March 29, 2024

Նոր վտանգը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91

Մերդենիի շրջան, 1 հուլիս

Տաճկական սահմանից Օլթիի գծով մեծ թվով տաճիկ սպաներ ու ասկյարներ են անցնում դեպի մեր կողմը, որոնք կազմակերպելով տեղական քուրդ ու տաճիկ ժողովրդին, պատրաստվում են հարձակում գործելու Հայկական իշխանության դեմ, անմիջապես Բայրամից հետո:

Մահմեդականները մինչև այժմ դեռ չեն կամենում հավատալ, որ Գերմանիան արդեն ստորագրել է հաշտության պայմանները: Տաճիկ սպաները լուրեր են տարածում, որ իբրև Ռուսաստանում  մեծամասնականները արդեն ջարդել են կամավորականներին ու այժմ միանալով Գերմանիայի և Թուրքիայի հետ՝ արդեն սեղմում են դաշնակիցներին:

Խրախուսվելով այդ բոլորից՝ տեղական ամբոխը շատ տեղերում իրեն սանձարձակ պահելով հանդերձ, տարածում է, որ շուտով Տաճկաստանը մտնելու է նորից Կովկաս, որի ժամանակ առաջ պետք է իրենց պատիժը ստանան հույները և ապա հայերը:

Ստորև բերում եմ ամբողջովին, Արդահանի հյուսիսային մասի (Փոցխովի գավառամասի) զինվորական կառավարիչ լեյտենանտ Օլիվերտի հեռագիրը, ուղղված է Կարսի նահանգապետին, որը կարճ և ամփոփ ձևով տալիս է այն պատկերը, որը այժմ նա նկատել է Արդահանի շրջանի մահմեդական շերտերում.

«Պարտք եմ համարում տեղեկացնելու ձեզ, որ մահմեդականների կողմից անկարգություններ է սպասվում, որը նկատի ունենալով, ես հույսով եմ, որ դուք ամենակարճ ժամանակում նորից հայկական զորք կուղարկեք, որպեսզի դժվար չլինի ձեր ժողովրդին պաշտպանելու համար: Լեյտենանտ Օլիվերտ»:

Այսպիսով, այն համառ լուրերն ու պաշտոնական տեղեկությունները, որոնք գալիս են Կաղզվանից, Սարիղամիշից, Մերդենեկից, Արդահանից և այլ շրջաններից, նորից հաստատում են, որ տաճիկները դեռ չեն ուզում «մեջքի վրա ընկնել» և դեռ չեն կամենում հաշտվել այն ամենի հետ, ինչ որ արդեն ներկայացնում է այսօր տաճիկ իրականությունն…

Տաճիկ սպաները լեգենդար լուրերով հուսափաբելով խավար ամբոխը, դեռ շարունակում են խաբել ու մեծ-մեծ խոստումներ անելով՝ նոր-նոր օդային ամրոցներ կառուցել «Համաշխարհային մուսուլմանական իմպերիայի» վերակազմության ու վերածնության համար:

Սակայն այդ բոլորը մեկ աստառ ունի. դա այն է, մեր կարծիքով, որ առաջինը՝ թուլացնելով հայկական ուժերը՝ հնարավորություն տալ Ադրբեջանին հեշտացնելու Ղարաբաղի գրավումն ու ամեն կերպ աշխատել խանգարելու հենց այժմյանից հայերին իրենց երկրին ու հայրենիքին տեր դառնալու գործում, ինչպես նրանք աշխատում էին խանգարել մեզ Կարսն ու Նախիջևանը գրավելիս:

Սակայն մոտիկ ապագան կպարզի ամեն ինչ և ամեն մի երևույթ իր որոշումը կստանա: Այդ պատճառով մենք պետք է ավելի խտացնենք մեր շարքերը ու ավելի վճռական լինենք մեր արդար պահանջները գործնականի վերածելու խնդրում: Գ. Սարգիսբեկյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives