Ազգ, 21 մայիսի, 1994թ․, թիվ 95
Երեկ և նախորդ գիշեր ղարաբաղյան ռազմաճակատներում կողմերը շարունակում էին ձեռնպահ մնալ լայնածավալ ռազմական գործողություններից։ Ստեփանակերտի մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, թե ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով երեկ առավոտյան և օրվա երկրորդ կեսին հակառակորդը 120մմ-ոց ականանետներից գնդակոծել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան, Հասանղայա և Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղերի ղարաբաղյան պաշտպանական դիրքերը։ Միաժամանակ գնդակոծվել են նաև Աղդամի շրջանի Գյուլիջա, Սումա, Բաշ-Քարվենդ և Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի գյուղերի ղարաբաղյան բնագծերը։ Տուժածներ չկան։ ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
Մեկնաբանելով մոսկովյան քառակողմ հանդիպման արդյունքները՝ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը նշել է, թե Ադրբեջանը փորձում է ձախողել ռուսաստանյան խաղաղարար ծրագիրը՝ հասկանալով, որ տարանջատիչ ուժերի տեղաբաշխումը լուրջ խոչընդոտներ կստեղծի Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու համար։ ԼՂՀ քաղաքական դիտորդների կարծիքով, պաշտոնական Բաքուն ձգտում է աշխարհին ցույց տալ, թե Ռուսաստանն ի վիճակի չէ խաղաղություն ապահովել Անդրկովկասում։ Ըստ Կարեն Բաբուրյանի՝ այս պայմաններում միանգամայն հասկանալի է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Կոնդրատևի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը կհրաժարվի միջնորդությունից, եթե Ադրբեջանը չստորագրի մոսկովյան համաձայնագիրը։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանամերձ շրջաններին, ապա մայիսի 19-ին Ղազախի շրջանի տարածքից գնդակոծվել են Իջևանի շրջանի Վազաշեն գյուղի պաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան։ Հայկական սահմանապահ ուժերը պատասխան գործողությունների չեն դիմել։ Երեկ և նախորդ գիշեր սահմաններում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։