April 16, 2024

Ղարաբաղը ճշտում է դիրքորոշումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը նամակ է հղել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիին, ուր հաստատում է վերջինիս նամակի եւ կից ժամանակացույցի նոր տարբերակի ստացումը։ Նամակում ափսոսանք է հայտնվում, որ նոր տարբերակում եւս հաշվի չեն առնված ԼՂՀ առաջարկներն ու դիտողությունները։ Այս անգամ էլ ամբողջովին անտեսված է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը, չկա հստակ մեխանիզմ, որ կկանխեր ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը կարող է դրդել Ադրբեջանին նոր ագրեսիայի։ Տրանսպորտի եւ կապի այլ միջոցների ապաշրջափակման ժամկետները նույնպես վիճելի են։

«Ապաշրջափակումը, մեր կարծիքով, ժամկետով պետք է համընկնի Աղդամի շրջանից ղարաբաղյան զորամիավորումների դուրսբերմանը։ Նոր տարբերակում անհասկանալի պատճառներով անհետացել է «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը, ինչը բնականաբար անընդանելի է մեզ համար»,– ասված է նամակում։

Այնուհետեւ Կարեն Բաբուրյանը նշում է, որ ոչնչով հիմնավորված չէ համադրող խորհրդում նոր «շահագրգիռ» ներկայացուցիչներ ներգրավելու գաղափարը, եւ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ուղիղ շփումներ են իրականացվում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց միջեւ, որոնց ընթացքում էլ պետք է փորձ արվի գտնել ռազմական գործողությունների դադարեցման առավել ընդունելի տարբերակը։

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԽ Մինսկի խմբին՝ չանտեսել իրողությունները եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության լիիրավ կողմ, ինչը շատ խոչընդոտներ կվերացնի խաղաղության ճանապարհին։

Մենք հույս ունենք, պարոն նախագահ, որ Դուք պատշաճ ընկալումով կվերաբերվեք ԼՂՀ դիրքորոշմանը եւ կօգտագործեք բոլոր հնարավոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումն արագացնելու համար»,– եզրափակում է նամակը Կարեն Բաբուրյանը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives