December 7, 2024

Ղարաբաղում զինադադարը պահպանվում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 27 հուլիսի, 1993թ., 141(392), երեքշաբթի

Հաջորդ քայլը՝ ուղղակի երկկողմ բանակցություննե՞ր

Անցյալ շաբաթ իրադրությունը շարունակում էր մնալ ծայրահեղ լարված ինչպես Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Դեռևս հուլիսի 21-ին ադրբեջանական կազմավորումները Աղդամի շրջանում տեղաբաշխված ռազմական հենակետերից լայնածավալ գրոհ էին ձեռնարկել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ նախապես մի քանի ժամ շարունակ ուժգին հրետակոծության ենթարկելով հայկական պաշտպանական դիրքերը: ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումներին այդ օրը հաջողվեց ոչ միայն կասեցնել թշնամու գրոհը ռազմաճակատի Փառուխ-Ասկերան-Փիրջամալ հատվածի ողջ երկայնքով, այլևս ոչնչացնել թշնամու հենակետերը Աղդամի շրջանի 6 գյուղերում և ընդհուպ մոտենալ շրջկենտրոնին, որտեղ կենտրոնացած էին հակառակորդի հիմնական ուժերն ու ռազմական բազաները: Հուլիսի 22-ին հայկական ուժերն այդպես էլ չկարողացան ոչնչացնել թշնամու հենակետերը Աղդամում և Ահմեդավար գյուղում (Աղդամից արևելք), սակայն արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումները վերջնականապես գրավեցին Աղդամը՝ դրանով իսկ ապահովելով եթե ոչ ԼՂՀ արևելյան սահմանամերձ գյուղերի, ապա գոնե Ստեփանակերտի անվտանգությունը հեռահար հրետակոծումներից:

Շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ ռազմաճակատներում ընդհանուր առմամբ համեմատաբար հանգիստ է եղել: Վկայակոչելով ԼՂՀ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները՝ ԻՖ-ը հաղորդում է, թե շաբաթ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են հուլիսի 25-ից սկսած եռօրյա զինադադարի մասին: Զինադադարի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելն է, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երկու հանրապետությունների սահմանագլխին: Զինադադարն առայժմ պահպանվում է:

Միաժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է «զսպել ագրեսորին» և անհապաղ միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի նվաճված տարածքներն ազատելու ուղղությամբ: Շաբաթ օրը նա հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին, որտեղ հայտնում է, թե Աղդամի գրավումից հետո «հայկական ագրեսորները գրավել են Ադրբեջանի տարածքի ավելի քան 17 տոկոսը՝ 503 բնակավայր, բռնագաղթվածների և փախստականների թիվն անցնում է 567 հազարից» և այլն: Իրենց հերթին ԵԱՀԽ Մինսկի խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են հայկական ուժերի կողմից Աղդամի գրավումը և Ղարաբաղի իշխանություններին կոչ արել զորքերը դուրս բերել «նվաճված տարածքներից»: Հայտարարության մեջ շեշտվում է, թե հակառակ դեպքում հարցականի տակ կդրվի Լեռնային Ղարաբաղի հայերի մասնակցության հնարավորությունը հակամարտության կարգավորման բանակցությունների փուլում:

Ինչ վերաբերում է եռօրյա զինադադարին, ապա դա առաջին հերթին ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, սեփական մաշկի վրա զգալով ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու անհնարինությունը, անհամեմատ ավելի է հակված ուղղակի բանակցությունների, քան Ադրբեջանի ղեկավարությունը

Ի դեպ, Ալիևի բերած թվերի մասին համեմատության համար ասենք, որ Հայաստանի բնակավայրերի թիվը չի անցնում հազարից, իսկ «Ադրբեջանի տարածքի 17 տոկոս» նշանակում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակը գրավել է 4 անգամ ավելի տարածք, քան բուն Ղարաբաղինն է: Ինչևէ: Եթե ադրբեջանական գերատեսչությունն արդեն հասկացել է, որ ռազմական գործողությունների հետագա ծավալման ամենահավանական արդյունքը վերոհիշյալ թվերի մեծացումն է, և պետք է շտապ կարգով ուղղակի բանակցություններ սկսել, ապա պետք է հուսալ, որ առաջիկայում նույնպիսի եզրակացության կգան նաև Ադրբեջանի իշխանությունները, եթե, իհարկե, նրանք իսկապես ձգտում են խաղաղության, ինչպես ջանում են ցույց տալ արևմուտքին՝ օրեցօր ավելի ու ավելի խղճալի դիրք ընդունելով:

Արմեն Բաղդասարյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives