June 17, 2021

Նստացույց

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Տևական ընդմիջումից հետո օպերայի շենքի գլխավոր մուտքի աստիճաններին նստացույց է դարձյալ: Տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ են, որոնց միավորել, հրապարակ է բերել միևնույն վրդովմունքը, դժգոհությունը, հիասթափությունը: Ի՞նչն է, ի վերջո, նրանց մղել բողոքի` կարծես թե բավականին ժամանակ մոռացված այս ձևին, ի՞նչ են ուզում ու պահանջում: Մեր թղթակիցը զրուցեց նստացույցի մասնակիցների հետ:

Մեսրոպ Մանրիկյան.– Նստացույցը հունիսի 17-ին հեռուստառադիոպետվարչության շենքի մոտ սկսված պիկետի արձագանքն ու շարունակությունն Է։ Մենք եւս միանում ենք պիկետավորների պահանջներին։ Գտնում ենք, որ մեր կառավարությունը շատ անճարակ է եւ Արցախի հարցում, եւ ընդհանրապես հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու գործում: Ես չեմ վարանում ասել, որ բացարձակ անտարբերության է մատնված բազում կարիքների բեռան տակ կքված մեր ժողովուրդը` նրա համբերությունը կարծես թե սպառվում է:

Նորիկ Կարապետյան.– Մեր կառավարության անտարբերությանը սոցիալ-տնտեսական խնդիրների հանդեպ, թերեւս, զայրույթի այսպիսի դրսեւորում չառաջացներ, եթե Արցախի հարցում այդ վերաբերմունքը ընդգծված տարբեր լիներ, եթե այնպես աններելիորեն չտայինք Շահումյանը՝ մարդկային ծանր կորուստներով։ Եվ ես համոզված եմ՝ բողոքի մեր այս ցույցը ժոդովրդի մեծ մասի տրամադրություններն Է արտահայտում։ Պատերին փակցված այս կարգախոսները նրանցից շատերի սրտովն են։

Արմեն Բեքթաշյան. – Իմ կարծիքով, հանրապետության նախագահից մինչեւ պաշտպանության նախարար ի վիճակի չեն հուսալի պաշտպանություն ապահովել Հայաստանում եւ Արցախում։ Ծանր այս պահին, ամեն ժամ փոփոխվող ու սրվող իրավիճակում նախագահի բացակայությունը հանրապետությունից ոչ մի կերպ չի կարելի արդարացնել։ Եվ, ուրեմն, մի՞թե սխալ կլինի հարցնել, թե չեք կարողանում երկիրը կառավարել, հրաժարվեք ձեր պարտականություններից, տեղներդ զիջեք այնպիսի մարդկանց, ովքեր կարող են հայրենիքը, ժողովրդին հանել այս անմխիթար վիճակից։

Աղասի Իսպիրյան.– Այսօր ստեղծվել է այնպիսի կացություն, երբ ժողովուրդն արդեն սովի է մատնվում պարզապես… Ձեռքից գնում է երիտասարդությունը՝ կամ սեղանիկների մոտ կանգնած, կամ զինված հանցավոր բանդաների մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ մենք ամենաիսկական պատերազմի մեջ ենք, երբ նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն հայրենիքի զինվոր զգալ…
Ժամանակին, երբ Հայաստանը դարձյալ այսպիսի ծանր վիճակի մեջ էր, Նժդեհներ, Դրոներ կային՝ հայրենիքի ու ժողովրդի իսկական ընտրյալներ, որոնց հավատում, որոնց հետեւից գնում էր ժողովուրդը։ Իսկ հիմա՞…

Ամիրան Գալստյան.– Կառավարությունը, որ պարտավոր էր ժամանակին ապահովել սահմանների անձեռնմխելիությունը, Արցախի ինքնապաշտպանությունը, այդ ուղղությամբ միայն չնչին քայլեր է կատարել։ Այսօր, իհարկե, նկատելի տեղաշարժեր նկատվում են, բայց, ցավոք, ուշացած։ Եվ կառավարությանը սթափեցնելու, ուշքի բերելու նման ձեւերը, իմ համոզմամբ, միանգամայն տեղին են. գուցե նրանք վերջապես կդիմեն ավելի լուրջ ու կոնկրետ քայլերի։ Թե չէ, ինչ է ստացվում. հայ ազատամարտիկները իրենց արյան գնով թիզ առ թիզ ազատագրում են հայրենի հողը, իսկ դիվանագիտական զանազան խաղերի մեջ, չգիտես ում կողմից թելադրված քաղաքականությամբ, այն դարձյալ հեշտությամբ զիջվում է թշնամուն։ Եվ հետո նորից որքան զոհեր կպահանջվեն, որքան կորուստներ կունենանք կորցրածը ետ բերելու համար։ Մեր կառավարությունը ուշքի պիտի գա վերջապես եւ կամ, այո, հրաժարական տա՝ սա է նստացույցի մասնակիցների պահանջը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives