November 12, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռևազ Էգաձե. «Միասնական տանիքի ներքո մենք կլուծենք մեր հիմնահարցերը»

Ռևազ Էգաձե. «Միասնական տանիքի ներքո մենք կլուծենք մեր հիմնահարցերը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)

«Սնարքի» հարցերին պատասխանում է Վրաստանի ղեկավարի մամլո քարուղարը

– Ինչպե՞ս է Վրաստանի ղեկավարությունը պատկերացնում պատերազմի մեջ գտնվող երկու հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի հետ միաժամանակյա համագործակցությունը։

– Մենք հաճախ ենք խոսում մեր պետությունների աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Ես ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանն ու Ադրբեջանը նկատի ունեմ։ Այս առումով Էդուարդ Ամրոսեւիչը բազմիցս, հատկապես Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ, ընդգծել է, որ հասունացած հիմնահարցերի կարգավորման գործում եկել է Կովկասյան գործոնը աշխատեցնելու ժամանակը։ Որքան ինձ հայտնի է, Բաքու թռչելուց առաջ Էդուարդ Ամրոսեւիչը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այս փաստն ինքնին շատ բան է ասում։ Հույս է ներշնչում նաեւ այն, որ մոտ ժամանակներս վրացական պետության ղեկավարը կայցելի Երեւան։

– Ո՞րն է այցի նպատակը։

– Այցը, առաջին հերթին, հարկ է նկատի առնել իբրեւ մեր պետությունների միջեւ բնականոն քաղաքական եւ տնտեսական կապեր ստեղծելուն նպատակաուղղված քայլ։ Ես հեռու եմ այն մտքից, թե մեր միջեւ հարաբերությունները բացասական բնույթ են կրում, բայց, սկզբունքորեն, թե Վրաստանը եւ թե Հայաստանը ապրում են շրջափակման պայմաններում, այդ պատճառով էլ հարկավոր է միջպետական հարաբերություններում համապատասխան քաղաքական հենք ստեղծել։ Վրացական պետության ղեկավարի այցը անկասկած կնպաստի դրան, ինչն էլ, հուսով եմ, մեզ համակովկասյան խաղաղ տուն կառուցելու հնարավորություն կընձեռի, ուր կովկասցիներն իրենք կկարողանան ակտիվորեն մասնակցել իրենց ներքին հիմնահարցերի լուծմանը։

– Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք արդյոք կովկասյան 4 պետությունների ղեկավարների հանդիպում։

– Վրացական պատվիրակության՝ Բաքվից վերադառնալուց առաջ Էդ. Շեւարդնաձեին հայտնեցին, որ ժամանել է Ջոխառ Դուդաեւը եւ ուզում է նրա հետ հանդիպել։ Տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում, եւ, որքան ինձ հայտնի է, խոսք է եղել, որ Էդ. Շեւարդնաձեի՝ Երեւան կատարելիք այցից հետո, կհասունանա կովկասյան հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտությունը։ Մինչեւ նրանց երես առ երես հանդիպելը, օրակարգում դրված էր Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարների հանդիպման հարցը։ Բացառված չէ, որ բանակցությունների գործընթացին կմասնակցեն թե Չեչնիան եւ թե, հնարավոր է, Կովկասի մյուս հանրապետությունները։

– Ընդունո՞ւմ եք, արդյոք, երրորդ ուժի գոյության թեզը, որը փորձում է ազդել Վրաստանի վրա եւ շրջափակել այն։

– Վրաստանը որոշակի դժվարությունների է բախվել Աբխազիայում։ Դա փաստ է։ Սա, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից տեղեկատվական «պրեսինգի» գոյությունը չպետք է հերքվի։ Սակայն ես հոռետեսորեն չեմ տրամադրված նույնիսկ Աբխազիայի, ուր մնաց թե մյուս տարածաշրջանների, առավել եւս Աջարիայի նկատմամբ։ Անձամբ ինձ համար, իբրեւ լրագրողի եւ վրացու՝ աջարական հիմնահարց գոյություն չունի։ Աջարիան Վրաստանի այն շրջաններից է, ուր իրադրությունը կայուն է։ Հուսով եմ, որ ռուս– վրացական բանակցությունների 4– րդ փուլը դրական արդյունքներ կունենա նաեւ Աբխազիայի հիմ նահարցի լուծման գործում։ Աբխազիայում պատերազմի բորբոք վիճակը շարունակելու հարցում շահագրգռված են Ռուսաստանի հետադիմական ուժերը։ Դա կառավարությունն ու նախագահ Ելցինը չեն, որոնք ի վիճակի չեն լիովին վերահսկել իրավիճակը։

Անկասկած, Կովկասում բազմաթիվ հիմնահարցեր են կուտակվել, որոնք այսօր հրատապ քաղաքական լուծում են պահանջում։ Մեզ՝ կովկասյան հանրապետություններիս, հարկավոր է շարժվել այս քաղաքականության հունով՝ գտնելով հայեցակետերի ընդհանուր եզրեր։

Մ. ՀԱԿՈԲՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives