March 28, 2024

Մարդը, որ գնում է երազների հետքով

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 14 հուլիսի 1993թ.
Աբգար Ափինյան

Իրեն բոլորը տեսան, բայց ոչ ոք չհասկացավ՝ եկողը կածանո՞վ է գալիս, թե՞ կածանն է իրեն բերում: Իսկ նա գալիս էր ու գալիս՝ իր շուրջն ամեն ինչին աչքը սիրով հառած: Պատմում էր բոլոր հանդիպողներին անհավատալի բաներ ու հավատացնում էր, թե ինքն այն մարդն է, որ լորերի հետ ու նրանց թևերին ծիածաններ է տարել ծիածանի միջով: Հետո կանգնեց ու ասաց՝ ի՞նչ եք տխրել, աշխարհն ինչ էլ լինի, այդ աշխարհը սիրելի է: Ու իրեն բոլոր լսողները հասկացան ու տեսան չտեսնված բաներ՝ հավատացին, թե կարելի է թռչել լորի թևին, թե աննման այս քարոտ աշխարհը, ու միայն այստեղ է, որ հրաշալի է՝ լույսի հոտ է, քարի հոտ է, ուրցի հոտ է: Ու տեսնելով, որ իրեն հավատում են, պատմեց իր պատմությունը: Ասաց՝ թողել եմ երազներս հետափի կապույտ քարերին, որ անձրևը եկավ ու տարավ: Ես հիմա գնում եմ երազներս որոնելու…

«Ես չունեմ իմ մեղավորը, որին մեղադրեմ»

Միշտ կհիշեմ, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցի Համո Սահյանին: Տեսնելը շատ էի տեսել, բայց ցուրտ հունվարյան մի օր գնացել էի այցելության: Ու երբ իր ցուրտ բնակարանի դուռը բացեց՝ իրար վրա մի քանի շոր ու մի քանի գլխարկ հագած, ու երբ մեր զրույցի կեսին կինը՝ տիկին Սվետան, դուրս եկավ պահածո ճարելու (տաք բան սարքելու հնար չկար) ես այն ժամանակ հասկացա, թե ինչպես է ապրում Աղայան փողոցի վրա գտնվող իր տանը բոլորիս սիրելին՝ Համո Սահյանը:

Ծխում էր, ու ինձ թվաց, թե ծխում է, որ տաքանա: Հետո նայեց ձայնագրիչիս ու ասաց՝ չի՞ լինի առանց դրա: Միայն հետո, զրույցի վերջում հասկացա, թե ինչն ու ինչու չի սիրում: Չեմ սիրում երևալ, ասաց: Մարդ կա, լավ է զգում, որ հրավիրում են նիստի ու խորհրդակցության: Իմ ուզածն էն է միայն, որ ինձ չխանգարեն: Ասացի՝ ինչո՞ւ: Պատասխանեց՝ դու ծղրիդ տեսած կա՞ս, երգելու ժամանակ տեսած կա՞ս:

Ինքը բանաստեղծ է, և իրենը իր երգն է, որ ոչ մի բանի հետ չի փոխի: Միայն այդտեղ է, որ ապրում է: Միայն այդտեղ է, որ կա: Ինչ հարց էլ տալիս էի, փոխում-խոսքը տանում էր դեպի բանաստեղծություն: Իր համար ուրիշ ճշմարտություն չկա: Ինքը բանաստեղծ է՝ ամենայն մանրից ու փոքրից հեռու: Ժպիտը դեմքին ինձ բացատրում է՝ մեր կանայք ձևը գտել են: Ցուրտ է՝ մենք ենք մեղավոր, վատ եղանակ է՝ էլի մենք ենք մեղավոր, մութ է կամ էլ հաց չկա՝ էլի մենք ենք մեղավոր: Մենք կանք ու մեզ մեղադրել կարելի է: Ուրիշ մարդիկ էլ ուրիշ մարդկանց են մեղադրում: Լևոն Տեր-Պետրոսյանին են մեղադրում՝ արած ու չարած մեղքերի համար: Ես ի՞նչ անեմ: Ես չունեմ իմ մեղավորը, որին մեղադրեմ…

Ես լսում եմ իրեն ու մտածում՝ բանաստեղծ է ու արդարն ինքն է: Իր խոսքն է, որ ճշմարիտ է: Եվ իրար մեղադրելով, ոչ մի բանի չենք հասնելու: Ավելի շուտ հասնելու ենք ոչնչի, թե էսպես գնանք…

«Ես երկրի տերը ես եմ»

Նորից ծխում է, բայց նախկին մրսած ու հիվանդ բանաստեղծը չէ՝ խոսքի հետ առույգանում է: Հավանաբար իրեն թվում է, թե հոգնածությունը ինձ կփոխանցվի: Իսկ ինքը հիմա պետք է ասի գուցե թե ամենակարևոր խոսքը: Որովհետև ամեն ինչ չասվեց: Որովհետև քիչ է ասել, թե մեղադրելը սխալ է: Ո՞րն է ճիշտը:

«Ես մի բան գիտեմ, ինձ մտավորական կասեն, թե չոբան կասեն՝ էս երկրի տերը ես եմ: Ո՞ւր ես եկել ինձ տիրություն անես: Ես ինձ էդպես եմ միշտ զգում, ինձ ինչ ուզում են ասեն: Ժողովրդից ամեն մեկն էլ պիտի զգա, ինքն է էս երկրի տերը: Ամեն մեկը»:

Ինձ համար ամենակարևորը սա էր՝ իր այս խոսքը: Ամենապարզը, ամենահեշտը, թվում է, բայց միակը, որ չենք հասկանում: Զբաղված ենք մեղավորներ փնտրելով: Եվ ինչն է զարմանալին՝ միշտ գտնում ենք: Ամեն ինչի համար պատասխանատուներ կան, բացի մեզանից: Ու մտքիս մեջ կրկնում եմ իր խոսքը, որ հիշեմ ու հասկանամ, ու երևում են աչքիս առաջ Երկրիս պատկերները՝ չաշխատող մեքենաներ, չաշխատող գործարաններ, չաշխատող մարդիկ, կանգնած ու սպասող մարդիկ: Ու գիտեմ, որ այս ամենի պատճառը մեկն է՝ ոչինչ մերը չենք համարում, ոչ մի բանի տերը չենք: Ուզում եմ հարցնել բոլորին՝ ե՞րբ եք լսելու ձեր Բանաստեղծին…

«Բոլոր կուսակցություններից ու բոլոր գաղափարներից բարձրագույնը պետականություն ունենալն է»

Թերթում եմ Համո Սահյանի գիրքը, որ դրված է սեղանին: Նայում ու լսում եմ իրեն: Իր խոսքի ու իր գրքի մեջ ուզում եմ հասկանալ իրեն: Ի՞նչ է սիրել ու ի՞նչ է ուզում ասել հիմա: Ո՞րն է իր Հայաստանը՝ փոխվե՞լ է, չի՞ փոխվել:

Իմ Հայաստանը նույնն է, ասում է, ու ես էլ նույնն եմ: Միայն թե հիմա տեղից վեր կացողը Հայաստան է ասում, ազատություն ու անկախություն է ասում՝ շատերին չեմ հավատում: Շատերի համար դա խաբելու ձև է: Եվ բոլորին չէ, որ պիտի հավատալ: Ասում է ու հետո ավելացնում՝ «Երկիրը հիմա կործանվի, գիտես քանի մարդ կշահի»: Ուրեմն կարևորը երկիրը պահելն է՝ ահա ամենամեծ, ամենաբարձր, ամենասուրբ գաղափարը.

«Ես հաճախ բողոքներ եմ լսում, թե ծրագիր չկա, պետական գործիչները ծրագիր չունեն: Իբր՝ ի՞նչ տեսակ պետություն ենք ստեղծում, երբ ծրագիր չունենք: Իբր՝ մի գաղափար, որի շուրջ ազգը համախմբվի: Լսե՞լ եք, չէ՞ էսպիսի բողոքներ:

Իսկ ես մտածում եմ, թե բոլոր կուսակցություններից ու բոլոր գաղափարներից բարձրագույնը պետականություն ունենալն է: Դա է, որ դրված է հիմա քո առաջ: Ամենաբարձր գաղափարը: Դա որ թողնում ես, ուրիշ ի՞նչ գաղափար ես ման գալիս: Եթե կարող ենք՝ բոլորս միանանք՝ էս պետությունը պահենք»:

Ես գիտեմ՝ ինչով է զբաղված Հայոց բանաստեղծը: Գրում է, երևում է, խոսում է, քննադատում է: Մեզնից ո՞ր մեկն է արվեստով խոսել մեր ժամանակի ու մեր այսօրվա մասին, եթե ոչ՝ ինքը: Մեզնից ո՞ր մեկն է այդպես անդավաճան իր գործին: Եվ ո՞վ է, որ ավելի սուր կարող է ծաղրել, քննադատել մեր թերին ու պակասությունը: Ո՞վ գրեց նորօրյա «քաջնազարների» մասին, եթե ոչ Համո Սահյանը: Եվ դա ուրիշ տեղ չարեց, այլ հենց մեր գլխավոր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Դա այդպես է: Դա իրոք այդպես է: Բայց և կարողացավ չշփոթել մանրը մեծի ու կարևրորն անկարևորի հետ:

Իսկ կարևորն իր համար իր ժողովուրդն է: Եվ Համո Սահյանը հարգում է իր ժողովրդին: Նրանցից չէ, որ տեսած ամեն վատ բան վերագրում են ժողովրդին: Ժողովուրդն իր քչի մեջ է՝ ասում է: Եվ ժողովրդի մեջ ամենալավերը, այսինքն, բուն ժողովուրդն անում է այսօր իր կյանքի գործը՝ հիմնում է Պետություն:

«Մտավորականը վեր է կուսակցությունից»

Մի տեղ կարդացի իր խոսքը և հիմա արտագրում եմ.

«Պիտի հասկանանք, վերջապես պիտի հասկանանք, որ մեր թշնամու համար չկա հարուստ հայ, տաղանդավոր հայ, իրեն նվիրված ու հավատացող հայ, աղքատ հայ, նրա համար կա հայ, հայություն, հայկականություն հասկացությունը և վերջ: Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում: Պիտի տեսնենք ու հիշենք` մենք հայ ենք… Թշնամին ինչքան էլ հզոր լինի, աշխարհն ինչքան էլ՝ անտարբեր, մենք պիտի հաղթենք»:

Նա նորից նույնն է՝ ամեն ինչին հավատով նայող Համո Սահյանը: Սիրում է կրկնել նույն խոսքը՝ «Սարդարապատի ժողովուրդ»: Նրանցից չէ, որ անընդհատ բողոքում են մեր անմիաբանությունից: Ամենավճռական պահին մենք շատ էլ միաբան ժողովուրդ ենք՝ ասում է նա: Եվ մտավորականության դերն էլ հենց դա է՝ ոչ թե կուսակցությունների մեջ մտնելով բաժան-բաժան լինել, այլ ազգը անբաժան պահել:

Ես լսում էի իրեն ու մտածում՝ ինչքան անվայել խոսք ասացինք այս վերջին տարիներին մեր մտավորականության հասցեին: Իսկ ամենավիրավորականը ժխտումն էր՝ իբր մենք մտավորականություն չունենք: Իսկ ես սրտիս խորքում համոզված էի՝ երբեք մենք այսքան բարձր, ընտիր մտավորականություն չենք ունեցել: Ի վերջո խոստովանենք, որ ազգն այսօր կա հենց իր՝ մտավորականության շնորհիվ: Համո Սահյանի մեջ գտել եմ իմ համախոհին: Մենք հրաշալի մտավորականություն ունենք, ասում է նա: Միայն պիտի միասին գործել, և այդ դեպքում շատ բանի վրա կարող ենք ազդել, միայն թե չբաժանվենք խումբ ու կուսակցությունների: Մտավորականը պիտի վեր լինի կուսակցություններից.

«Իմ ցանկալի պետության մեջ ես գերագույն դերը կհատկացնեի մտավորականությանը: Մեծագույն: Նա է ժողովրդի միտքը: Կուսակցությունների մասին չեմ ուզում խոսել: Չեմ սիրում: Կուսակցություն՝ այսինքն ինչ-որ մեկի կողմը պահել: Դա ինչի՞ նման է: Չկա այնպիսի կուսակցություն, որ բոլորի մասին մտածի: Բոլորը կողմնապահ են: Կուսակալ՝ վատ իմաստով: Նրանք իրենց սխալն էլ ճշմարտության տեղ կանցկացնեն՝ Աստված հեռու պահի դրանցից»:

Այսպես խոսում է, ու իր խոսքի մեջ մեծ հավատ կա՝ մտավորականությունն այնտեղ է, որտեղ անհատականություններ կան, իսկ հիմա անհատականությունների ժամն է…

«Եթե տրամադրություն չունես, դա արդեն գրելու տրամադրություն է»

Ասում են՝ չի գրվում: Ասում են՝ հիմա գրականության ժամը չէ: Ասում են ու փախչում են գրականությունից՝ նորօրյա այս «կուսակցականները»: Ես հավատում եմ միայն Համո Սահյանին: Ինքն էր, որ մեր այս խառը ժամանակներում մի օր անգամ չլքեց իր տեղը: Բանաստեղծ էր ու այդպիսին էլ կա: Մեր մտավորականության մեջ ամենավստահելի թևի ներկայացուցիչը:

Խոսում է այնպես, ասես դիմում է բոլորիս, որ իր խոսքին ենք սպասում՝ անգամ մեր գյուղացին մտավորական է իր պահվածքով՝ էլ ինչի՞ց եք դժգոհում: Մեր սերունդն իր գործն արել է, այդ մտավորական-գյուղացու համար էլ արել է: Դուք ի՞նչ եք անելու: Ձեր գործն ավելի դժվար է: Մարդուն հիմա փորձության մեջ են դրել, ու վատ կողմերն են բացահայտվում մարդու մեջ: Մեր բարոյական գիծն է խախտվել: Մեզ ուզում են խլել մեզանից: Մեր ժողովրդի երեք մեծ հատկությունները՝ մեր միասնությունը, մեր հիշողությունը, մեր ստեղծագործ միտքը: Այ սրանք հիմա ուզում են խլել մեզանից: Իսկ դուք ասում եք, թե հիմա գրելու տրամադրություն չկա…

«Երգիս մեջ փնտրեք միայն, ես ուրիշ տեղ չկամ»

Ինչի մասին էլ խոսես Համո Սահյանի հետ, նա խոսքը կտանի դեպի բանաստեղծություն: Այստեղ ինքն է, որ կա: իմ ու ձեր Համո Սահյանը: Ես շնորհակալ եմ իրեն ու չեմ թաքցնում, որ իրենից սովորեցի շատ բան ու հատկապես իրողությունը տեսնելով հասկանալ ճշմարտությունը: Սա մեծ ճշմարտություն է: Եվ Սահյանը բացատրում է՝ խաղաղ լճի հայելու մեջ է արտացոլվում երկինքը: Հոգիդ խաղաղ պիտի լինի, մտածում եմ՝ ատելությունից չարացած մարդիկ կան՝ գրող ու քաղաքագետ, ի՞նչ են արտացոլելու…

Ես շնորհակալ եմ իրեն: Ինքն էլ ինձ է լավ խոսքեր շռայլում: Ասում է՝ հավանում եմ քո գրածները, որովհետև դու պոեզիան չես փորձում վերլուծել: Պոեզիան վերլուծե՞լ կլինի: Եվ ես հաճախ եմ մտորում գրականագետի իմ գործի մասին, ամենակարևոր գաղտնիքը պարզեցի…

Ինչ լավ է, որ այս առիթը կա՝ իրար հետ ու միմյանց մասին խոսելու: Եվ այս լավ խորագիրը՝ «Մտավորականությունն ինչպես որ կա»: Տեսնես ի՞նչ ենք պարզելու խոսակցության վերջում: Ես չգիտեմ, միայն զգում եմ, որ ուզում եմ ավարտել, որ շատ չերկարի: Ցած եմ դնում գրիչս ու թերում Սահյանի հատորը, որ մի լավ վերջաբան գտնեմ: Ու մեկ էլ մի լավ բանաստեղծություն՝ «Ես ուրիշ տեղ չկամ»

Ինձ հյուր եկեք, երբ կամենաք,
Կյանքս էլ ուզեք կտամ,
Բայց երգիս մեջ փնտրեք մենակ,
Ես ուրիշ տեղ չկամ:

Որտե՞ղ ես փնտրեցի իրեն: Ճի՞շտ էր, որ այսպես եղավ: Իր հետ խոսեցի ու իր մասին գրեցի: Չէ՞ որ սա իր երկրորդ իրականությունն էր՝ իր զրույցը, իր պահվածքը, մարդը՝ իր մեջ: Իսկ ինքը՝ Համո Սահյանը, իրականում այստեղ է՝ այս հատորի մեջ: Մարդը, որը գնում է երազների հետքով: Ես ուզում էի փնտրել իրեն: Ինչ արած՝ կսկսեմ նորից…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives