March 1, 2021

Սանահինի միջադեպի առթիվ

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 25 հոկտեմբերի, 1918թ., թիվ 44

(Վրաց կառավարության հաղորդագրություն)

Հոկտեմբերի 19-ին վրաց կառավարությունը լուր է ստացել, որ հայոց կանոնավոր զորքը մտել է Կոբեր՝ գրավելով սահմանագլխային կամուրջը և Սանահինի ուղղությունները (Բորչալուի գավառ)։

Եվ չնայելով տեղական գերմանական ուժերի կարգադրությանը՝ հեռանալ վրաց սահմաններից, նրանք շարունակում են մտնել մի կողմից վրաց, մյուս կողմից տաճկաց սահմանները։

Վրաց կառավարության արտաքին գործերի նախարարը նույն օրը մի նոտա է ուղարկում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Ջամալյանին։

Նոտայի մեջ ասվում է, որ վրաց կառավարությունը միշտ պատրաստ է խաղաղ համաձայնությամբ կանոնավորել ճանապարհների հարցը բարեկամ Հայաստանի հետ։ Բայց քանի որ համաձայնություն չի կայացել երկու կառավարությունների կողմից, Հայաստանի զորքերի առաջխաղացումը և Թիֆլիսի նահանգի մասերի գրավումը քննելու ենք ինչպես մի ակտ, Հայաստանի բացարձակ թշնամության դեպի Վրաստանը։

Նույն օրը Հայաստանի հավատարմատար Ջամալյանը իր անձնական տեսակցությամբ արտաքին գործերի նախարարի օգնականին հայտնել է, որ հիշված վայրերի գրավումը Հայաստանի զորքը արել է Օտտոմանյան կառավարության համաձայնությամբ։

Վրաց կառավարության որոշմամբ, զինվորական նախարարը կարգադրություններ է արել սահմանի պաշտպանության համար։

Զրահապատ գնացքի պետը, որը ուղարկած է լինում Սանահին՝ հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին հայերի զորամասերը մտնելով մեր սահմանը՝ գրավել են Դեբետաչայ, Կոբեր և Կալագերանի միջի ուղղությունը։

Գնացքի պետի ուլտիմատումի համաձայն հայերը հեռացել են սահմանից։

Հոկտեմբերի 21-ին Ջամալյանը հայտնել է վրաց կառավարության արտաքին գործերի մինիստրության, որ նոտան ուղարկում է կառավարության և հույս է հայտնում, որ երկու կառավարությունների մեջ ապագայում այլևս տեղի չեն ունենա այսպիս դեպքեր և կամրանան բարեկամական սերտ հարաբերությունները, և չեն հետաձգվի փոխադարձ համաձայնությունները բարեհաջող երկու կողմերի համար։

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության նախագահ Քաջազնունուց ստացված է հեռագիր, թե չնայած, որ վրացական հրամանատարությունը ուլտիմատում է դրել՝ մաքրել Շահալի կայարանը, մենք մեր կողմից  հրամայել ենք դուրս չգալ այդ սահմաններից, և խնդրել է պահել վրաց զորքերին այժմ կանգնած գծերի վրա և սահմանի խնդիրը որոշել խաղաղ համաձայնությամբ։

Նույն օրը կառավարության որոշմամբ զինվորական նախարարը պատասխանում է Քաջազնունուն, որ վրաց կառավարությունը միշտ պատրաստ է սահմանի հարցը խաղաղ համաձայնությամբ կանոնավորել և հայտնում է, որ մինչև հարցի վերջնական լուծում ստանալը հրամայված է վրաց զորքերին պահել և կանգնել այն գծերում, որոնք առայժմ իրենց ձեռքին է և պատերազմական գործողություններ չսկսել։

Բայց նույն օրը, գիշերը, վրաց կառավարությունը ստանում է մի նոր հաղորդագրություն, որ Հայաստանի զորքերը հրամայել են սրբել Քարինջը և սրա հետ ուժով առել են մի նոր գիծ ևս՝ Քարինջ-Ծաթեր, ստիպելով գերմանական պահակներին հեռանալ։ Քննելով ստեղծված դրությունը՝ կառավարությունը առաջարկել է արտաքին գործերի նախարարին, հայտնել Հայաստանի հավատարմատար Վրաստանում Ջամալյանին, եթե հայկական զորամասերը մինչև տաճիկների հեռանալը չմաքրեն սահմանները, նրա հետ և Քարինջ-Ծաթերը և Կամենկս գետակը և կամ այսուհետև կգրավեն նոր տեղեր Թիֆլիսի նահանգի սահմանների մեջ, վրաց կառավարությունը կհամարի բացարձակ պատերազմական գործողություններ Հայաստանի կողմից, որի վրա կընկնի ամբողջ պատասխանատվությունը երկու կողմերի համար էլ վտանգավոր հետևանքների համար։ Նոտան հանձնվում է Ջամալյանին։ Կառավարությունը հույս ունի, որ այս միջադեպը հաշտությամբ կվերջանա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives