«Ռազմիկ», 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1
Այս նոր թերթը գոյության իմաստ ունի այսօր և թվում է, թե կարող է հարատևել և պատերազմից հետո, եթե միայն զորքի ազգայնացման սկզբունքը ճանաչվի հիմնական և ոչ թե հրապարակ նետված օրվան ստիպումով: Ինչ կերպարանք և ստանա Ռուսաստանի քաղաքական կազմը, ինչ հիմունքներով և կազմակերպվի նրա ապագա զորքը՝ — եթե փոթորկահույզ օրերին մի սկզբունք հասնելու է անվթար մինչև նավահանգիստ,— զորքերի ազգայնացման սկզբունքը,— ապա հայ զինվորությունը իբրև հայ պետք է ունենա իր թերթը: Ու եթե այսօր, հին կարգի հետապնդած ռուսացման հետևանքով՝ հայ պաշտոնեությունը և զինվորականությունը չեն տիրապետում մայրենի լեզվին, հետևապես դեռ ստիպողական պահանջ չեն զգում սեփական թերթի,— վաղն անշուշտ փոխվելու է կացությունը:
Ազգայնացած հայ դպրոցի սաները, ամենից ավելի մայր լեզվին տիրապետելով՝ պիտի զգան այդ պահանջը բնական և բոլորեն այս կամ նման մի թերթի շուրջ, նեցուկ դառնալով նրան: «Ռազմիկի» ներկան, այսպիսով մենք տեսնում ենք ապահով, իսկ նրա ապագան՝ հուսալի:
«Ռազմիկը» հայ զինվորության թերթն է լինելու, այսինքն մի կազմակերպ բազմության, որ հայ է զգում իրեն: Զինվորության մեջ տարբեր կրթության և աշխարհայացքի անհատներ հագնելով համազգեստ, դառնում են մի կազմակերպության անդամ, որ ունի հատուկ նպատակ. — պաշտպան կանգնել հայրենիքին և նրա ազատության: Իսկ երբ զորամասերն ազգայնանում են,— այն ժամանակ կազմվում են մի արտաքին նշանով՝— ըստ ազգության: Ազգայնացած հայ զորքն այսպիսով երկու շաղախ ունի.— արհեստակցական և ազգային. Նա հայ է և զինվորական. միացած է իբր պետության հենարան և իբր որոշ ազգության զավակ. Հետևապես ունի պետական և ազգային պարտականություն, ինչ-որ իրավունքներ:
Ազգայնացած զորքի գերագույն նպատակը պետք է լինի զուգորդել ներդաշնակ այդ երկու կարգի պարտականություններն ու իրավունքները այնպես անել, որ Ռուսաստանի հայ քաղաքացին չվնասե հայ զինվորականին և հակառակը: Ռուսաստանի քաղաքացվության մեջ հայը պետք է ապահովված զգա իր ազգային կերպարանքը: Իր զենքը անձնվիրաբար տրամադրելով մեծ Ռուսաստանի ամբողջության և նրա հանուր շահերին, նա պետք է մնա հենարան արդարության և իրավունքի ազգամիջյան հարաբերությունների մեջ: Նա զորավիգն է պետության և ոչ այս կամ այն ազգի. նա հենարանն է հանրաճանաչ կառավարության և ոչ այս կամ այն դասակարգի. նա գործադիրն է հանրային օրինական կամքի և ոչ այս ու այն խմբակի ցանկության: Նա ազգային զորություն է և ոչ կուսակցական կամ դասակարգային. ազգային զորություն — ռուսական և հայկական իմաստով: Ռուս պետության և հայ ժողովրդի զինական ուժն է դա, որ պետք է ծառայե համայն Ռուսաստանի, հետևապես և նրա բոլոր ազգերի բարօրության: Նա պետք է մշտական սպառնալիք մնա բոլոր անջատ նկրտումների համար, լինեն ազգային, դասակարգային, թե խմբակցական: Նա պետք է մարմնացնե Ռուսաստանի ամբողջությունը իբր պետական զորք և հայության ամբողջությունը իբր ապադասակարգային և ազգային միություն: Եթե զորքն այսպե՛ս, այսպես ուրեմն նաև իր թերթը, այսպես նաև նրա հիմնական գաղափարներն ու ճամփան:
Այս է իմ կարծիքը «Ռազմիկ»-ի մասին, ուրեմն կցանկայի ամեն հաջողություն:
Ն. Աղբալյան