս նախնական համաձայնությունը դիտարկում է որպես դեռեւս համեստ, բայց հուսադրող նշան այն բանի, որ կողմերը կարող են պատրաստ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը»։

Մի բան հստակ է՝ վերջերս ավելի ու ավելի հաճախ արծարծվող Արցախի կարգա­վիճակի հարցը միջազգային ուժերը որոշում են Ադրբեջանի կազմում։ Ուրեմն Հայաստանը չպետք է համաձայնի այս տարբերակին։ Այսինքն՝ հայությունը չպետք է Հայաստանի իշխանություններին թույլ տա ընդունել այդ տարբերակը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives