July 27, 2024

Մինչև վերջին շունչը պատնեշին վրա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Աշխատանք, 1 (19) հունիս, 1918թ., թիվ 4 (204)

Այսօր լրացավ մեր հերոսամարտի և մեր հաղթանակներու առաջին տասնօրյակը։

Երևանի հայությունը հիմա, միս մինակ, գոյության սրբազան պայքարի մեջ է մտեր իր դարավոր թշնամիին հետ, հավաքականորեն ապրելու կամ մեռնելու որոշումով։ Ու այս վերջին տասնօրյա պայքարն ապացույց է, թե ուրիշ ճար-ճամփա չկար օրհասական կռիվեն բացի, թե մեր ժողովուրդը չսխալվեցավ և թե՝ կռվելու վճիռ տվող ու ինքնապաշտպանության պայքար մղողը չի մեռնիր բնավ։

Սակայն և այնպես, մեր այդ գոյամարտն ալ ավելի արդյունք կրնար տալ, եթե մենք ամբողջապես կտրվեինք Թիֆլիսեն ու բանակցություններեն, եթե հույսի առագաստ մը չունենայինք, եթե մեր զինվորության ուղեղեն վերցվեր ուրիշ միջոցներով փրկվելու գաղափարը և մանավանդ՝ եթե մեր ղեկավարները չհուսահատվեին փոքրիկ անհաջողությունե մը, կանգ չառնեին որևէ հաղթանակաբեր զոհաբերության առաջ ու ալ ավելի թափ տային մեր կռվին։

Երբ Թիֆլիսեն նոր հեռագիր, նոր հրահանգ կամ պայման կուգա, ստրկական ոգին վերստին կվարակե շատերին, որոնք կաշխատին հաշտության, զիջման ճանապարհով վերջացնել մեր պատվաբեր կռիվը, թուլացնել զինվորներու ռազմական կորովը և ժողովրդի ուշադրությունը դարձնել դեպի անարյուն, անզոհ կյանքը և ստրկական ապագան։ Թիկունքը գտնվող ժողովրդի և ղեկավար շրջաններու վրա կազդեն փոքրիկ անհաջողություններ կամ պարտություններ ու սպանվածներու դիակներ, և անոնք իրենց վարակիչ հուսահատությունը կհասցնեն մինչև ճակատը ու կթափանցեն կռվողներու խիտ շարքերը։ Դժբախտաբար, պետք է խոստովանիլ, որ այսօր թիկունքը կազդե ճակատի և ճակատը պաշտպանողներու վրա, թիկունքը՝ իր լեգեոն թափառաշրջիկներով, իր լեփ-լեցուն մայթերով, իր դասալիք սպաներով, իր թևանցուկներու շարքերով և վերջապես ամենեն ավելի՝ իր ղեկավար մարմնով, որ խնամով կպահե ու կհովանավորե վերոհիշյալները։

Ինչ-որ ներքին թուլահոգիներ, ստրկամիտներ և վաճառվածներ կան, որոնք ամեն րոպե լքում ու հուսահատություն կձգեն ժողովրդի և զորքի մեջ, ղեկավարներ ալ կան, որոնք հուսահատված մեր դիմադրական կարողութենեն, կամ թերևս պարտութենեն՝ նույն ոգին կսնուցանեն և ընդունելու կպատրաստվին թուրք կառավարության վերջնագիրն ու պայմանները։

Թող գիտնան բոլորը, մանավանդ ղեկավարելու պարտականություն ու թյուրիմացություն ունեցողները, թե ոչ ոք, ոչ մեկ իրավունք ունիընդվզելու ժողովրդական կամքին դեմ, որ որոշեր է կռվիլ մինչև վերջը, մինչև վերջնական հաղթանակ կամ պարտությունը։ Եվ եթե հիմա թուլության, հուսահատության նշաններ կերևին հոս հոն, ատոնց միակ պատճառը մեր ղեկավար կոչեցյալներն են, որոնց գլխի և ուղեղի մեջ թափանցեր է հուսահատությունը թույնի պես, որոնք կրնան միայն անգործադրելի հրամաններ ու հրահանգներ հանել, խախտել նույնիսկ իրենց գոյության հիմքը, առանց սրտապարար ու ոգևորիչ խոսք մը ըսելու ժողովրդին ու զինվորության։

Իսկ վերջնագրերու առթիվ՝ ժողովրդի և զինվորության կողմե ոչ մեկ պայման ու զինադադար, ոչ մեկ դաշինք ու զիջում կրնա ըլլալ, այլ՝ պետք է շարունակել պայքարը մինչև հաղթանակ։ Վա՛յ անոնց, որոնք ստրկական ոգի ունին, վա՛յ անոնց, որոնք զիջման և պայմանի կպատրաստվին, և վա՛յ այն ղեկավարներուն, որոնք իրենց հուսահատ տրամադրությամբ ու ստրկացման տանող ձեռնարկներով կդավաճանին հայ ժողովուրդը։ Պետք է շարունակել կռիվը, ինչ գնով ալ որ ըլլա, պետք է բնավ կանգ չառնել զոհերու առաջ, պե՛տք է վերջապես այս ստրկական շրջապատեն դուրս գալու համարձակ քայլեր առնել. և սակայն միշտ, մինչև վերջին շունչ պատնեշին վրա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives