July 27, 2024

Ղարաբաղում հյուր գնացի

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Ղարաբաղում հյուր գնացի աշխարհի ամենապինդ «ճղոպուրը»

աշխարհի ամենապինդ «ճղոպուրը»

«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)

Ստեփանակերտում այսօր ռումբեր չեն պայթում։ Փողոցներում շարժում կա. տեղ-տեղ ինչ-որ բան են վաճառում մայթերին՝ «շուկայական հարաբերությունների» արձագանքներն են։ Զինվորական մեքենաներ են երթեւեկում՝ վիրավորներ են բերում հոսպիտալ. ռազմամթերք տեղափոխում։ Ռումբեր չեն պայթում, բայց մարդիկ չեն միամտվել, պատուհաններին ավազով լցված պարկեր են ամրացված՝ հնարավոր ռմբակոծությունից պաշտպանվելու համար։ Պատերազմը շարունակվում է։ Ու այդ՝ կես պատերազմական, կես խաղաղ քաղաքում մարդիկ ապրում են՝ ամեն մեկը հոգալով առօրյա իր հոգսերը ու նաեւ անեն մի ընդհանուր հոգս, նպատակ, որ միավորում է բոլորին, այդ նպատակը իրենց երկրին, հողին տեր կանգնելն է…

Արամայիս Պողոսյանը «ամեն մեկից» մեկն է. երկու որդին էլ հայրենիքի զինվոր են։ Ծանոթացանք ու, ղարաբաղցուն հատակ հյուրասիրությամբ, մերժում չընդունող տոնով հրավիրեց տուն՝ միասին մի կտոր հաց կտրելու, զրուցելու։ Կինը տանը չէ. դեղատանն է աշխատում, ու Արամայիսը տղամարդավարի սեղան է դնում, խմում ենք Ղարաբաղի թթի օղին։ «Մեր նպատակի, հաղթանակի կենացր». այստեղ այլ կենացներ՝ միմյանց ինքնասիրությունը շոյող գովեստի խոսքեր չեն ասում, միայն՝ հաղթանակի, կռվողների ու զոհվածների հիշատակի կենացը՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Ղարաբաղում հյուր գնացի աշխարհի ամենապինդ «ճղոպուրը»

Ղարաբաղում հյուր գնացի
աշխարհի ամենապինդ «ճղոպուրը»

Խմում է. դեմքը մտահոգ է։ Այստեղ բոլորն են մտահոգ, երեխաների աչքերում թաքնված հոգս ու տարիքին անհամապատասխան լրջություն կա։

– Հոգնե՞լ եք, Արամայիս։

– Ինչի՞ց։

– Պատերազմից։

Հոնքերի տակից հարցական նայում է, ու զայրույթ կա հայացքում։

– Այդպիսի լուրեր տարածողը թշնամի է։ Պատերազմը նոր է թափ առնում։ Մի նպատակ ունենք՝ միացյալ, անկախ Հայաստան, ու պայքարելու ենք մինչեւ նպատակներս իրագործվի: Մինչեւ 88-ը էլի պատերազմ էր՝ քողարկված։ Պատերազմում հաղթում են ուժեղները, քանակով չէ, որակով։

– Հետո՞։

– Հետո՝ հաց կեր։

Ուտում եմ։ Տան թխած հաց է։ Խանութում հաց չի վաճառվում։ Ալյուր են տալիս՝ տանն են թխում, ու ամեն տան հաց իր հոտն ու համն ունի։

– Էս ալյուրը Հայաստանն է տվել։ Խաղաղություն լինի՝ մենք մեր ալյուրը կունենանք, մեր ամեն ինչը ու մեր Հայաստանին էլ բաժին կհանենք, չկասկածե՛ս։

Չեմ կասկածում։ 88-ի հուլիսին Երեւանի խանութներում խաղող էին վաճառում՝ կարմիր, մեծ-մեծ, կիլոգրամը 45 կոպեկ։

– Հա՛, Մարտակերտի խաղողն էր։ Մարտակերտն ու Շահումյանն էլ ազատագրենք՝ հետո կերեւա։ – Մի պահ մտազբաղ լռում է։ – Տեսնո՞ւմ ես, ինչ են անում Հակոբ Մեղրյանի տղերքը. Գյուլիստանից իջան ու Մարտակերտի երեք գյուղ ազատագրեցին։ Իսկ ՀՀ նախագահն ասում է՝ դաշնակները չեն կռվում։ Խմի՛ր։

Թթի օղին իր ձեռքով է քաշել, մեջն էլ ընկույզի կտորտանք է լցրել՝ առողջարար է։ Ասում է. «Խաղաղություն լինի, կգաս էս թթի օղիից կտամ, կտանես»։ Հիմա պահում է կռվողների համար. Երեւանից, Հայաստանից եկածներին հյուրասիրի՝ իմանան ինչ բան է Ղարաբաղի թթի օղին ու «ճղոպուրը»։ «Էս ճղոպուրն ուտողը իր ասածի տեր տղամարդ է լինում»։

– Հաղթելու ենք։ Միայն թե կառավարությունը ուրիշների դուդակին շատ ականջ չդնի։

– Ո՞ր կառավարությունը։

– Հայաստանի։ Մենք մեծ պոտենցիալ ունենք, օգտագործող ու կազմակերպող է պետք։

– Ասում են՝ միջոցներն են քիչ։

– Ճիշտ չէ։ Ինչպե՞ս եղավ, որ կայսրության քթի տակ ժողովուրդը կարողացավ բանակ ստեղծել եւ թուրքին ջարդեց Երասխում։ Իսկ հիմա Հայաստանի զինկոմները հեռուստացույցով լաց են լինում, թե մարդիկ զորակոչից խուսափում են։ Էս՝ մեկ։ Երկրորդը՝ 88-ին միլիոնից ավելի մարդ էր հավաքվում, ու ոչ մի վատ բան չէր լինում, մի ծաղիկ չէր տրորվում։ Իսկ հիմա թալան է։ Էս ամեն ինչի մեղավորը կառավարությունն է՝ ձուկը գլխից է հոտում։ 88-ին ազգային գաղափար կար. այսօր կառավարությունը հեռացել է ազգային գաղափարից։ Դու կե՛ր։

– Վերջը ի՞նչ է լինելու։

– Ճիշտը որ կուզես, մենք շատ ենք անձնական շահի հետեւից ընկնում։ Ու թե իսկապես Հայկի զավակ ենք, մեր երեխեքին հայկազյան ոգով պետք է դաստիարակենք։

– Այսինքն։

– Երեխային դպրոցում «ա» տառը սովորեցնելուց հետո հրացանը բռնել պետք է սովորեցնես։ Մեր երեխաները զենքի հետ վարվել պետք է իմանան, ոչ թե ծամոն ծամեն։

Արամայիսը ափսեիս մեջ չեչով մեղր է լցնում։ Այս մեղրը պահում են ճակատում կռվող ու մեկ էլ՝ Հայաստանից եկած հյուրերի համար։ Մեղրը ծորում է՝ քաղցր, դաշտային ծաղիկների հոտն ու համը մեջը. ինքն էլ դեղին՝ Ղարաբաղի սարերում ծագող ոսկե արեւի պես։

– Իսկ աշխարհի ուժեղնե՞րը։

– Նրանք բարեկամ են ձեւանում, բայց իրականամ միշտ խանգարելու են։ Հարուստը աղքատի հետ սեղան չի նստում։ Հայը հանգստանալու իրավունք չունի։ Շուշին ազատագրելուց հետո հաղթանակը չամրապնդեցինք ու պատժվեցինք դրա համար։

– Միայն զենքով հա՞րց կլուծվի:

– Չէ, խելոք դիվանագիտություն է պետք։ Նժդեհն ասել է. «Ուժն է ծնում իրավունք»։ Ոչ Հռոմը, ոչ Ամերիկան, ոչ մեկը մեր հարցը չի լուծելու, մենք ենք որոշողը, ամեն ազգ՝ իր բախտի տերը։ Դաշնակցությունն ասում է՝ «հարատեւ կռիվ»։ Ճիշտ է։ Մեր պայքարը հարատեւ է, որովհետեւ հարատեւ է պայքարը՝ արեւի տակ տեղ ունենալու համար։

Տանտերը մի-երկու փայտ է ավելացնում վառարանի մեջ։ Կրակը թեժանում է։ Իրիկվա հետ երկարում է մեր զրույցը Ղարաբաղի կռվող տղերքի, աշխարհի ամենապինդ «ճղոպուրի», աշխարհի չարի ու բարու մասին։

«Աշխարհի հզորները,– ասում է Արամայիսը,– այստեղ իրենց շահն են փնտրում։ Բայց այս կրակված հողում մեր արմատներն են ձգված ու այդ պատճառով էլ ամենաուժեղը այստեղ մենք ենք։ Թուրքը ջանում է ամեն ինչ կեղծել։ Բայց՝ ձու կարելի է գողանալ, ձի կարելի է գողանալ, պատմությունը գողանալ չի լինի»։

Աշխարհը՝ աշխարհով, Ղարաբաղը, մեջքը հենած Իշխանասարին, ապրում է՝ դիմագրավելով աշխարհի որոգայթներին ու շարունակելով իր պատմությունը։

Արթուր Դոխոլյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives