November 28, 2020

Վտանգավոր դրությունը

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 15 փետրվարի, 1920թ. թիվ 35

Կամավորական բանակը քայլ առ քայլ կազմալուծվեց, հալվեց բոլշևիկյան հարվածներից։ Մոսկվայի տերերն այս հաջողությունների շրջանում առանձին ուշադրությամբ են հետևում Անդրկովկասի երկու հանրապետությունների,— Վրաստանի և Ադրբեջանի քայլերին։ Սովետականների միջև մեկ կողմից և Ադրբեջանի ու Վրաստանի՝ մյուս կողմից, նոտաների պատերազմ է սկսված։ Առաջիններն աշխատում են մեղադրել Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին կամավորական բանակին օժանդակելու մեջ և առաջարկում են, ավելի ճիշտ՝ պահանջում են ձեռք մեկնել սովետականներին՝ կարծես թե մեղքերը քավելու համար և հարձակվելու թիկունքից կամավորականների վրա։ Վրաստանն ու Ադրբեջանն ինքնարդարացմամբ զբաղվելուց բացի, մերժում են՝ որպես անկախ պետություններ՝ խառնվել Ռուսաստանի ներքին գործերում և մասնակցել կորստաբեր քաղաքացիական կռվին։

Վրաց կառավարության համար կասկածից դուրս է, որ բոլշևիկյան ներկա առաջխաղացումը կործանարար է և մահացու Վրաստանի հեղափոխական դեմոկրատիայի համար, որովհետև բոլշևիկները դավաճանելով իրենց իսկ սկզբունքներին՝ դաշն են կապել Էնվեր և Խալիլ փաշաների հետ, ձեռք մեկնել համիսլամականներին, և կարմիր դրոշակը իջեցրել սև դրոշակի առաջ։ Պարզ է, որ Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կառավարությունը իթթիհատ-բոլշևիկյան զինակցությունից միմիայն արյան գետեր կարող է սպասել։ Ապա ուրեմն չպետք է զարմանալ, որ Վրաստանի ղեկավարները հայտարարում են թե՝ «Վրաստանն ամեն միջոց ձեռք կառնի վրաց ժողովրդի շահերը պաշտպանելու ամեն տեսակ թշնամի ուժերի ոտնձգությունների դեմ»։

Մուսավաթն ևս պարզ և որոշ գիտակցում է, որ բոլշևիկ-իթթիհատական դաշնակցությունն այն ուժն է, որ օդը պիտի ցնդեցնի նախ Ադրբեջանի նոր կազմավորվող և հիմնավորվող հանրապետությունը և ապա վերջնականապես խորտակի և քարտեզի վրայից վերացնի Տաճկաստանը։ Ցնորամտություն է Անգլիական ներկա երկաթե ուժը խորտակելու նպատակով՝ հանուն ինչ-որ համիսլամական շարժման՝ իթթիհատ-բոլշևիկյան համաձայնություն կայացնելը։ Ապա ուրեմն պարզ պիտի լինի, թե ինչո՞ւ Ուսուբբեկովի կառավարությունն ամենևին տրամադիր չէ զիջել իր դիրքերը իթթիհատականներին՝ բոլշևիկների միակ հավատարիմ զինակիցներին։

Հայ ժողովուրդը և նրա կառավարությունը, որ քաջ ծանոթ են քարը քարի վրա չթողնող, օրորոցի մանուկներին անգամ չխնայող իթթիհատական դահիճներին, չեն կարող սառնասրտությամբ վերաբերվել մեր թիկունքում նորից դանակ սրողներին։

Մենք, որ ազգերի ինքնորոշման համար հախուռն պայքար մղողներից ենք, անհանդուրժելի ենք համարում ամեն մի արկածախնդրություն, որի նպատակն է ոտնահարել փոքր ժողովուրդների կամքը։ Մեզ համար գաղտնիք չէ նաև, որ Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների գլխին որևէ աղետ գալու դեպքում, կվտանգվի նաև մեր դրությունը։ Այդ վտանգավոր դրության մասին շատ լուրջ կերպով պիտի մտածի նաև մեր կառավարությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives