October 25, 2024

Ջալիլով. Ադրբեջանը կդիմի միայն քաղաքական փոխզիջման

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off

Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83

Հասանովը լրջորեն անհանգստացած է

«Ադրբեջանական կողմը կարող է դիմել Հայաստանի հետ միայն քաղաքական փոխզիջման: Երբ հանրապետության տարածքի 20 տոկոսից ավելին զավթված է, ուրիշ փոխզիջումներ չեն կարող լինել»,— լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի ԳԽ փոխնախագահ Աֆիադդին Ջալիլովը երեքշաբթի օրը Բաքվում անցկացված ճեպաժողովում: Նա հերքեց Ռուսաստանի զանգվածային լրատվության միջոցների այն հաղորդումը, թե Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևը Մոսկվայում համաձայնագիր է ստորագրել տարանջատիչ ուժերի 8 հազարանոց մի զորաբաժին 2 փուլով հանրապետություն մտցնելու վերաբերյալ, որի կեսը կազմելու են ռուսական զորքերը: Աֆիադդին Ջալիլովն ընդգծեց, որ «Ռասուլ Գուլիևը Մոսկվայում ստորագրել է միայն Ռուսաստանի ու Ադրբեջանի միջխորհրդարանական համագործակցության փաստաթուղթ»:

Մայիսի 4-ին Բիշկեքում բացվող ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովի առնչությամբ Աֆիադդին Ջալիլովն ասաց. «Մեր ուղևորության հիմնական նպատակն է միխորհրդարանական համաժողովի շրջանակներում և Վլադիմիր Շումեյկոյի ու Մեդեթկան Շերիմկուլովի միջնորդությամբ հասնել Ղարաբաղի շրջանում կրակի դադարեցման և ադրբեջանցի գաղթականների վերադարձին»: Նրա խոսքերով, Ադրբեջանի պատվիրակությունը Բիշքեկ է մեկնում հակամարտության քաղաքական կարգավորման մեծ հույսերով:

«Ադրբեջանական կողմը կանգնած է սկզբունքային դիրքերում և ղեկավարվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի վաղ ընդունած 4 բանաձևերով և ԵԱՀԽ որոշումներով, պահանջում է մեր տարածքից հայկական զինված ուժերի լրիվ դուրս բերում»,— ընդգծեց Ջալիլովը:

Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հասան Հասանովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին: ինչպես հաղորդեցին Ադրբեջանի արտգործնախարարության մամլո կենտրոնում, ուղերձում ափսոսանքով է նշվում, որ չնայած ՄԱԿ-ի ԱԽ 822-րդ բանաձևին, առայսօր չկան Քելբաջարի շրջանից և Ադրբեջանի մյուս զավթված շրջաններից, ինչպես Հասանովն է կարծում, Հայաստանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ այդ փաստաթղթղի կատարման որոշակի մեխանիզմներ:

Հասանովը պնդում է, թե նախահարձակի, այսինքն՝ Հայաստանի անպատժելիությունը, նրա կողմից 822 բանաձևը չկատարելը հետագայում հանգեցրին Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանների զավթմանը:

Նախարարը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մտահոգությամբ կհամակվի տարածաշրջանի կացության համար և վերջապես կապահովի իր իսկ որոշման կատարումը, ինչպես նաև մոտ ժամանակներս հակամարտության գոտի կուղարկի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության փորձագետների՝ ինչպես գրավված տարածքներում, այնպես էլ ամբողջ Ադրբեջանում ստեղծված կացությանը ծանոթանալու նպատակով:

ՆՏ, Սնարք

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives