October 20, 2020

Նա Քրիստոսի տարիքին էր

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0
Աշոտ Ղուլյան

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Ապարանում կազմավորվեց ՀՅ Դաշնակցության շրջանային կոմիտե: Անդրանիկ նիստում որոշվեց կոմիտեն կոչել Աշոտ Ղուլյանի (Ասկոլկա) անունով:

Օգոստոսի 26-ին Աշոտին հանձնեցինք հողին: Ինձ միշտ թվացել է, թե գնդակը երբեք նրան չի տանելու: Պարզապես իրավունք չունի տանելու: Հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, էլի չեմ հավատում, որ նա չկա: Չեմ ուզում տեսածիս հավատալ…

Առաջին վաշտի ստեղծման սկզբնական շրջանում հոգսերը շատ  էին, այնքան շատ, որ ժամանակ չէր մնում գոնե շաբաթվա մեջ մեկ օրով տուն գալ, երեխաներին տեսնել: Վաշտի տղաների կեսը մարտադաշտում էին, մյուս կեսը հոգում էր վաշտի կազմավորման հետ կապված բազում հոգսերը: Զենքը պակաս էր, զինամթերքը քիչ: Աշոտը իր տեղակալը Գենայի հետ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր կազմակերպում էր զենք և զինամթերքի մատակարարումը, դասակներ ու օղակներ էին ստեղծում: Եվ այս ամենը կատարվում էր կռվելու հետ միաժամանակ:

Ամեն անգամ մարտադաշտ գնալուց առաջ Աշոտը հավաքում էր տղաներին, բացատրում անելիքը: Եվ երբ գնում էր՝ բոլորը հավատում էին, որ Բեկորը հաղթանակով է գալու, Բեկորը բոլորի համար անպարտելի էր: Ես չեմ հիշում մի դեպք, երբ նա որևէ հանձնարարություն ստացած լինի ու առանց մինչև վերջ կատարելու հետ գա մարտադաշտից:

Երբ իրավիճակը խիստ լարված էր լինում, և իրական վտանգ էր սպառնում որևէ հայկական բնակավայրի, գլխավոր հրամանատարը անմիջապես կարգադրում էր՝ զանգիր վաշտ, Աշոտին ասա թող գա:

Մասնակցած լինելով բազմաթիվ մարտերի և կատարած լինելով ռազմական մեծ կարևորություն ունեցող շատ հանձնարարություններ՝ Աշոտը երբեք չէր սիրում երկար-բարակ խոսել արածի մասին: Կռիվների ժամանակ բազմաթիվ անգամ վիրավորվել է տարբեր տեսակի արկերի ու նռնակների բեկորներից (այստեղից էլ Բեկոր անունը) և ամեն անգամ հիվանդանոցից փախել է՝ բուժումը չավարտված:

Շուշիի գրավումից անմիջապես հետո բարձրացանք քաղաք, որը դեռ ծխում էր: Աշոտը հինգերորդ անգամն էր վիրավորվել՝ այս անգամ ձեռքից: Բեկորը վնասել էր ձեռքի երակը, հազիվ էր ձեռքը շարժում: Ասացին՝ գնա հիվանդանոց, վիճակդ կարող է բարդանալ: Ժպտաց՝ թե ոչինչ, դրանից ոչ ոք չի մեռել: Միայն Լաչինի միջանցքի բացումից հետո գնաց Երևան՝ «բուժվելու»: Դեռևս լրիվ չապաքինված կռիվ փախավ…

Ինձ միշտ զարմացնում էր քաղաքական հարցերին նրա խորաթափանց մոտեցումը: Մի անգամ զրուցում էինք Ղարաբաղի շուրջ տարվող քաղաքական խաղերից: Ինքը գրեթե չխոսեց: Զրույցի վերջում թե՝ եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու: Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է:

Բեկորը գիտեր ինչ համար է կռվում, ում դեմ և ինչպես պետք է կռվել:

«Բոլոր մարտիկների ժամանակ առաջինն է նետվում ռազմադաշտ ու վերջինը դուրս գալիս»,- ասում էին զինվորները: Եվ կռվում էր՝ առանց տատանվելու, որ ինքը հաղթող է դուրս գալու: Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման սկզբից մինչև օգոստոսի 24-ի Բեկորը միմիայն հաղթանակներ է տարել: «Պարզվում է, որ բնածին ռազմական ընդունակություններ ունեմ, և նոր եմ միայն հասկանում դա: Ես պետք է ռազմական կրթության ստանային»:

Քարինտակ գյուղի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ, երբ պետք է հերթական ջոկատը մեկներ օգնության, հավաքեց զինվորներին ու բացատրեց, թե ինչ պետք է անել: Վերջում ասաց. «Ոչ մի քայլ չնահանջել, թշնամին չպետք է մտնի Քարինատակ»: Ու թշնամին Քարինտակում գտավ իր գերեզմանը:

Կարևորը ոգին է, և այդ ոգին կա, կմնա առաջին վաշտում, բոլորի մոտ: Այդ ոգին հնարավոր չէ սպանել, և այդ ոգու շնորհիվ են ազատագրվել Խոջալուն, Լաչինը, Մալիբեյլին, Սարինշենը: Արցախը կորցրեց իր ամենահավատարիմ զավակներից մեկին: Այսօր հողին հանձնեցինք Աշոտին: Նա Քրիստոսի տարիքին էր…

Այս ամենը, ինչ պատմեցի Աշոտի մասին, իմ աչքերով տեսածն է ու զգացածը: Եթե ինչ-որ տեղ կցկտուր է ստացվել, թող ընթերցողը ներող լինի: Պարզապես ուզում էի մի խոսք ասած լինել Աշոտի մասին՝ ամենամարդկային մարդու մասին, որին հանդիպել եմ իմ ապրած տարիների ընթացքում:

Արմեն Դանիելյան

Ստեփանակերտ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives