July 27, 2024

Ղարաբաղի ղեկավարի դիմումը Մարիո Ռաֆայելլիին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ.

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը Հռոմի «9+1» նոր հանդիպմանը դիմել է ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիին, խնդրելով պատշաճ ըմբռնումով վերաբերվել ԼՂՀ դիրքորոշմանը և հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել շրջանում խաղաղության հաստատումն արագացնելու նպատակով:

Ղարաբաղի ղեկավարը իր դիմումի մեջ կրկին ընդգծում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի հավակնում օտար տարածքների, բայց քանի դեռ մեր քաղաքների ու գյուղերի վրա կրակում են թնդանոթներից, մենք ստիպված կլինենք ոչնչացնել դրանք: Մեզ այլ ընտրություն չի մնում»:

Դրա հետ մեկտեղ Կարեն Բաբուրյանի նամակում ափսոսանքով արձանագրվում է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 853 բանաձևի հիմքում, որտեղ միակողմանիորեն դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունները, ընկած է Ձեր զեկուցագրի նախագիծը: Դրանում անտեսված է ս.թ. հուլիս 23-ին Ձեզ հասցեագրված մեր նամակներում վերջին դեպքերին առնչվող փաստարկումները: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ոչ իննյակի երկրները, ոչ էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները ծանոթ չեն եղել այդ նամակի բովանդակությանը, Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումներին վերաբերվող անհերքելի տվյալներին, երբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը 1993թ. հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին գնդակոծվեց հեռահար հրետանուց և հրթիռներով, իսկ Ասկերանի շրջանի բնակավայրերը ենթարկվեցին օդային ռմբակոծումների: Այդ փաստերը հավաստել էին նույն օրերին Լեռնային Ղարաբաղում եղած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն նրանց վկայությունները նույնպես հաշվի չառնվեցին: Դուք, պարոն նախագահ, փորձեցիք համաշխարհային ընկերակցությանը համոզել, թե ղարաբաղյան կողմը Ձեզ մոլորության մեջ է գցել, հայտարարելով, որ  Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհը իբր ականապատված է և որ ինքը հարձակվելու մտադրություն չունի: Սակայն հուլիսի 22-ին այդ ճանապարհի հատվածներից մեկում ղարաբաղցիների պաշտպանությունը ճեղքելու փորձ արած ադրբեջանական բանակի T-72 երկու տանկերի և հետևակի մարտական մեքենայի ականներին բախվելը միայն հաստատեց մեր պնդումների ճշմարտացիությունը: Մնում է միայն գուշակել, թե քանի խաղաղ բնակիչ կհայտնվեն այդ տանկերի թրթուրների տակ, եթե ճանապարհն ականապատված չլիներ»:

Այնուհետև Կարեն Բաբուրյանը նամակով ասում է.

«Այն տպավորությունն է ստեղծվում, թե լինելով հաշտության խորհրդաժողովի նախագահ, դուք ձեր հանձնարարականներում առաջարկում եք պատժիչ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որի միակ ցանկությունը իր հողի վրա հանգիստ ապրելն է: Առանձնակի ափսոսանք է հարուցում այն հանգամանքը, որ Մինսկի խումբը պատշաճ կերպով չպաշտպանեց հակամարտ կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական կապերը, թեև Ստեփանակերտում Ձեր գտնվելու ժամանակ մենք Ձեզ խնդրել էինք օգնել ԵԱՀԽ հովանու ներքո նման կապերի հաստատմանը: Հատկանշական է, որ սեփական նախաձեռնությամբ մեզ հետ անմիջական կապ հաստատած ադրբեջանական կողմը սկսել է հաշտության այդ ամենակարճ ճանապարհից, խրախուսվելով Ձեր զեկուցագրից և դրա հիման վրա ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի թիվ 853 բանաձևից: Մենք հույս ունենք ձեզնից պարզաբանումներ ստանալ ձեր դիրքորոշման առիթով, որոնք մեզ թույլ կտան կողմնորոշվել հետագա համատեղ քայլերի նպատակահարմարության  հարցում»:

Սնարք

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives