September 17, 2019

Յոթօրյա հրադադարը խախտվեց

  • by Archives.am
  • 26 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ.

Ադրբեջանցիները հրետակոծում են Աղդամը

Հրադադարը, որը հաստատվել էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պայմանավորվածության արդյունքում, անցած շաբաթ և կիրակի օրերին խախտվեցին: Մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը Ստեփանակերտից հաղորդեց, որ ըստ ԼՂՀ շտաբի, հուլիսի 31-ին Ֆիզուլու շրջանի հենակետերից ուժգին հրթիռակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ գյուղերը: Այնուհետև ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, անցնելով հարձակման, փորձել են ճեղքել հայկական պաշտպանության դիրքերը Հադրութի հյուսիսարևելյան շրջանում: Ծավալված թեժ մարտերի արդյունքում հակամարտող կողմերը կրել են կենդանի ուժի կորուստներ: Նախնական տվյալների համաձայն, հայկական կողմից զոհվել է երկու, վիրավորվել վեց ազատամարտիկ: Հարձակումը ձախողվելուց հետո ադրբեջանցիները նահանջել են նախկին դիրքերը: Իսկ օգոստոսի 1-ի երեկոյան և լույս 2-ի գիշերը Միրբաշիր շրջանում տեղաբաշխված հեռահար հրետանուց հրետակոծվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղը: Հայկական ուժերը դիմել են պատասխան գործողությունների:

Նույն ժամանակահատվածում Ֆիզուլու ռազմական հենակետերից կրկին հրետակոծվել են Մարտունու և Հադրութի շրջանների սահմանամերձ բնակավայրերը: Հրետանային նախապատրաստություններից հետո ադրբեջանական բանակը հերթական անգամ փորձել է առաջանալ Հադրութի ուղղությամբ, սակայն այս անգամ ևս Ղարաբաղի զինված ուժերը հակառակորդին ստիպել են նահանջել: Միևնույն ժամանակ, ԼՂՀ ռազմական հետախուզության տվյալներով, օգոստոսի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Աղջաբեդի շրջանից զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել  Աղդամի քաղաքը, որի հետևանքով եղել են մեծ ավերածություններ, քանդվել են քաղաքի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և բնակելի տներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օգոստոսի 1-ին զրահամեքենաներից և «Գրադ» կայանքներից գնդակոծվել են Հայաստանի Տավուշի շրջանի Մովսես և Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղերը: Միաժամանակ հրետակոծվել է նաև Մեղրիի շրջանի իշխող բարձունքներից մեկը: Տուժածներ չեն եղել, հայկական կողմը միշտ բացել է պատասխան կրակ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives