November 2, 2024

Ո՞ւմ ենք խաբում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Կիրակի եթեր դուրս չեկավ «Օր յոթերորդ» հաղորդումը

Այսօր կարող ենք համարձակորեն ասել, որ Հեռուստապետկոմի ղեկավարության քրտնաջան աշխատանքի, գործին անմոռաց նվիրվածության շնորհիվ հեռուստատեսությունը լիովին հասել է իր բարձրագույն նպատակին՝ այն, իրոք դարձել է մեր կյանքի հայելին. Նույն խառնափնթորությունը, նույն գորշությունը, ճկուն դիվանագիտության նույն դրոշը: Բազմաթիվ հաղորդաշարեր (շատ դեպքերում միայն անվանումով տարբեր), նորաստեղծ ստեղծագործական միավորումներ այնպիսի մի շիլա են ստեղծում հեռուստապաստառին, որ, ուղղակի, գլուխդ պտտվում է: Կարծես ամեն ինչ արվում է, որ հեռուստադիտողը հեռարձակվող հաղորդումների հանդեպ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերի: Գրաքննությունը՝ գրաքննություն (մի կերպ հասկացանք՝ պաշտոնական լրատվության միջոց է), բայց որ գլխատված հաղորդումների շքահանդեսում միայն հազվադեպ կարելի է հանդիպել օրվա ռիթմով շնչող հաղորդման, արդեն աններելի է: Հիմա անհնարին է թվարկել այն բոլոր քննադատական հոդվածներն ու հրապարակումները, որոնք վերաբերվում են հեռուստատեսության աշխատանքին, նրա ղեկավարների գործելաոճին, բայց դրանցից ոչ մեկը տեղ չհասավ, ոչ մեկն ուշադրության չարժանացավ:

Խոսքը հատկապես լրատվության մասին է, որ այդպես էլ ցայսօր չդարձավ անաչառ ու մանրամասն: «Լրաբերի» թողարկումների ժամանակ իրար փոխարինող «փորձարկվող» հաղորդավարները, արտասահմանյան հաղորդավարների օրինակով, փորձեցին նոր շունչ ու ժամանակակից հնչեղություն տալ լուրերին, համեմատաբար կարճ ժամանակահատվածում տեղավորել հնարավորին չափ շատ լուրեր, բայց դրանից էությունը չփոխվեց, կիսատ-պռատությունը չհաղթահարվեց: Արցախում ահագնացող պատերազմը, հանրապետության սահմանամերձ շրջանների տագնապալի վիճակը այդպես էլ ամբողջական ու ծավալուն ձևով չեն ներկայացվում ժողովրդին, կարծես դրանք ոչ թե այստեղ են, այլ ինչ որ տեղ Մարսի վրա: Կիսատ-պռատ մեկ-երկու տեղեկություն, և հերթը հասնում է ՍԻ ԷՆ ԷՆ հեռուստաընկերությանը, և այդպես էլ լրիվ գաղափար չկազմած մեզանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ստիպված են լսել Կանադայում կամ Ավստրալիայում 25 ձու կուլ տված մեկի պատմությունը իր սահմանած ռեկորդի մասին: Ու դարձյալ ստիպված՝ պիտի սպասես Ռուսաստանի «Վեստի» կամ «Նովոստի» ծրագրերին, որ հաղորդավարների սղալած ու միտումնավոր տեղեկատվությունից գոնե մոտավոր պատկերացում կազմես Արցախյան իրադարձությունների մասին: Իսկ երբեմն նրանց տրամադրած հաղորդումներն ավելի ծավալուն են լինում, քան մեր հեռուստատեսությամբ հեռարձակվողները:

Միայն զարմանալ կարելի է. մի՞թե Հայաստանում չկան քաղաքական մեկնաբաններ, մասնագետներ, որոնք կարող են պարբերաբար եթեր դուրս գալով, վերլուծել քաղաքական իրավիճակը, նշել դեպքերի հնարավոր զարգացման հեռանկարները, մարդկանց հասու դարձնել դրանց զարգացման հեռանկարները, մարդկանց հասու դարձնել դրանց զարգացման տրամաբանությանը: Շատ կան: Բայց հեռուստապետկոմի ղեկավարությունը, որ ամեն ինչում դրսևորվում է օտարին ընդօրինակելու անուրանալի տաղանդ, այս հարցում մատը մատին չի տալիս: Ինչո՞ւ: Չէ՞ որ անորոշությունը թևաթափ է անում մարդկանց ու ասեկոսեների տարածման համար ամուր հիմք ստեղծում: Իսկ անցյալ կիրակի՝ օգոստոսի 23-ին, հարյուր հազարավոր հեռուստադիտողներ այդպես էլ չհասկացան, թե ինչու է ծրագրից հանվել «Օր յոթերորդ» հաղորդումը, ի՞նչ պատճառով: Լուրերի սպասող մարդկանց, որոնք այստեղից-այնտեղից ինչ-որ կցկտուր բաներ էին լսել Ստեփանակերտի ու Շուշիի ռմբակոծությունների, իրենց կիսավեր օջախները թողած մեր հայրենակիցների մասին, այդպես էլ, առանց պատճառաբանության, թողեցին անորոշության մեջ: Ոչինչ չասվեց, հաղորդումը հանվել է և վերջ: Հիմա՝ երաժշտություն: Պատերազմի մեջ գտնվող երկրի և իրեն հարգող հեռուստատեսությունը նման բան կանի՞: Մինչդեռ լրատվական պատերազմում կրած անհաջողությունների համար ախուվախ ենք անում: Ուրիշից ի՞նչ ենք ուզում, եթե ինքներս չենք կարողանում հստակ կազմակերպել ներքին լրատվությունը. ո՞ւմ ենք խաբում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives