February 27, 2021

Ո՞ւր են որբերի խնամակալները

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

Զանգ, 27 հոկտեմբերի, 1918թ., թիվ 65

Առավոտյան ժամի 7-ն է. իջնում եմ շուկա, անցնում եմ խանութաշարքի առաջով. այս ու այնտեղ որբեր են ընկած. մեկը նստած է, մյուսը պառկած, նրանք մռմռում են, հաճախ լացում։ Քաղցին, ստամոքսի ոռնոցին եկել է դաշնակցելու աշունքի ցուրտը և քաղցած որբերը մերկությունից ու ցրտից դողում են։ Չէ՞ որ նրանք այդ մայթերի վրա էլ գիշերում են առանց վերմակի, սառը քարերի վրա երկար գիշերներն են լուսացնում։

Ծանր տպավորության տակ առաջանում եմ ու հասնում ռուսաց եկեղեցու դիմացի խանութաշարքին. կամարներից մեկի տակ, միմյանցից մի փոքր հեռու պառկած են երկու որբեր. Մեկը 7-8 տարեկան է — տղա, մյուսը 5-6 տարեկան է — աղջիկ։ Տղան լացում է՝ մոնոտոն աղիողորմ ձայներ հանում, իսկ աղջիկը նվում է, այո՛ նվում։ Լացելու ուժ նրա մեջ չի մնացել, ուժասպառ է եղել և հազիվ ձայն է հանում ու նվում, նվում։

Այդ տեսարանը սոսկալի է. որբ աղջիկը վերջին ժամերն է ապրում ըստ երևույթին. դեմքը կմախքացած է, աչքերը փոս ընկած, աղոտված, մատաղ ոտները բարակել են ու չոփ կտրել, իսկ հետույքը մերկության մեջ վերջին մնացորդներն է թողել։ Եվ որբը շարունակում է նվալ, մարդու սիրտը կտրատող նվոցը արձակել, թույլ ու համր։ Նա մեռնում է, նա ապրում է վերջին ժամը, նա օրը ցերեկով, բանուկ շարքի վրա անց ու դարձ  կատարող բազմության կողքին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Այդ րոպեին անցնում է մի կին. մեռնող որբի նվոցը իր վրա է գրավում այդ կնոջ ուշադրությունը. նա ախ է քաշում, արցունք է երևում աչքերի մեջ և ինչ-որ անեծք մռմռալով թողնում, անցնում է։ Անհարազատ որդու մոտեցող մահն է ողբում ու նզովում օտար մայրը։

Այս, ինչ որ մենք նկարագրեցինք, բանաստեղծություն չէ, այլ իրականություն — սոսկ իրականություն առանց չափազանցությունների ու գունավորումների։

Այս, ինչ որ մենք պատկերացրինք, եզակի դեպք չէ և ոչ էլ պատահական, այսպիսի տեսարաններ կրկնվում են հաճախ, թեկուզ ամեն օր. բավական է դուրս գալ փողոց երեկոյան ուշ պահին և վաղ առավոտյան, անցնել, չենք ասում քաղաքի հետ ընկած, այլ առաջնակարգ ու գլխավոր փողոցները և հենց այդ գլխավոր փողոցներում կպատկերանան մեր նկարագրած պատկերներն ու տեսարանները, միայն թե մարդ աչք ունենա տեսնելու և ականջ լսելու համար։

Ու այսպես, հայ ժողովրդի ապագա սերունդը՝ հայ որբերը փողոցներում ու հրապարակներում հյուծվում են, մաշվում ու մեռնում. մաշվում ու մեռնում են ամեն օր և նրանց մասին մտածող չկա։

Ժողովուրդը տեսնում է այս ու վրդովվում, հասարակական խիղճը ալեկոծվում է, հարցը անցնում է մամուլի մեջ և այդտեղից էլ մտնում է պառլամենտի օրակարգը ու հարցապնդման նյութ դառնում, իսկ որբերը մնում են թափված փողոցներում  ու հրապարակներում՝ ձգված բախտի կամքին, մատնված մահվան ճիրաններին։

Որբերի համար չենք կարծում դրամ չլինի, պաշտոնյաներ նույնպես կան, ունենք նույնիսկ պճնված խնամակալներ, իսկ որբերը մնում են փողոցներում  թափված՝ անխնամ ու անօգնական։

Ի՞նչ բան է այս, ինչպիսի՞ անպարտաճանաչություն է վարակել ամենքին և վերջապես ի՞նչ քարասրտություն է հափշտակել այդ մարդկանց, որ պարտականություն հանձն առնելով, որբերը շարունակում են փողոցներում մնալ և շարե շար մեռնել։

Ժամանակե, որ այս բոլորին վերջ տրվի, ժամանակե, որ որբը փողոցից ազատվի, իսկ փողոցը որբից։

Մենք չափահասների մասին չենք խոսում, չենք խոսում, թեև նրանց դրությունն էլ ծանր է ու անտանելի. խոսում ենք որբերի, 4-ից մինչև 10 տարեկան մանուկների մասին, ծնողներից զրկված, խնամող ձեռքից բաց մնացած թշվառ փոքրիկների մասին, փոքրիկներ, որոնք չար բախտի բերմամբ նետվել են անսիրտ աշխարհի ձեռքը և մեռնում են ու մեռնում։

Որբերը փողոցներում թափված ձեզ են սպասում, ով խնամակալներ, ով պարտականություն ստանձնած մարդիկ, ձեզ են սպասում սովի ճանկերի, մահվան ճիրանների միջից։ Ո՞ւր եք դուք, ո՜վ խնամակալներ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives