December 5, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռաֆիկ Պետրոսյան. «Մենիշխանական սահմանադրությամբ ժողովրդական պետություն կայացնելն անհնար է»

Ռաֆիկ Պետրոսյան. «Մենիշխանական սահմանադրությամբ ժողովրդական պետություն կայացնելն անհնար է»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.

Հանրապետությունում քաղաքական հակամարտություններն ու համագործակցություններն աստիճանաբար կենտրոնացվում են ՀՀ սահմանադրության շուրջ, պետության հիմնական օրենքի նախագծեր են ներկայացնում ինչպես կուսակցությունները, այնպես էլ անհատ անձինք: Սակայն մեկնարկային իր նշանակությամբ ու պատվիրատուի և իրականացնողի կշռով նրանց մեջ ի սկզբանե առանձնանում էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված և ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի արդյունքը: Եվ երբ այն վերջնական տեսքի բերվեց ու դրվեց համաժողովրդական քննարկման, հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: «Պաշտոնական» այդ սահմանադրության էության մասին է մեր հարցազրույցը ՀՀ ԳԽ պատգամավոր, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի հետ:

— ՀՀ ԳԽ սահմանադրական հանձնաժողովի կողմից ստեղծված հանրապետության հիմնական օրենքի տարբերակն ընդդիմության հիմնական ուժերի կողմից գնահատվեց որպես բռնատիրության հաստատման հնարավորություններով լի մի փաստաթուղթ:

— Նման գնահատականն ամենևին էլ քաղաքական շահարկումների հայեցակետից չի արված և անվիճելի ճշմարտություն է պարունակում: Եվ որպեսզի դա ավելի ակնհայտ լինի, հարկ է, որ ավելի մանրամասն բացատրություն տրվի: Խնդիրն այն  է, որ յուրաքանչյուր սահմանադրության առանցքային հարցը պետական կառավարման ձևի (նախագահական, խորհրդարանական և խառը) ընտրությունն է:

Քանզի դրանով են պայմանավորված պետաիրավական ինստիտուտների (նախագահ, խորհրդարան, կառավարություն, դատական և ֆինանսաբյուջետային համակարգեր) կազմավորման (նշանակում կամ ընտրություններ) և իշխանությունների տարանջատման սահմանները: Եվ քանի որ Հայաստանում արդեն նախագահական կարգեր էին տիրում, սահմանադրական հանձնաժողովում առանց քննարկման դա էլ դրվեց հանրապետության հիմնական օրենքի հիմքում: Անշուշտ, այս հանգամանքն ինքնըստինքյան ոչ մի բռնատիրական վտանգ պարունակել չի կարող, եթե իշխանության տարբեր թևերի  (օրենսդիր, գործադիր և դատական) միջև տարանջատման հստակ բաժանում կատարվի: Այսինքն, նրանցից և ոչ մեկը իր իրավասությունները մյուսների հաշվին ընդլայնելու հնարավորություն չպետք  է ունենա: Միայն այս դեպքում ժողովրդավարությանը ոչ մի վտանգ չի սպառնա:

Ցավոք, հենց այսպիսի երաշխիքներից է զուրկ սահմանադրական հանձնաժողովի պատրաստված օրինագիծը: Նրանում թեև հանրապետության նախագահը պետական մարմինների սահմանադրական հավասարակշռությունը և ներդաշնակ գործունեությունը ապահովելու կոչված պետության բարձրագույն պաշտոնատար անձն է համարվում, բայց նրա ձեռքում են կենտրոնացված գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ներազդելու բոլոր հնարավոր սանձերը: Այսպես, ՀՀ նախագահին իրավունք է վերապահված արձակել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ առանց նշելու, թե որ դեպքերում է դա օրինական: Այսինքն, ցանկացած պահի, առանց բավարար հիմքեր ունենալու, նա կարող է ձերբազատվել իրեն ոչ հաճո օրենսդիր մարմնից:

Հանրապետության նախագահի մյուս իրավասություններն ավելի քան խոսուն են՝ նշանակում և ազատում է ՀՀ վարչապետին ու վերջինիս ներկայացմամբ՝ կառավարության անդամներին, նշանակում է Սահմանադրական դատարանի 12 անդամներից վեցին և խորհրդարանին է ներկայացնում այդ մասին նախագահի թեկնածությունը, նրա ղեկավարությամբ գործող Արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակվում է Գերագույն դատարանի անդամներին, ինչպես նաև արդարադատության նախարարի ներկայացմամբ և Արդարադատության խորհրդի եզրակացության հիման վրա այլ դատավորներին: Հասկանալի է, որ նա է դատավորների լիազորությունները դադարեցնողն ու նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկողը: Թվարկածով չեն ավարտվում ՀՀ նախագահին հասու տիրույթները՝ նա նշանակում և ազատում է գլխավոր դատախազին, տեղակալներին և մարզերի դատախազներին, հրավիրում է կառավարության նիստեր և նախագահում կառավարության նիստերում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, գլխավորում է Անվտանգության խորհուրդը, զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, այլ երկրներում ապրողներին ՀՀ քաղաքացիություն է շնորհում, իսկ դատապարտվածներին՝ ներում…

Բնական հարց է առաջանում, իսկ ուր մնաց սահմանադրության 6-րդ հոդվածում նշված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատվածությանը սկզբունքների պարտադիր լինելը:

Սակայն բռնակալության հաստատման հնարավորությունների հայեցակետերից պատկերը դեռ ամբողջական չէ. տեղական  կառավարումները, որոնք ընդհանրապես պետք է ինքնավար լինեն, նույնպես դրված են ՀՀ նախագահի անմիջական ազդեցության տակ: Հանրապետության վարչատարածքային միավորներ սահմանելով մարզերը և համայնքները (վերջինս մեջ մտնում են քաղաքներն ու գյուղերը), սահմանադրության նախագծով մարզերում իրականացնելու է պետական կառավարում և, բնականաբար, մարզպետեր նշանակելու և ազատելու իրավունքը ևս վերապահում է ՀՀ նախագահին: Եթե ավելացնենք նաև, որ հոդվածներ 22, 25, 26 և 27 նշված քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, մտքի, խղճի և դավանանքի, խոսքի ազատության, հավաքների և այլ իրավունքների սահմանափակման բավականին ընդարձակ հնարավորություններ են ընձեռնում, ապա պետության առաջին դեմքի կողմից մենիշխանության հաստատման մտադրությունը գործնականում ոչինչ և ոչ ոք խանգարել չի կարող:

Իսկ Ազգային խորհրդի այն իրավունքը, որ ՀՀ նախագահին, հայրենիքի դավաճանության և ծանր հանցագործություն կատարելու դեպքում, կարող է պաշտոնանկ անել, պարզապես ձևական բնույթ է կրում, քանզի անորոշ է ու այդ պատճառով անիրագործելի:

— Նման սահմանադրության լույս աշխարհ գալու համար որոշակի պատասխանատվություն ենք կրում նաև դուք: Չէ՞ որ լինելով ՀՀ ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ, այդ փաստաթղթի բովանդակության վրա ներազդելու բավականին մեծ հնարավորություններ ունեիք:

—  Դա այդքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ սահմանադրական հանձնաժողովը ստեղծելով դեռևս ներկա Գերագույն խորհրդի աշխատանքի սկզբնական շրջանում, երբ խորհրդարանն այսքան քաղաքականացված, հետևաբար ավելի պահանջկոտ չէր, բավականին յուրօրինակ ներքին աշխատակարգ էր սահմանել: Ըստ այդ փաստաթղթերի, որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ փոքրամասնության մեջ մնացածներին իրենց կարծիքը պաշտպանելու հնարավորությունը միայն սահմանադրության վերջնական տեսքը Գերագույն խորհրդում քննարկելու ժամանակ է վերապահվում: Նման կարգի և սահմանադրական հանձնաժողովի կազմում ՀՀՇ-ի ներկայացուցիչների և պաշտոնական դիրքերը գրավող իրավաբանների գերակշռության պայմաններում, բնականաբար, որքան էլ  ջանայիր, մեծ արդյունքների չէիր հասնի: Այնպես որ ես իմ տեսակետներն ամբողջությամբ խորհրդարանին կներկայացնեմ:

—  Հետաքրքիր է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես էր մեկնաբանում հանրապետության նախագահին հանձնվող հսկայական այդ լիազորությունների անհրաժեշտությանը:

— Նա ընդհանուր առմամբ բանավեճերին չէր խառնվում և որպես սահմանադրական հանձնաժողովի նախագահ առաջարկությունները պարզապես քվերակության էր դնում:

— Իսկ եթե խնդիրը դիտարկենք Հայաստանում տիրող իրավիճակից՝ քայքայված տնտեսություն, անցումային շրջան, մինչև վերջ չպարզաբանված արտաքին և ներքին քաղաքական վիճակ, ապա միգուցե հանրապետության շահերից ելնելո՞վ է մենիշխանական թեքում ունեցող սահմանադրություն գրվել:

— Դա ևս մոտեցնում է, սակայն, իմ կարծիքով, բռնակալության հաստատման և ոչ մի հնարավորություն չպետք է թույլատրվի: Որովհետև նման պայմանների առկայության դեպքերում մեր ժողովուրդը կարճ ժամանակում կկորցնի մինչ այսօր ձեռք բերած, բայց դեռևս չամրապնդված ժողովրդավարական բոլոր արժեքները:

Ինչ վերաբերում է հանրապետությունում քաղաքական, տնտեսական և իրավական կայուն վիճակ ստեղծելու անհրաժեշտությանը, ապա այդ նպատակին հասնելու համար ամենևին էլ պարտադիր չէ մենիշխանության հաստատումը:

Դրա համար կա ավելի փորձված միջոց իշխանությունների հակակշռելիության և տարանջատվածությանը երաշխիքների ստեղծում ու ժողովրդի առջև նրանց պատասխանատվության մեխանիզմների հստակ կիրառումը:

Վստահ եմ, մենիշխանական սահմանադրությամբ ժողովրդավարական պետություն կայացնելը հնարավոր չէ: Ի վերջո, մարդկությունը բռնակալությունների դեմ պայքարի արդյունքում է հասել ժողովրդավարության և այն օրենսդրությամբ երաշխավորելու անհրաժեշտության գաղափարներին:

Հարցազրույցը վարեց Հովսեփ Պողոսյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives